Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Շանթ Հարությունյանը հեռացվեց նիստերի դահլիճից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով  դատաքննության ժամանակ հարցաքննվեցին գործով վկաները:

Ոստիկան Արտակ Ավետիսյանը  պատմեց, որ Նոյեմբերի 5-ին գտնվում էր Բայրոն փողոցում և պատրաստում էր սպասարկել տեղի ունեցող երթը: Ժամը 17:00 –ի կողմերը հանձնարարական է ստանում մոտենալ Մաշտոցի պողոտա:

«Մոտենալու ժամանակ պայթյուններ լսեցինք: Մոտեցանք, նկատեցինք ՃՈ մեքենա, որի մոտ քաղաքացիական հագուստով մի անձի էին ծեծում` ասում էին` ոստիկան ա ծեծեք: Հոծ գծի ու մայթի միջնամասում էր վայր ընկել: Արյունոտ էր»:

Պաշտպանական կողմի այն հարցին, թե ինչպե՞ս իմացաք, որ ոստիկան է` պատասխանեց. «Ոստիկանական այլ ծառայությունների ժամանակ իր հետ շփում էի ունեցել ու գիտեի, որ ոստիկան է, բայց թե ո՞վ է չգիտեմ, չեմ ճշտել»

Վկայի խոսքով` ակցիայի մասնակիցներից առանձնանում էր զինվորական համազգեստով մեկը, ով ևս ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանին:

«Մոտեցանք իրեն, հարվածողներից առանձնացրինք ու տարանք դեպի մայթ: Հետագայում պարզվել է, որ զինվորական համազգեստով քաղաքացին ամբաստանյալ Վարդան Վարդանյանն է: Բացի դրանից կար սպորտային համազգեստով մի երիտասարդ, ով ինչ-որ բան էր գցում ոստիկանների ոտքերի տակ: Դրանցից բոց ու  շատ ուժեղ ծուխ էր դուրս գալիս:  Հետո իմացա, որ այդ անձը Ավետիս Ավետիսյանն է»:

Այնուհետ վկան մոտեցել է ոստիկաններից մի քանիսին, ովքեր փորձել են ձեռնաշղթաներ հագցնել Ավետիս Ավետիսյանին: Հենց այդ ժամանակ էլ նկատել է զինվորական համազգեստով քաղաքացուն. «Մոտեցա նրան, առանձնացրի ընդհանուրի միջից , ուղեկցեցի մինչև մայթ ու ձեռքը ոլորելով նստեցրի  մեր պարեկային ավտոմեքենան: Իրեն տարան, իսկ ես շարունակեցի իմ ծառայությունը»:

Վկայի ցուցմունքի ժամանակ Շանթ Հարությունյանը բռնկվեց` հայտարարելով, որ վերջինս սուտ ցուցմունք է տալիս:

Դատավորը սանկցիա կիրառեց` Շանթ Հարությունյանին հեռացնելով նիստերի դահլիճից:

Հայտարարվեց կես ժամ ընդմիջում:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել