2019 թվականի Աղավնին որոշեց թողնել փաստաբանի աշխատանքը և դառնալ դատախազ՝ հետևում թողնելով փաստաբանական գործունեության 6 տարիները։ Անցած ճանապարհի, դատախազի աշխատանքում դժվարությունների մասին Իրավաբան․net-ը «Հայաստանի դատախազները» շարքի շրջանակում զրուցել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանի հետ։
-Փաստաբանի աշխատանքը թողեցիք և դարձաք դատախազ։ Անցումը հե՞շտ եղավ։
-Անցումը այդքան էլ հեշտ չեղավ, բայց շատ բարդությունների էլ չհանդիպեցի։ Հոգեբանական առումով՝ մինչև հիմա ես որոշ գործեր նայում եմ փաստաբանի աչքերով, բայց դա լրացուցիչ օգնում է, որ խնդիրը ավելի լավ հասկանամ, մարդկանց, քաղաքացու իրավունքները մաքսիմալ պաշտպանեմ, թե՛ դատախազի, թե՛ փաստաբանի աչքերով նայեմ։ Դա ավելի շատ օգնում է։
-Համաձայնեք, որ հաճախ չի պատահում երբ փաստաբաններն են մտնում իրավապահ համակարգ։ Սովորաբար դատախազներն ու քննիչներն են սկսում փաստաբան աշխատել։ Ինչո՞ւ է այդպես և Դուք ինչպե՞ս որոշեցիք համակարգ մտնել։
-Այդ հարցը շատ են ինձ տվել, առ այսօր էլ տալիս են, թե ինչպես պատահեց, որ գրեթե 6 տարի փաստաբանական գործունեությունը իրականացնելու հետո որոշեցի անցնել դատախազական համակարգ։ Հաճախ չի պատահում, երբ այդպես է լինում և դա պայմանավորված է նաև մասնավոր ոլորտում բարձր աշխատավարձով։ Մենք պետք է հասկանանք, որ պետական համակարգ աշխատանքի անցնելով ինչի համար ենք դա անում, ինչ ենք զոհում և ինչ ենք շահում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի շրջանում պետք է ծառայի պետությանը, պետական համակարգին։ Այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ իրականացրած գործառույթների շրջանակում դատախազությունը ունի բավարար լիազորություններ, գործիքակազմ՝ իր առջև դրած նպատակները իրականացնելու համար։ Գաղափարական առումով զգում էի, որ ինձ մոտ են դրանք, ընտրեցի դատախազական համակարգը։
-Առաջին անգամ, երբ որպես դատախազ դատարան մտաք, ի՞նչ զգացողություններ ունեիք։
-Առաջին անգամ 5 ամիս ընդմիջումից հետո մտա նիստերի դահլիճ, շատ հետաքրքրիր զգացողություն ունեի։ Նախ կարոտել էի։ Քաղաքացիական հայցի շրջանակներում, երբ նորից մտա դատարան, տարբերություն չնկատեցի։ Իմ նպատակը պատճառված վնասի հետ կապված ներկայացված հայցը պաշտպանելն էր, դա էլ արեցի։ Այն, ինչ արել եմ փաստաբանական գործունեության ընթացքում։ Ես ինձ մոտ տարբերակված մոտեցում չնկատեցի, նույնիսկ հոգեբանական։
-Փաստաբանական համայնքում ինչպիսի՞ արձագանք գտավ Ձեր այս որոշումը։
-Փաստաբան ընկերներս շատ հակասական նայեցին որոշմանս։ Բոլորի մոտ մեկ հարց էր․ ինչո՞ւ որոշեցի դատախազ դառնալ։ Ինձնից հետո որոշակի հետաքրքրություն եմ զգում ընկերներիս շրջանում դատախազական համակարգում աշխատելու նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Իրավաբան.net-ը հարցազրույցների շարքն անցկացնում է Գլխավոր դատախազության համագործակցությամբ:
Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի
Տեսանյութը՝ Վահե Վարդանյանի