Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի, նրա ընկերների և գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի միջև վիճաբանություն սկսվեց:
Ոստիկան Գեղամ Խաչատրյանը ցուցմունք էր տալիս, երբ ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, հարց տվեց ոստիկանին. «Խնդրում եմ ասեք` դուք բարձրախոսով դիմե՞լ եք երթի մասնակիցներին ու ասել, որ եթե ցանկություն ունեք փողոցն անցնելու, խնդրում ենք 20 մետր վերևի հատվածից անցեք»:
Ոստիկանն ասաց, որ բարձրախոսով չի դիմել, քանի որ Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները թույլ չեն տվել, որ բանը հասնի դրան: Այդ խոսքից հետո իրարանցում սկսվեց դատարանում. Շանթ Հարությունյանը վեր կացավ տեղից` ասելով, որ ոստիկանը զրպարտում է իրեն:
«Ասում եմ էն, ինչ եղել ա, քեզ նորմալ պահի, դեմդ ոստիկան ա կանգնած»,- հավելեց Գեղամ Խաչատրյանը:
Դատարանում հնչեցին փոխադարձ մեղադրանքներ և դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դատարանում կարգ ու կանոն հաստատելու նպատակով, հայտարարեց 30 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո դատավորը հրապարակեց որոշում՝ ըստ որի Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվում է դատավարական սանկցիա՝ նախազգուշացման ձևով, դատական կարգը խախտելու համար:
Արև Ավագյան
Իրավաբան.net