Տղամարդը հարբած վիճակում գնացել է զինվորական կոմիսարիատ, վիճաբանել աշխատակիցների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նաև ոստիկաններին

Անդրանիկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է տարածքային զինվորական կոմիսարիատ և անհիմն պատճառով սկսել է վիճաբանել աշխատակիցների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, որից հետո նրան զինկոմիսարիատից դուրս են հրավիրել, որտեղ ևս վերջինս շարունակել է հայհոյել, ապա ձեռքին եղած սուր գործիքով վնասել է զինկոմիսարիատի աշխատակցին պատկանող ավտոմեքենայի անվադողերը:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել դատավոր Արսեն Գեղամյանին։

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշվում է, որ տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել դեպքի վայր ժամանած ոստիկանների նկատմամբ՝ այդ կերպ խոչնդոտելով զինկոմիսարիատի աշխատակիցների բնականոն աշխատանքը, խախտելով այդ պահին տվյալ վայրում գտնվող անձանց անդորրը։

Մեղադրյալի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 4 ամիս 28 օր ժամկետով ազատազրկումը․ դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով:

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել