Եղել է, որ նախկին դատապարտյալը հանդիպել է ինձ ու շնորհակալություն հայտնել կյանքը փրկելու համար․ Շիրակի մարզի դատախազ

Հարազատ, բարեկամների մի մասը նեղսրտած են, սակայն արդեն գիտեն, որ Կարեն Գաբրիելյանին աշխատանքի վերաբերյալ խնդրանքներով դիմելն անօգուտ է։ Մեզ հետ զրույցում Շիրակի մարզի դատախազը պատմել է իր աշխատանքի դժվարությունների, հաջողությունների, ընտանիքի մասին։ Նրա հետ զրուցել ենք Իրավաբան.net-ի  «Հայաստանի դատախազները» նոր շարքի շրջանակներում։

Պարոն Գաբրիելյան, ինչպե՞ս որոշեցիք իրավաբան դառնալ։

-Իմ պարագայում դա եղել է ինչպես իմ, այնպես էլ ծնողներիս, առավել ևս պապիս երազանքը։ Եվ այդ երազանքն իրականացնելու համար փորձել եմ դպրոցում աչքի ընկել բարձր առաջադիմությամբ  և ընդունվել եմ մասնագիտացված բուհ։ Բուհն ավարտելուց և բանակում ծառայելուց հետո նշանակվել եմ քննիչի պաշտոնում։ 2007 թվականից 2013 թվականը աշխատել եմ քննչական ստորաբաժանումում՝ քննիչ, հատուկ կարևորագույն գործերով քննիչ, քննչական բաժնի պետի տեղակալ․․․

-Իսկ ինչու՞ որոշեցիք դատախազական համակարգում շարունակել Ձեր կարիերան։

-Ճիշտն ասած, քննիչ աշխատելու ժամանակահատվածում  դատախազի աշխատանքը ինձ հրապուրեց։ Ես ինձ տեսնում էի դատախազական համակարգում։ Նաև սիրում եմ դատարանում հանդես գալ որպես մեղադրանքի կողմ՝ համապատասխան ճառերով ․․․

-Դատախազներին հաճախ չեն սիրում հենց մեղադրական ճառերի համար։

-Դե, բնականաբար, կարծում եմ, որ հանցագործ վարքագիծ դրսևորող անձանց ճակատագրի վրա նաև այդ ճառերն են ազդում։

-Իսկ Ձեր օրն ի՞նչ աշխատանքներով է սկսվում։  

-Առօրյան սկսվում է այդ օրվա աշխատանքները պլանավորելով և հանձնարարություններ տալով։  Ինչպես դատախազների, այնպես էլ քննիչների հետ  կոնկրետ գործերն ենք քննարկում, տալիս եմ անհրաժեշտ հանձնարարականները։ Նաև այդ քննարկման արդյունքում առաջ են քաշվում հանցագործությունների բացահայտմանն ուղղված վարկածներ։ Քննարկում և լուծում են տրվում  դատախազության այլ տիրույթում գտնվող  հարցեր։

-Ձեր աշխատանքի դժվարությունների մասին կխոսե՞ք։

-Բարձր մասնագիտական որակներով օժտված դատախազը, իմ կարծիքով,  երբեք չի կարող հանդիպել այնպիսի դժվարությունների ու խնդիրների, որոնք կլինեն անլուծելի։  Հանդիպած  խնդիրներին լուծում կտրվի օրենսդրությամբ  սահմանված կարգով՝ միանշանակ ապահովելով անձի, հասարակության, պետության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։

Դատախազի դժվարին և գրեթե լուծում չունեցող խնդիրներն, իմ կարծիքով, ընտանիքին ու հարազատներին ժամանակ չտրամադրելն է, նրանց խնդրանքները մերժելը, պարբերաբար ընտանիքի հոգսնուդարդը երկրորդ պլան մղելը, առողջությանը չհետևելը։ Սակայն նման զրկանքները կոնկրետ ես, կարծում եմ նաև դատախազության համակարգի մյուս աշխատակիցները կրում ենք հպարտությամբ՝ ի շահ պետական համակարգի և դատախազության հեղինակության բարձրացման։

Նշեմ, որ Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների կողմից մեծ աշխատանքներ են կատարվել, գրանցվել են մեծ արդյունքներ։ Դրանց դատախազությունը հասել է գիշերուզօր աշխատանքներ կատարելով։ Ունենք դատախազներ, որոնք ծանրաբեռնված լինելու պատճառով, նվիրվելով իրենց աշխատանքին, նույնիսկ չեն ամուսնացել, իրենց ընտանիքը չեն կազմել։

-Իսկ նախորդ տարի՝ 2017 թվականին ի՞նչ արդյունքներ եք ունեցել։ Գյումրին քրեական պատմություններով է բավականին հայտնի։

-Ես համաձայն չեմ դրա հետ․ վերջին շրջանում Գյումրիում չեն արձանագրվել այնպիսի դեպքեր, որոնք հասարակության կողմից հնչեղություն ստացած լինեն։

Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա, նախ նշեմ, որ գաղտնիք չէ՝ դատախազի լիազորությունները չեն սահմանափակվում միայն դատարանում մեղադրանքները պաշտպանելով, մեծածավալ աշխատանքներ են կատարվում՝ ամենօրյա վերահսկողություն է կատարվում մեղադրանքից մինչև պատժի կամ հարկադրանքի միջոցների կիրառումը։ Դատախազը նաև լայն լիազորություններ ունի  պետական շահերի պաշտպանության ոլորտում, նախորդ տարի միայն պետական շահերի պաշտպանության ուղղությամբ գործունեության արդյունքում վերականգնվել է մոտ 30 միլիոն դրամի վնաս:

2017 թվականին  81 քրեական գործ է հարուցվել, Շիրակի մարզի դատախազների կողմից 223 գրավոր ցուցումներ են տրվել կոնկրետ քննչական կամ դատավարական գործողություններ կատարելու համար։  Օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար 56 քննիչի վերաբերյալ որոշումներ են կայացվել  քրեական դատավարությունից հեռացնելու մասին։ Բացի դրանից, քրեադատավարական խախտումներ թույլ տալու համար հետաքննիչների և քննիչների հանդեպ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 43 միջնորդություն է ներկայացվել։ Դրանք մեծամասամբ քննարկվել են վերադասների կողմից և շատ դեպքում արձանագրվել է նրանց կողմից խախտում կատարելը, և ենթարկվել են տույժի։ Այն դեպքում երբ չեն ենթարկվել, փաստվել է նրանց կողմից կատարված խախտումը, պատասխան գրություններով արձանագրվել է, որ միջոցներ կձեռնարկեն նման երևույթները բացառելու համար։

Իհարկե, բոլոր աշխատանքները, դատախազական ակտերը չթվարկվեցին՝ քրեական գործ հարուցելու որոշումները վերացնելու, վարույթը կարճելու, վարույթը կասեցնելու, և այլն։

-Իսկ կոռուպցիոն հանցագործությունների մասով ի՞նչ տվյալներ կան։

-Կոռուպցիոն հանցագործությունների մասով 2017 թվականի ընթացքում նախապատրաստվել է 45 նյութ, որից 30-ով հարուցվել է քրեական գործ, դրանցից 12-ը հարուցվել է դատախազների կողմից։

Պետական շահերի պաշտպանության հարցերով դատախազների կողմից 149 ուսումնասիրություններ են կատարվել, վերականգնվել է պետությանը պատճառված 25 միլիոն դրամ նյութական վնասը։ Այս պահին 4 հայց է ներկայացվել դատարան՝ 19 միլիոն դրամի չափով վնասը վերականգնելու պահանջով։

-Պարոն Գաբրիելյան, վերջին շրջանում բավականին շատ են արդարացման դատական ակտերը։ Ըստ Ձեզ, սա ինչո՞վ է պայմանավորված։

-2017 թվականին Շիրակի մարզում  քննված 134 քրեական գործից միայն երկուսով է արդարացման դատական ակտ կայացվել։ Ընդ որում, դրանից մեկը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։  Այն արդարացման դատական ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտնում, գլխավոր դատախազի հանձնարարականով ուսումնասիրվում են, առերևույթ խախտում հայտնաբերվելու դեպքում վերադաս մարմնի կողմից ծառայողական քննություն է կատարվում։

Պետք է նշել, որ ապացույցների գնահատումը կարևոր է․ այն պետք է կատարվի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Գաղտնիք չէ, որ «ներքին համոզմունքը» սուբյեկտիվ, գնահատողական կատեգորիա է։ Դատախազը կարող է կոնկրետ գործով ձեռքբերված ապացույցները համարել բավարար անձին դատի տալու համար, իսկ դատավորը նույն ապացույցները հետազոտելով կարող է համարել, որ դրանք չեն հաղթահարում անմեղության կանխավարկածի շեմը և բավարար չեն անձի մեղավորությունը կատարած արարքի մեջ փաստելու կամ հաստատելու համար։ Ես այս ամենը դիտարկում եմ օրինաչափ և անհրաժեշտ պայման ժողովրդավար պետությունում արդարադատություն իրականացնելու համար։

-Պարոն Գաբրիելյան, Ձեր ընտանիքի մասին կպատմե՞ք։

-Կինս դպրոցում ուսուցչուհի է աշխատում։ Երկու երեխաներս սովորում են դպրոցում։ Նրանց կրթության, դաստիարակության հարցերով հիմնականում զբաղվում է կինս, ես, բնականաբար, ժամանակ չեմ ունենում։ Գնում եմ տուն, երեխաները քնած են, նրանց հետ շփվում ենք առավոտյան դպրոց գնալիս ու կիրակի օրերին։

-Ի՞նչ սկզբունքներով եք դաստիարակում նրանց։

-Ես իրանց ասել եմ, որ դպրոցում պետք է աչքի ընկնեն միայն լավ սովորելով ու դրական վարքով։ Ամենահամեստը լինեն, ոչ մեկից չպետք է տարբերվեն։

-Ձեր խոսքում ասացիք, թե հաճախ հարազատների, ընկերների խնդրանքները մերժվում են։ Ի՞նչ խնդրանքներ են դրանք։

-Խնդրանքները բազմապիսի են, որոնք իմ կողմից միշտ մերժվել են (օրինակ, որևէ մեկի օգտին գործողություն կատարել)․ և հարազատներ, և բարեկամներ, և ծանոթներ հասկացել են, որ իմ գործի բերումով որևէ խնդրանքով չեն կարող դիմել։ Սկզբնական շրջանում շատ էին նման  խնդրանքները, հետո հասկացան, որ նման խնդրանքները ինձ մոտ չեն անցնում։ Կան բարեկամներ, հարազատներ, որ այս պահին նեղացած կեցվածք ունեն, բայց ոչինչ, մի օր կհասկանան, նեղվածությունը կանցնի։

-Ձեր աշխատասենյակում բավականին շատ են սրբապատկերները։

-Ես Աստծուն շատ եմ հավատում, ես ամեն առավոտ իմ աշխատանքը սկսում եմ աղոթքով։ Աստված թող պահապան լինի բոլորիս։

-Այդ հավատը չի՞ խանգարում աշխատանքին։

-Ոչ։

-Մի քանի տարի առաջ մի աղմկահարույց գործ էր քննվում, և դատական նիստերից հետո դատախազն ուղղակի փախչում էր դատարանից հարազատների կողմից անեծքներ էին թափվում։ Ձեզ հետ եղե՞լ են նման դեպքեր։  

-Իմ աշխատանքի ընթացքում, իհարկե, նաև դժգոհությունների եմ արժանացել հարազատների, ամբաստանյալի կողմից։ Դրան վերաբերվել եմ նորմալ։ Նման դեպքերում կոչով եմ հանդես եկել, որպեսզի զսպվածություն դրսևորեն։ Որիշ ոչինչ, միայն կոչով եմ հանդես եկել։

-Պարոն Գաբրիելյան, իսկ եղե՞լ են դեպքեր, երբ փողոցում հանդիպել եք մարդուն, ով ազատազրկված է եղել Ձեր մեղադրանքի պաշտպանության հետևանքով։

-Եղել է, հանդիպել է, նույնիսկ շնորհակալություն է հայտնել։  Շիրակում ժամանակին տարածում ուներ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, այսպես ասած «բենզինը»։  Մեծ կանխարգելիչ նշանակություն էր ունեցել այդ անձին կալանավորելը, ազատությունից զրկելը։ Այդ թմրամիջոցների օգտագործումը բերում էր մահվան․ մեկ-երկու ամիս հետո մահանում էին։ Եվ դատապարտվելու արդյունքում մահից էր փրկվել։

-Իսկ եղե՞լ է, որ հանդիպել եք, կոնֆլիկտ է եղել։

-Եղել է, տեսել են, հասկացել եմ, որ դժգոհություն ունեն, բայց չեն արտահայտվել, դեմքից եմ զգացել եմ․․․

-Հոգեբանորեն դժվար է, չէ՞։

-Իհարկե, դժվար է, բայց մեր աշխատանքն է։ Մենք մեր աշխատանքը կատարում ենք մեծ հպարտությամբ։

Իրավաբան.net-ը հարցազրույցների շարքն անցկացնում է Գլխավոր դատախազության համագործակցությամբ:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները՝ Հայկ Կարապետյանի
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել