Ո՞ր պաշտոններն են համարվում պետական

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական պաշտոններն են՝ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնները։ Քաղաքական պաշտոնը ընտրովի կամ նշանակովի պաշտոն է:

Քաղաքական պաշտոններ են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության նախարարների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները։
Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է:

Հայեցողական պաշտոններ են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը:

Քաղաքացիական պաշտոնը որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է: Քաղաքացիական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների և դատախազների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել