Վայոց ձորի մարզի դատախազությունում ամեն ինչ արվում է՝ դատախազական ընթացիկ հսկողությամբ հարթելու բոլոր թերություններն ու բացթողումները, ապահովելու լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություններ: Իրավաբան.net–ը «Հայաստանի դատախազները» շարքի շրջանակներում հարցազրույց է անցկացրել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանի հետ` զրուցելով մարզում տիրող իրավիճակի, դատախազի գործունեության մասին։
– Պարոն Ավետիսյան, 2020 թվականից զբաղեցնում եք Վայոց ձորի մարզի դատախազի պաշտոնը։ Կրիմինալ առումով ի՞նչ առանձնահատկություններ ունի մարզը, ի՞նչ խնդիրներ կառանձնացնեիք:
– Վայոց ձորի մարզը կրիմինալ առումով քիչ է տարբերվում մյուս մարզերից և հիշատակման արժանի խնդիրներ չկան:
Տարիներ շարունակ մարզում հանցավորության վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձր է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը, մինչդեռ որպես դրական առանձնահատկություն կարելի է նշել մարզի բնակչության՝ կրիմինալ վարքագծի հակվածություն չունենալը և մարզի աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ արձանագրված հափշտակությունների գերակշիռ մասը շրջիկ անձանց կողմից կատարված լինելը: Որպես էական և դրական առանձնահատկություն կարելի է հիշատակել այն, որ ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշռում ցածր են առավել վտանգավոր համարվող՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները, թեև 2021թ. արձանագրվել է այդ դեպքերի աճ, որոնք, սակայն, ամբողջությամբ բացահայտվել են, ինչը համանման դեպքերի կրկնվելը բացառելու գործուն երաշխիքն է:
– Ինչպե՞ս կգնահատեք դատախազության աշխատանքի հրապարակայնությունը, թափանցիկությունը։ Վայոց ձորի դատախազության աշխատանքների վերաբերյալ, կարծես թե, հրապարակումներն այդքան էլ շատ չեն։
– Վայոց ձորի մարզի դատախազությունը սեփական նախաձեռնությամբ իր կատարած աշխատանքի արդյունքները հրապարակելու ուղղությամբ հնարավոր է ակտիվ չի եղել: Սակայն դա պայմանավորված է նրանով, որ որպես կանոն, չեն արձանագրվում այնպիսի արտառոց, կամ հանրային հնչեղության տեսանկյունից ուշագրավ իրադարձություններ, որոնց հատուկ անդրադառնալու անհրաժեշտություն է առաջանում: Սակայն կատարված բոլոր հարցումներին, որոնք իհարկե չեն վտանգել մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, տրվել են սպառիչ պատասխաններ: Բացի այդ, մեզ համար էականը ոչ այնքան հրապարակայնությունն է՝ հաշվի առնելով քրեական հետապնդման մարմին լինելու կարգավիճակից բխող օբյեկտիվ իրողությունները, որքան մարզի ազգաբնակչության վստահությունն ունենալը և պահպանելը: Իսկ այս տեսանկյունից, կարծում եմ՝ կարևոր չափորոշիչ է մարզի դատախազության քաղաքացիներից ստացվող դիմումների, ինչպես նաև ընդունելությունների դինամիկան: Ըստ այդմ, օրինակ, եթե 2020 թվականին մարզի դատախազությունում ստացվել էր քաղաքացիների 83 դիմում, ապա 2021թ-ին՝ 110 դիմում, կամ 32%-ով ավելի: Ստացված 110 դիմումից 100-ը վերաբերվել է դատախազական գործունեության ոլորտներին. քրեական հետապնդման հարուցման հարցերով` 40, հետաքննության և նախաքննության հարցերով` 57, մեղադրանքի պաշտպանության հարցերով` 2, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման հարցերով՝ 1 դիմում:
Եթե ստացված դիմումներից 36-ը մերժվել է, ապա 26-ով տրվել է կոնկրետ պարզաբանումներ, իսկ 46-ն ուղարկվել է այլ մարմին՝ քննարկման։
Բացի այդ, կազմակերպվել է 17 քաղաքացու ընդունելություն, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 54%-ով: Ընդ որում՝ դրանցից 14-ը կազմակերպվել է դատախազի նախաձեռնությամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու /կամ դադարեցնելու/ մասին կայացվող որոշման հիմքերն ու իրավական շարժառիթները պարզաբանելու, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգի առկայությունը գնահատելու նպատակով:
– Վայոց ձորը ամենափոքր բնակչություն ունեցող մարզն է ՀՀ-ում։ Ի՞նչ իրավիճակ է գրանցվել մարզում և ի՞նչ պատկեր ունենք հանցագործությունների թվի, բացահայտման ցուցանիշի վերաբերյալ՝ նախորդ տարվա համեմատ։
– 2021 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզում արձանագրվել է հանցագործության 303 դեպք` նախորդ տարվա 203 դեպքի դիմաց: Այսինքն, դեպքերն աճել են 100-ով կամ 49,3%-ով: Բացահայտումը` ըստ վարույթում գտնվող հանցագործությունների, կազմել է 77,6%, նախորդ տարվա 70,4%-ի դիմաց:
– 2018 թվականից հետո մեծացել է ուսումնական հաստատություններում կատարված հանցագործությունների բացահայտման դեպքերը։ Ինչպիսի՞ պատկեր է Վայոց ձորի մարզում։
– Վայոց ձորի մարզում ևս 2018 թվականից սկսած մեծացել է ուսումնասկան հաստատություններում կատարված հանցագործությունների դեպքերի բացահայտումը: 2018-2021թթ. ընթացքում արձանագրվել է նման 15 դեպք:
Ընդ որում՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2019 թվականից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառվածության վերաբերյալ, որոնց արդյունքում ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ մասնավորապես պահակի, լաբորանտի, հավաքարարի, դռնապանի, ընդհուպ ուսուցչի և փոխտնօրենի հաստիքներին նշանակված անձանց կողմից 2007 թվականից մինչև 2019 թվականի տարբեր ժամանակահատվածներում տևական ժամանակով /10 օրից մինչև մի քանի ամիս/ աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների հսկողության ներքո նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, 2 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է համաներման ակտի կիրառման, 5 դեպքում վաղեմության ժամկետներն անցնելու, հիմքերով:
Նշված բոլոր առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 2.832.128 ՀՀ դրամ: Դպրոցների նախկին և գործող տնօրենների կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:
– Կոռուպցիոն դրսևորումներից կամ ռիսկերից պետական մարմինները զերծ չեն: Ինչպե՞ս եք պայքարում մարզի դատախազությունում այս արատավոր երևույթի դեմ։
Մարզի դատախազությունում այդ արարտավոր երևույթի դեմ պայքարի հատուկ մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն չկա, որովհետև մարզի դատախազության դատախազները որպես այդ երևույթի դեմ պայքարի առաջամարտիկներ՝ գիտակցաբար իրենք չեն կարող մաս կազմել համանման արարքների: Սա հստակ և սկզբունքային մոտեցում է առհասարակ ամբողջ դատախազական համակարգի համար: Երբևէ մարզի դատախազությունում նման դեպքեր չեն գրանցվել, սակայն 2021թ. արձանագրվել է մարզի քրեական հետապնդման մարմիններին, այդ թվում նաև դատախազությանը կաշառք տալու պատրվակով խարդախության մեկ դեպք, ինչը դատախազության ակտիվ միջամտության արդյունքում անհապաղ գրանցվել և ընթացք է ստացել:
– Ինչպիսի՞ն է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մարզում։
– 2020 թվականի 41 դեպքի դիմաց մարզի քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվող գործերով և նյութերով 2021 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 25 դեպք, այսինքն, այդ բնույթի դեպքերը նվազել են 16-ով, իսկ արձանագրված կոռուպցիոն դեպքերի բացահայտումը կազմել է 100%:
Կոռուպցիոն դեպքերի նվազումը հիմնականում պայմանավորված է պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով հափշտակության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի էական նվազմամբ։
Պետք է նշեմ, որ 2021թ. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գրանցված դեպքերի աճին որոշակիորեն նպաստել էր Վայոց ձորի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով կատարված ուսումնասիրությունը: Միայն դրա արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախապատրաստվել էին 21 նյութեր:
Բացի այդ, կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի էական նվազմանը վստահաբար նպաստել է նախորդ տարիներին արձանագրված դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով և քննված քրեական գործերով վեր հանված, այդ հանցագործություններին նպաստած պատճառների և պայմանների ուսումնասիրությունները և դրանց արդյունքներով պատկան մարմինների ներկայացված միջնորդագրերը: Ընդ որում` հաշվետու տարում արձանագրված հանցագործությունների գերակշիռ մասը կատարվել է նախորդող տարիներին: Այսինքն զգոնությունն զգալիորեն բարձրացել է:
– Պետական շահերի պաշտպանության ոլորտում ինչպիսի ուսումնասիրություններ են իրականացվել մարզի դատախազության կողմից, դրանց արդյունքում խախտումներ հայտնաբերվել են արդյոք և ինչ է արվել այս ուղղությամբ:
– Պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակում մեր կողմից կատարվել է ոլորտային 2 ուսումնասիրություն: Դրանք վերաբերել են Վայոց ձորի մարզի վարչական տարածքում ընդերքօգտագործողների կողմից ընդերքի մասին ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված պարտավորությունների գործընթացում պետական շահերի պաշտպանության, ինչպես նաև ապաստարանների վիճակին: Ուսումնասիրությունների արդյունքներով պետական շահերի խախտումներ չեն հայտնաբերվել:
Դրանից զատ, 2021 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում քրեական դատավարության կարգով հարուցվել է 2 հայց` հանցագործությամբ պետությանը պատճառված 3.025.000 ՀՀ դրամ գույքային վնասը պատասխանողներից բռնագանձելու պահանջի վերաբերյալ, որոնց քննությունը դեռևս չի ավարտվել:
– Զգալի է դատախազական համակարգից հոսքը դեպի փաստաբանության ոլորտ։ Կադրերի պակաս կա՞ Վայոց ձորի դատախազությունում, թե ոչ։
– Նախ՝ ուզում եմ նշել, որ դատախազական համակարգից դեպի փաստաբանության կամ այլ ոլորտ հոսքը երբեք զգալի չի եղել: Նման տեղափոխություններ եղել են միշտ և դրանում արտառոց ոչինչ չկա, որովհետև նույն կերպ լինում են այդ ոլորտներից տեղափոխություն դեպի դատախազություն: Կոնկրետ Վայոց ձորի մարզի դատախազությունում դատախազների հաստիքները համալրացված են: Մարզի դատախազության դատախազներից որևէ մեկը փաստաբանությամբ զբաղվելու համար համակարգից դուրս չի եկել:
Բայցևայնպես, դատախազների աշխատանքի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է և լրացուցիչ հաստիքի առկայությունը էապես կօգներ: Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ հաճախ մարզի դատախազները ստիպված են լինում մեղադրանքի պաշտպանության կամ նաև դատավարության մասնակիցների կողմից բերված բողոքների քննության համար մեկնել Մասիս և Արտաշատ քաղաքներ՝ դատական նիստերին մասնացկելու համար, քանի որ, ինչպես գիտեք, առաջին ատյանի դատարանը Արարատի և Վայոց ձորի մարզերի համար նույն է: Այս հանգամանքը չի կարող չազդել աշխատանքային դինամիկայի վրա: Բայց փորձում ենք տեխնիկական այդ դժվարությունների հաշվառմամբ կազմակերպել մեր ամենօրյա աշխատանքը:
– Ինչպիսին է մարզում քննվող քրեական գործերով խափանման միջոց կալանքի պրակտիկան: Մշտապես խնդրահարույց է համարվել կալանքի միջնորությունների անհամեմատ շատ քանակը և հիմնավորվածությունը:
– ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի որոշումներով և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարություններով առավել ուշադրության կենտրոնում է պահվում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան և միջնորդությունների հիմնավորվածությունը: Ըստ իս՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների շատ լինելու մասին խոսողները կամ դրանց հիմնավորվածությունը մշտապես կասկածի տակ դնողները չեն տիրապետում և օբյեկտիվորեն չեն էլ կարող տիրապետել գործերի փաստական հանգամանքներին: Որպես թվական ցուցանիշ, հարկ է նշել, որ 2021թ. մարզի քրեական հետապնդման մարմինների վարույթում քննված 264 քրեական գործերից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչների կողմից ներկայացվել է ընդամենը 8 միջնորդություն, որոնք բոլորն էլ բավարարվել են: Ներկայացված միջնորդությունների քանակը և դրանց բավարարումը քննվող քրեական գործերի ծավալով պայմանավորված՝ առնվազն վկայում է դրանց անհամեմատ քիչ և հիմնավորված լինելու մասին:
– Ինչպիսի՞ն են հարաբերությունները մարզի քննչական մարմինների հետ, որքանով է մարզի դատախազությունը բավարարված կատարվող քննությունների որակից: Այս իմաստով՝ շատ են արդյոք դատախազական ակտերը՝ կապված քննիչների կողմից կայացվող որոշումների վերացման, մեղադրական եզրակացությունները չհաստատելու հետ: Ի՞նչ հիմնական խնդիրներ կառանձնացնեք քննությունների որակի հետ կապված:
– Մարզի դատախազության, մարզային քննչական վարչության, ինչպես նաև մարզային ոստիկանության վարչության և ենթակա բաժինների միջև հարաբերությունները կրում են առողջ աշխատանքային բնույթ, կայացվող որոշումների վերացման կամ մեղադրական եզրակացությունները չհաստատելու դեպքեր քիչ են արձանագրվում, որը բացառապես պայմանավորված է նախնական աշխատանքային քննարկումներով:
Այսինքն ամեն ինչ անում ենք, որպեսզի դատախազական ընթացիկ հսկողությամբ հարթենք բոլոր թերություններն ու բացթողումները, ապահովենք լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություններ:
Դրա մասին է, օրինակ խոսում այն հանգամանքը, որ 2021 թվականի ընթացքում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից 20 քրեական գործով տրվել է 20 գրավոր ցուցում, որոնց դեմ քննիչների կողմից առարկություն չի բերվել։ Ընդ որում՝ այդ ցուցանիշը շուրջ 2.5 անգամ գերազանցում է 2020թ. պատկերը:
Դատախազները նաև 25 քրեական գործով օպետատիվ-հետախուզական մարմիններին տվել են 25 հանձնարարական, որը 2020թ. արդյունքից ավելի է 3 անգամ: Այս ցուցանիշն ակնհայտորեն բարելավելու անհրաժեշտություն դեռ տեսնում ենք և իրացնում ենք քրեական վարույթի շրջանակներում դատախազական լիազորությունների ամբողջ սպեկտրը: Արդյունքում արձանագրվում են հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից դատավարական փաստաթղթերով արտահայտված իրավական դիրքորոշումներին հակադրվելու ավելի քիչ դեպքեր: Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների որոշմամբ վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 1-ական որոշումներ: Իսկ 2 քրեական գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և ցուցումներով գործերը վերադարձվել են քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար:
Քննությունների որակի հետ կապված որպես հիմնական խնդիր կարող եմ առանձնացնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունը: Այդ գործերի քննությունը պահանջում է իրավունքի տարբեր ճյուղերով կարգավորվող տարբեր ընթացակարգերի իմացություն, ապա քննությամբ հնարավոր խախտումների վերհանում, դրանց հանցավոր բնույթի գնահատում և առնչություն ունեցած բոլոր անձանց շրջանակի պարզում:
Մարզային քննչական վարչության՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության առանձնահատկություններին տիրապետող և արդեն իսկ տևական ժամանակ այդ գործերով նախաքննություն իրականացրած քննիչների հաճախակի ռոտացիան բացասաբար է ազդում դրանց արդյունավետության վրա՝ առաջացնելով քննության որակի հետ կապված խնդիրներ:
-Ձեր մասնակցությամբ կամ ղեկավարությամբ կա՞ առանձնահատուկ քրեական գործ, որ բացահայտվել է, և որի մասին կարող եք պատմել։
-Որպես մարզի դատախազ՝ տարբերություն չեմ դնում անմիջական իմ հսկողության և մարզի դատախազության մյուս դատախազների հսկողության ներքո գտնվող քրեական գործերի բացահայտման միջև: Առանց գործի տվյալները բացահայտելու, կարող եմ նշել մեկ դեպք, երբ քննիչը կոնկրետ անձի գործողությունը գնահատել էր սպանության սպառնալիք տալ, քրեական վարույթ էր հարուցված այդ հոդվածով, սակայն գործն իմ մոտ քննարկելուց հետո ապացույցների համադրման արդյունքում ի հայտ է բերվեց, որ առկա փաստական տվյալներով դա սպառնալիք չէ, այլ 2 անձանց սպանության նախապատրաստություն, որից հետո անձին մեղադրանք է առաջադրվել այդ հոդվածով և քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար:
Բացի այդ, կոռուպցիոն հանցագործության հատկանիշով հարուցված և նախաքննության փուլում գտնվող մեկ քրեական գործով իմ կողմից հետաքննության մարմնին տրվել է այդ պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքային զանգվածը, ապա դրանց ձեռքբերման եղանակը պարզելու վերաբերյալ հանձնարարություններ: Իրականացված գործողություններով առերևույթ տվյալներ են ստացվել նաև նշված պաշտոնատար անձի կողմից ապօրինի անշարժ գույքեր իրացնելու վերաբերյալ: Նշված փաստով ևս հարուցվել է քրեական գործ, ապա երկու քրեական գործերը միացվել են և նախաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ը հարցազրույցների շարքն անցկացնում է Գլխավոր դատախազության համագործակցությամբ