«Շանթ Հարությունյանի և ընկերներ»-ի դատական գործով նիստ այսօր ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը միջնորդեց դատարան հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ցուցմունք տալու համար: Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում անդրադարձել է այս գործին՝ նշելով, որ ամբաստանյալները պետք է դատապարտվեն. «Ես միջնորդում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել դատարան՝ գործի վերաբերյալ փաստերը պարզելու և մեզ առաջադրած մեղադրանքը հիմնավորելու համար»,- նշեց նա:
Արմեն Հովհաննիսյանը նաև անդրադարձավ իր հանդեպ առաջադրած մեղադրանքին՝ անելով քաղաքական հայտարարություններ. «Ես մասնակցել եմ արժեքների հեղափոխությանը: Ես շուրջ 20 տարի ծառայել եմ Զինված ուժերում, պարգևատրվել եմ տարբեր հուշամեդալներով, ես քաղբանտարկյալ եմ, հալածվում եմ Հայաստանի իշխանության կողմից: Հայաստանում կա մեկ ընդդիմություն, այդ ընդդիմությունը գտնվում է այս դահլիճում և նստած է ամբաստանյալի աթոռին: Ես դիմում եմ բոլոր լրագրողներին, իմ քաղաքական հայացքների պատճառով իմ ընտանիքի անդամներին վտանգ է սպառնում: Եթե ինձ ու իմ ընտանիքի անդամներից որևիցե մեկի հետ ինչ-որ բան կատարվի, նշանակում է, որ սա իմ քաղաքական հայացքների արդյունքն է: Պարոն դատավոր, դատախազը իր գործն արեց, մնում է դուք ձեր քայլով հաստատեք, որ մեր երկրում արդարադատության գոյություն չունի»,- եզրահանգեց նա:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից երեքը չէին նախապատրաստել իրենց պաշտպանական ճառերը: Հաջորդ նիստը կլինի հոկտեմբերի 17-ին: