Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով Արա Զաքարյանը դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ Հարությունյան և ընկերները» դատական նիստի ընթացքում գործով ամբաստանյալ Գեղամ Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանն իր պաշտպանական ճառով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Ժողովրդի խոսքով ասած՝ «գործի քավորին» հաջողվել է ապատեղեկացնել մեր երկրի նախագահին, քանի որ մեր երկրի նախագահի կողմից արված մեկնաբանությունները հենց այդ մասին են վկայում»:

Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: Այցի օրերին նա ելույթով է հանդես եկել` անդրադառնալով Շանթ Հարությունյանին՝ նշելով, որ նա և իր ընկերները պետք է դատապարտվեն, քանի որ հանցագործություն են կատարել:

Արա Զաքարյանը նկատի ունենալով այս հայտարարությունը` դիմեց ՀՀ նախագահին. «Եթե ոմանց հաջողվել է ապակողմնորոշել Ձեզ այն աստիճան, որ Դուք այլ կերպ չեք նայի խնդրին, ապա դժվար է ՀՀ-ում գտնել այլ պաշտոնյայի, որ Ձեր կամքին հակառակ կգնա: Հուսով եմ, որ Դուք ցանկանում եք բարեփոխել դատական համակարգը: Հուսով եմ, որ սույն գործի հանգամանքներին մանրակրկիտ ծանոթանալուց հետո Ձեր տեսակետը կփոխեք, դրանով իսկ թույլ տալով դատարանին կայացնել արդարադատություն»,- ասաց պաշտպանը՝ անդրադառնալով ոստիկանների ցուցմունքներին. «Եվրոպական դատարանի չափանիշների լույսի ներքո գնահատենք իրավիճակը: 2013 թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը և իր համակիրները իրականացրել են խաղաղ հավաք, որը վերածվել է երթի: Ոստիկանները դատարանում ցուցմունք տալով նշել են, որ հավաքը անօրինական էր, անցնում էր 100-ը: Քննչական մարմինը դատարանին չներկայացրեց որևէ այլ ապացույց, որով կարող էր հաստատվել ոստիկանների դիրքորոշումը: Հարգելի նախագահ, եթե սույն դատարանին հնարավորություն լինի առաջնորդվել օրենքով, ապա նա չի կարող առաջնորդվել ոստիկանների ցուցմունքով: Այն, որ հավաքի մասնակիցների թիվը չի գերազանցել հարյուրը, հաստատում է նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով չի դիմել բարձրախոսով: Եթե ոստիկանները երթի մասնակիցներին իրականում զգուշացրած լինեին, որ նրանք դուրս չգան փողոցի երթևեկելի մաս, ապա դա պետք է հաստատված լիներ տեսանյութով, սակայն տեսանյութը ամենևին էլ նրանց օգտին չէր խոսում: Դատարանում հետազոտված տեսանյութում երևում է, որ Մաշտոցի պողոտան կարճ ժամանակահատվածում բացվել էր, ոստիկանները երթի մասնակիցներին ուղղորդել էին այդ հատվածը, բացի այդ մոտ տաս քաղաքացիական անձինք այնտեղ էին: Տրամաբանական հարց է առաջանում, ինչո՞ւ պետք է ոստիկանները սխալ ցուցմունքներ տային: Հարգելի նախագահ, եթե ոստիկանությունը ցանկանար ապացուցել, որ երկիրը քառակուսի է, համոզված եղեք, որ կհայտնվեին դա հաստատող ոստիկաններ»,- ասաց պարոն Զաքարյանը:

Այնուհետև փաստաբանն անդրադարձավ իր պաշտպանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքին. «Տեսանյութը դիտելիս պարզվեց, որ երթի մասնակիցները դուրս են եկել երթևեկելի մաս, գործով տուժող Գեղամ Խաչատրյանը մոտեցավ ու քաշեց Շանթ Հարությունյանի թիկունքը, ինչը նա դիտեց, որպես իր արժանապատվությունը ոտնահարող հանգամանք, ինչն էլ հանգեցրեց երթի խախտմանը: Չի կարելի ոստիկանության կողմից մեղմ ասած սխալները փորձել ցույց տալ որպես իրավաչափ գործողություններ: Այլ կերպ ասած գործի փաստերով հիմնավորվեց, որ ոստիկանության գործողությունները չեն հետապնդել Կոնվենցիայով իրավաչափ նպատակ: Մեր պաշտպանյալների գործողություններն ուղղված են եղել խաղաղ հավաքի իրականացմանը: Անդրադառնալով խուլիգանության մեղադրանքին՝ նշեմ, որ իմ պաշտպանյալների գործողություններում չեն կարող լինել խուլիգանության մղումներ, չի կարող համարվել խուլիգանություն: Տիգրան Պետրոսյանի մեղադրանքը չհիմնավորվեց դատաքննության ընթացքում»:

Փաստաբանը մեջբերեց ոստիկանների ցուցմունքներից հատվածներ՝ մեկնաբանելով դրանք. «Իմ պաշտպանյալը գործով տուժող ոստիկան Արա Մարտիրոսյանին միայն հրել է, ընդ որում՝ դա արել է այն ժամանակ, երբ առանց որևէ անհրաժեշտության ոստիկանները Շանթ Հարությունյանին տապալեցին գետնին, այդ գործողությունը ուղղված էր Շանթին պաշտպանելուն: Գեղամ Խաչատրյանին և Արա Մարտիրոսյանին հրելու և ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքը նույնպես չապացուցվեցին»:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել