Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Շանթի և մյուսների» գործով այսօր դատավորը որոշման օրը սխալմամբ նշանակեց հունվարի 2-ին

Վերաքննիչ քրեական դատարանում «Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով, այսօր` հունվարի 30-ին, Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և անչափահաս Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի արձանագրությունը ներառել քրեական գործում:

Հիշեցնենք՝ 2014թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելով Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: Այցի օրերին նա ելույթով է հանդես եկել` անդրադառնալով Շանթ Հարությունյանին: Նախագահը նշել է, որ նա և իր ընկերները հանցագործություն են կատարել և պետք է դատապարտվեն:

«Խնդրում եմ դատարանին, որպեսզի այդ կրիչը վերարտադրվի և հետազոտվի որպես ապացույց»,- նշեց փաստաբանը: Մեղադրողը առարկեց՝ ասելով, որ կրիչում առկա տեսանյութը որևիցե կերպ չի հիմնավորում ամբաստանյալների առնչությունը հանցագործության հետ:

Վերաքննիչ դատարանը որոշեց մերժել Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը, որից հետո փաստաբանը միջնորդեց Սերժ Սարգսյանին հրավիրել դատարան՝ հարցաքննելու. «Ակնհայտ է, որ երկրի նախագահի կարծիքը, դիրքորոշումը առաջին ատյանի դատարանի համար ունեցավ վճռական հիմք, որպեսզի կայացվի դատավճիռ: Թող նա ներկայանա դատարան ու պարզաբանի իր խոսքերը»,- նշեց տիկին Պետրոսյանը: Մեկ այլ փաստաբան Արա Զաքարյանը միացավ միջնորդությանը՝ հավելելով, որ դատարանի որոշումից է կախված այն հարցի պատասխանը, թե ինչքանով է Վերաքննիչ դատարանն անկախ իշխանությունից:
Մեղադրողն առարկեց. «Ըստ էության, սա նույնաբովանդակ միջնորդություն է և որևէ կերպ չի առնչվում գործին»,- նշեց դատախազը:

Դատարանը կրկին մերժեց միջնորդությունը: Հերթական միջնորդությամբ հանդես եկավ Շանթ Հարությունյանը, նրա միջնորդությունը վերածվեց քաղաքական հայտարարության, նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանն ամեն կերպ փորձում էր դադարեցնել նրա գործողությունները՝ հորդորելով նստել, սակայն Շանթ Հարությունյանը շարունակում էր իր հայտարարությունը՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին. «Էս ինչ հիվանդություն էր, որ սկսել է կռիվ անել»,- զայրացած ասաց Արշակ Խաչատրյանը:

Մի քանի րոպե տևեց դատավորների և Շանթ Հարությունյանի վիճաբանությունը, Արշակ Խաչատրյանին այդպես էլ չհաջողվեց լռեցնել ամբաստանյալին, ընդհանուր աղմուկի մեջ նա հայտարարեց դատաքննության ավարտ, նշեց, որ գնում են խորհրդակցական սենյակ, որոշման հրապարակումն էլ սխալմամբ նշանակեց հունվարի 2-ին:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել