Լոռու մարզի դատախազին անձնական հարցերով կարող եք չդիմել, միևնույն է ի պաշտոնե ոչ մի հարցում չի ընդառաջի։ Լոռու մարզի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Մարտիրոսյանի խոսքով, դատախազի աշխատանքն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, մարզում պաշտոնավարելն էլ իր առանձնահատկություններն ունի։ Իրավաբան․net-ի «Հայաստանի դատախազները» շարքի շրջանակներում Արսեն Մարտիրոսյանը մանրամասներ է ներկայացրել իր ընտանիքի, մարզում գրանցված հանցագործությունների ու աշխատանքի առանձնահատկությունների մասին։
-Պարոն Մարտիրոսյան, ինչու՞ ընտրեցիք հենց դատախազական համակարգը, արդյո՞ք չունեիք որևէ մտավախություն՝ իմանալով համակարգի լավ ու վատ կողմերը։
-Ես աշխատել եմ ոստիկանությունում, ոստիկանության ակադեմիայում, այնուհետև կրթահամալիրում, դրանից հետո դասախոսական աշխատանքով եմ զբաղվել, հետո որոշեցի տեսական գիտելիքներս նաև պրակտիկ աշխատանքում օգտագործել։
Ինչի՞ համար ընտրեցի դատախազական ոլորտը, որովհետև դատախազը քրեական վարույթի այն հիմնական մասնակիցներից է, որի մասնակցությունը, ըստ էության, չի սահմանափակվում միայն կոնկրետ դատավարության փուլով։ Նրա լիազորությունները տարածվում են ամբողջ քրեական վարույթի նկատմամբ՝ հանցագործության հաղորդումը ստանալու պահից մինչև դրա վերջանական լուծումը, ընդհուպ մինչև դատական ակտերի իկատար ածումը։ Եվ օրինականության ապահովման առումով դատախազի լիազորությունները օրենքով շատ ավելի ընդարձակ են և, բնականաբար, օրինականության ապահովման տեսանկյունից դատախազն ունի այդ հնարավորությունները։ Եվ զուտ դրանով է պայմանավորված դատախազական համակարգում ծառայության անցնելու, իսկ հետագայում ղեկավարության կողմից գնահատվելն ու մարզի դատախազ նշանակվելս։
-ՀՀ քննչական կոմիտեն e-draft-ում ներկայացրել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի համաձայն, դատախազի կողմից ձերբակալելը, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով դատարան դիմելը հակասահմանադրական է։ Նախագծով դատախազները, ինչպես այս լիազորություններից, այնպես էլ, օրինակ՝ ձերբակալելու կամ հանցագործության համար մեղադրվող անձի նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություններից կզկվեն։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք սրանք այն հատկորոշող լիազորությունները չեն դատախազի համար, որպեսզի ապահովվի դատախազի ամբողջական ներգրավվածությունը գործին։
–Ես կարծում եմ, որ դատախազը քրեական վարույթի ընթացքում պետք է ունենա այդ լիազորությունները։ Դատախազի ֆունկցիան, իմ պատկերացմամբ, չպետք է լինի միայն կայացված որոշման օրիանականությունը ստուգելով։ Դատախազը չպետք է սպասի, որ քննիչը որոշում կայացնի, դրանից հետո դատախազը կայացված որոշման օրինականությունը ստուգի։ Անհրաժեշտության դեպքում դատախազը նաև հնարավորություն պետք է ունենա անմիջապես միջամտել քրեական վարույթին: Չեմ բացառում, որ կարող են լինել իրավիճակներ, որ օրենքով սահմանված ակնհայտ հիմքեր լինեն անձի նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու և քննիչը տևական ժամանակ օրենքով իրեն վերապահված իրավունքը չիրացնի։ Դատախազն ի՞նչ անի, նստի սպասի՞ կամ ցուցու՞մ տա քննիչին։ Կամ կարող է ցուցում տալ, քննիչը չհամաձայնի ու առարկություններ ներկայացնի այդ ցուցումի դեմ ու տևական ժամանակահատված անձը մնա ազատության մեջ, կատարի նոր հանցագործություն, խուսափի քննությունից, և այլն։ Իմ պատկերացմամբ, դատախազական հսկողությունը չպետք է զուտ սահմանափակվի կայացրած որոշումների օրինականությունը ստուգելով։
Դատախազը նաև առանձին դեպքերում պետք է այդ առանցքային որոշումները կայացնելու հնարավորություն ունենա։ Եվ հենց այս տրամաբանությամբ էլ կառուցվել է մեր գործող օրենսդրությունը։ Դրա համար էլ պատահական չէ, որ դատախազին իրավունք է վերապահվել անձին ձերբակալելու որոշում կայացնել, որի կատարումը հանձնարարում է հետաքննության մարմին, իրավունք է վերապահվել անձամբ մասնակցելու քննիչի կողմից դատարան ներկայացված միջնորդությունների քննությանը, և անհրաժեշտության դեպքում պաշտպանելու ներկայացված միջնորդությունը կամ եթե անհրաժեշտ չի համարում՝ հետ վերցնելու: Միջնորդություն ներկայացնել դատարան՝ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, խուզարկություններ կատարելու, և այլն։ Իմ պատկերացմամբ, գործող օրենքի ներկայիս կարգավորումները լիարժք տալիս են այն հնարավորությունները, որ դատախազությունն իր կոչմանը, իր դերին համապատասխան իրացնի օրինականության ապահովման իր պարտականությունը։
-Պարոն Մարտիրոսյան, եթե ընդունենք այս տարվա առաջին եռամսյակը, ապա ի՞նչ իրավիճակ է գրանցվել մարզում և ի՞նչ պատկեր ունենք նախորդ տարվա համեմատ։
-2018 թվականին Լոռու մարզի տարածքում արձանագրվել է 440 հանցագործության դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 397-ը։ Դեպքերն աճել են 43-ով կամ 10․8 տոկոսով։
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված արձանագրվել է 99 դեպք, այս տարի՝ 127 դեպք, սպանության փորձ չենք ունեցել, սպանության 1 դեպք է արձանագրվել, որն անհետ կորելու փաստի քրեական հատկանիշներով է գործ հարուցվել, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու աճ է արձանագրվել՝ նախորդ տարի 24, իսկ այս տարի՝ 34 դեպք է արձանագրվել, որից ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ նախորդ տարի 5, իսկ այս տարի 8 դեպք է եղել։
Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված նվազում ունենք, նախորդ տարի արձանագրվել է 75, իսկ այս տարի՝ 62 դեպք։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազում ունենք, նախորդ տարի արձանագրվել է 140, իսկ այս տարի՝ 132 դեպք։ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված նախորդ տարի 8 դեպք է արձանագրվել, այս տարի՝ 7։
-Ինչո՞վ է պայմանավորված ընդհանուր հանցագործությունների թվաքանակի աճը։
-Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդհանուր հանցագործությունների թվաքանակի աճն առաջին հերթին պայմանավորված է դրանց ժամանակին հայտնաբերմամբ և պատշաճ հաշվառման հանգամանքով։ Առանձին դեպքերում, հատկապես իմ՝ մարզի դատախազ նշանակվելուց հետո, նայում եմ և դեպքերի էական աճ կա, գողությունների էական աճ, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի աճ, ապօրինի անտառահատումների հետ կապված աճ։
Սա առաջին հերթին պայմանավորված է ոստիկանության օպերատիվ մարմինների պատշաճ աշխատանքով, դատախազական պատշաճ հսկողության աշխատանքով։
Մենք ունեցել ենք առաձին դեպքեր, իրավիճակներ, երբ օրինակ մարդը մարմնական վնասվածք է ստացել, դիմել բուժօգնության ու հայտարարել, որ այդ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով։ Տևական ժամանակ, ոստիկանությունում այդ դեպքը գրանցվել է որպես պատահար։ Բայց, դատախազական անմիջական միջամտության արդյունքում պարզվեց, որ մարդն այդ վնասվածքը ստացել էր ոչ թե ընկնելու հետևանքով, այլ վիճաբանության, ընդ որում՝ ոստիկանության ծառայողի հետ վիճաբանության հետևանքով։ Անմիջապես մարզի դատախազությունում Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցեցինք քրեական գործ, գործն ուղարկեցինք գլխավոր դատախազություն՝ նախաքննության կատարումը հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու։ Այդ քրեական գործի նախաքննությունում հիմնավորվեց ոստիկանության ծառայողի կողմից հանցագործությունը կատարելու փաստը:
Ունենք այսպիսի բազմաթիվ իրավիճակներ, երբ դատախազական միջամտության արդյունքում, տևական ժամանակ որպես հանցագործություն չհաշվառված դեպքերը գրանցվում են ոստիկանությունում որպես հաշվառված դեպքեր՝ իհարկե համագործակցելով այդ մարմինների հետ։ Եվ բնականաբար, արդեն բարելավվում է հանցագործությունների պատշաճ հաշվառման գործընթացը և այդ բարելավման գործընթացն էլ ինքնաբերաբար առաջ է բերում փաստացի գոյություն ունեցող հանցագործությունների, նախորդ տարիների հետ համեմատած, թվաքանակի աճ։
Իմ կարծիքով, սա ոչ թե հանցագործությունների թվաքանակի աճ է, այլ իրականում գոյություն ունեցող հանցագործությունների պատշաճ հաշվառման, գրանցման, փաստացի արձանագրման վիճակագրութուն։
–Դուք նշեցիք նաև ապօրինի անտառահատման դեպքերը, վերջին ամիսներին մի շարք բացահայտումներ եղան, քրեական գործեր հարուցվեցին։ Ի՞նչ կասեք այս մասին, ինչո՞վ է պայմանավորված, որ չնայած այս բացահայտումներին, միևնույն է նմանատիպ դեպքերը չեն նվազում։
-Իմ նշանակվելուց հետո՝ 2017 թվականի հուլիս ամսին, մարզի տարածքում ունեցել ենք ապօրինի անտառահատման փաստի կապակցությամբ հարուցված թվով 3 քրեական գործ։ Այժմ ունենք 50-ից ավելի քրեական գործ, որոնց մի մասն էլ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, և դատի են տրվել նաև պաշտոնատար անձիք, անտառ ային տնտեսության անտառապահներ, անտառապետեր, պահպանության ինժեներներ, փոխտնօրեններ, և մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։
Սա այս հանցատեսակի դեմ առավել խստացված պայքար մղելու աշխատանքների արդյունքում են հայտնաբերվել այս հանցագործություններն ու պատշաճ հաշվառվել։
Ինչպես ցանկացած հանցագործություն, այնպես էլ ապօրինի անտառահատումը՝ սովորական հանցագործության տեսակ է։ Մենք երբևիցե չենք կարող ասել, որ հանցագործությունները մեր երկրից պետք է վերանան, բայց նաև նշեմ, որ մենք համատարած ապօրինի անտառահատումների դեպքեր չունենք այժմ։ Ոստիկանությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում, մարզի տարածքում մենք ունենք նաև առանձին հենակետեր, ովքեր շուրջօրյա հսկողություն են իրականացնում և ստուգման են ենթարկում բոլոր այն տրանսպորտային միջոցները, որոնք փայտանյութ են տեղափոխում և ստուգում են այդ տեղափոխման օրինականությունը։
Ապօրինի անտառահատումների հետ կապված մենք ոչ միայն իրավական գնահատականի ենք ենթարկում ապօրինի անտառահատում իրականացնողի գործողությունները, նաև այն անձի գործողությունները, ով պատասխանատու էր ապօրինի հատումը թույլ չտալու համար։
Մենք չենք սահմանափակվել միայն քրեական գործեր հարուցելով, դատախազությունը նաև հետևողական է, որպեսզի պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն։ Բազմաթիվ են քրեական գործերը, որ անձիք նախաքննության փուլում արդեն իսկ բերում և վերականգնում են պետությանը պատճառված վնասը։ Եթե, այնուամենայնիվ, նախաքննության փուլում կամ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճռի պայմաններում չի հատուցում պետությանը պատճառված վնասը, ապա մենք ունենք մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի այդ վնասը հետագայում վերականգնելու։
-Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հետ կապված ի՞նչ իրավիճակ է Լոռու մարզում։
-Կոռուպցիոն հանցագործությունների կտրվածքով ևս մենք ակտիվ աշխատանքներ ենք իրականացրել մարզի տարածքում։ Միայն 2017 թ-ին մենք ողջ տարում ունեցել ենք կոռուպցիոն բնույթի 17 հանցագործության դեպք, 2018-ի առաջին 5 ամսի կտրվածքով՝ 26 դեպքեր։
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից կուզենայի առանձնացնել սոցիալական ապահովության ոլորտում տեղի ունեցած չարաշահումների մասին։ Մենք ունենք առանձին տարածքներ, որտեղ նպաստառուներին նպաստաների ցուցակներում ընդգրկելու և նպաստ հատկացնելու համար առանձին աշխատակիցների կողմից պահանջվել են կաշառքի գումարներ և տևական ժամանակահատված պաշտոնատար անձանց կողմից ստացվել են այդ ապօրինի վարձատվությունները։
Ունենք այդ հատկանիշներով քննվող քրեական գործեր, անձիք կան, որ ունեն մեղադրյալի կարգավիճակ, և կան անձիք, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
-Արդյո՞ք դատախազությունը մարզում համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ։
-Որպես այդպիսին սերտ համագործակցություն չունենք, բայց հրավերների՝ սեմինարների, դասընթացների, քննարկումների ժամանակ միշտ դատախազության ներկությունն ապահովում ենք։
Ես այս ընթացքում փորձել եմ նաև ակտիվացնել կապն ուսումնական հաստատությունների հետ․ և՛ դպրոցների, և՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Ես ինքս, Վանաձորի մանկավարժական համալսարանում հանդիպեցի ուսանողների հետ, դասախոսություն կարդացի այնտեղ, հանդիպեցի ուսանողների հետ և առաջարկություն եղավ, որ շարունակվի այդ համագործակցությունը, միաժամանակ սերտացվի կապը՝ դատախազության և ուսումնական հաստատությունների միջև։ Ուսումնական հաստատություն, որովհետև մենք բոլորս էլ ուսանողներ եղել ենք, և մի բան է տեսականորեն իմանալ, մեկ այլ բան, երբ պրակտիկ աշխատողը գալիս և ներկայացնում է աշխատանքը։ Այդ պրակտիկայի և տեսության համադրումը շատ կարևոր է։ Երբ մենք կարողանանք դա համադրել, մենք կունենանք պատրաստի կադրեր։ Բացի սրանից, սա մասնագիտական կողմնորոշման առումով է էական։ Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրանք հարց էին բարձրացնում՝ ո՞նց կարող ենք դատախազ դառնալ։ Եվ երբ դու ներկայացնում ես դատախազի աշխատանքի և՛ դրական, և՛ բացասական կողմերը, մարդու մոտ կարող է ցանկություն առաջանալ կամ ընդհակառակը։ Բայց հանդիպումների ժամանակ հիմնականում մեծ մասը ցանկություն են հայտնում դատախազ դառնալ։ Մենք ունենք դատախազներ, որոնք դպրոցներում կարճ, հանրամատչելի ձևով դասախոսություններ են ունեցել դպրոցներում, հանդիպումներ ունեցել աշակերտների հետ։ Սա էլ շատ կարևոր է և՛ մասնագիտական կողմնորոշման առումով, և՛ անչափահասների դաստիարակության առումով, և նրանց հանցավորության կանխարգելման առումով։ Սա արվել է նաև նրա համար, քանի որ մենք աշխատանքային ծրագիր ունենք՝ անչափահասների հանցավորության դեմ պահվող պայքարի։
-Քանի որ դուք մարզում եք պաշտոնավարում և այստեղ անձնական կապերն ավելի շատ են ու մարդիկ անձնապես առավել շատ են իրար ճանաչում, եղե՞լ են դեպքեր, որ մարդիկ Ձեզ դիմեն անձնական խնդիրներով։
-Դեպքեր եղել են, որ ինձ դիմել են: Բնականաբար դիմողները մերժվել են։ Ինձ ճանաչող մարդիկ, ովքեր ինձ հետ մտերմություն ունեն, բնականաբար, կարող են նաև առանձին դեպքերում ինչ-որ դեպքեր առնչվեն այդ մարդկանց։ Հիմանականում իմ շրջապատի մարդիկ խուսափում են նման հարցերով ինձ դիմելուց՝ նկատի ունենալով, որ հաստատ մերժում են ստանալու, քանի որ գիտեն իմ բնավորությունը։
Բնականաբար, ես, որպես մարզի դատախազ, իրավասու չեմ նման խնդրանքների տուրք տալու, որովհետև հակառակ պարագայում նախ վարկանիշի խնդիր կա, հետո էլ կխախտվի արդարության սկզբունքը, օբյեկտիվության ընդհանուր պահանջը կխախտվի։ Եվ վերջապես, անձի, դատախազի այդ մոտեցումը գնահատվում է նաև քաղաքացու կողմից, այնպես չի, որ ինձ խնդրեցին ու դրա մասին ես իմացա միայն, իմանալու են նաև այդ խնդրանքով դիմած անձը, հանցագործությունը կատարած անձը, նրանց բարեկամները, և այլն։
Իմ հեղինակությունը, իմ մասնագիտական արժանապատվությունը, իմ բարի համբավը շատ ավելի թանկ են ինձ համար, քան այն, որ ես իմ ծանոթին կամ բարեկամին չմերժեմ ինչ-որ հարցում։
Քաղաքացիներին լսելը, քաղաքացու խնդիրներին ծանոթանալը շատ է օգնում, որովհետև դատախազը, իր լիազորություններով պայմանավորված, միջդատական վարույթի ընթացքում քաղաքացու հետ շփվելու հնարավորություն չունի։ Օրինակ, քննիչը կարող է վկային հարցաքննել և տեսնում է քաղաքացուն, տուժողին կանչում է հարցաքննության և տեսնում է քաղաքացուն, իսկ դատախազը չի տեսնում ո՛չ վկային, ո՛չ տուժողին, ո՛չ մեղադրյալին, և նրանց տեսնում է միայն դատարանում։ Բայց պետք է քաղաքացիներին լսել, ընդունել, ու լիազորությունների սահմաններում օգնել քաղաքացուն։ Այս առումով մենք ուրբաթ օրերին քաղաքացիների ընդունելություն ենք կազմակերպում ու լսում քաղաքացիներին։
-Գործի բնույթից ելնելով, վստահ եմ, որ լինում են օրեր, երբ աշխատավայրում երկար եք մնում։ Ինչպե՞ս են սրան նայում ընտանիքի անդամներն ու ինչպե՞ս եք կարողանում լրացնել այդ բացակայությունը։
-Մեր աշխատանքը ծանրաբեռնված է, չպլանավորված աշխատանք է, որովհետև դու չես կարող ասել, թե որ պահին ինչ դեպք կարող է արձանագրվել հանրապետությունում, տվյալ պարագայում՝ մարզի տարածքում։ Չպլանավորված, չկանոնակարգված աշխատանք է. դատարանում մեղադրանքի պաշտպանություն, նախաքննության, հետաքննության նկատմամբ հսկողություն, պետական շահերի պաշտպանության ոլորտում լիազորությունների իրականացնում. այս ամենն ամենօրյա, երկարատև, քրտնաջան աշխատանք է պահանջում։
Ընտանիքի անդամների հետ հիմնականում աշխատում եմ հանդիպել շաբաթ օրվա երկրորդ կեսին և կիրակի օրերին։ Միայն դրանով է հնարավոր լինում բացը լրացնել: Ինչ վերաբերում է մյուս ազգականներին, ապա հազվադեպ՝ առիթից առիթ է հնարավորություն լինում հանդիպումներ ունենալ։ Կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, գիտակցաբար են մոտենում այդ ամեն ինչին՝ հաշվի առնելով մեր աշխատանքի բնույթը և աշխատանքի ծանրաբեռնվածությունը։
Իրավաբան.net-ը հարցազրույցների շարքն անցկացնում է Գլխավոր դատախազության համագործակցությամբ:
Հարցազրույցը՝ Ալիսա Չիլինգարյանի