Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պետք է տեղի ունենար Շանթ Հարությունյանի և մյուսների գործով բողոքի քննության վերջին նիստը: Նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը ասաց, որ միջնորդություն ունի ներկայացնելու պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը, որից հետո դատարանը կգնա խորհրդակցական սենյակ:
Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ վատառողջ է, դատավորը փորձեց հստակեցնել, թե արդյոք քրեակատարողական հիմնարկից համապատասխան տեղեկանք տրվել է ամբաստանյալի առողջական վիճակի վերանբերյալ, Շանթ Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Դե մենք ի՞նչ իմանանք, Դուք վատառողջ եք, թե՝ չէ»,- ասաց դատավորը՝ փաստաբանին խնդրելով հրապարակել միջնորդությունը, սակայն Ինեսսա Պետրոսյանը համառեց, որ իր պաշտպանյալի առողջությունը չի ներում ներկա գտնվել նիստին:
Դատարանը որոշեց շտապօգնության մեքենա կանչել՝ ստուգելու և հարկ եղած դեպքում համապատասխան օգնություն ցուցաբերելու ամբաստանյալին. «Որից հետո մենք կգնանք խորհրդակցական սենյակ, իսկ Դուք կկարողանաք զբաղվել Ձեր առողջությամբ»,- դիմելով Շանթ Հարությունյանին ասաց Արշակ Խաչատրյանը՝ հայտարարելով ընդմիջում: Շտապօգնության մեքենան արդեն եկել է:
Գևորգ Թոսունյան