Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի թվային ծառայությունների նոր հարթակը։ Այն հնարավորություն է տալու քաղաքացիներին անմիջապես առցանց ներկայացնել իրենց դիմումները, իսկ ռեգիստրի աշխատակիցներին՝ ընդունել և ուսումնասիրել դրանք ամբողջությամբ թվային միջավայրում։
Նոր հարթակն էապես կպարզեցնի քաղաքացիների և պետական մարմինների փոխգործակցությունը՝ ստեղծելով ինտեգրված և հարմարավետ միջավայր ինչպես քաղաքացիների, այնպես էլ պետական համակարգի համար։
Հարթակի գործարկմամբ ապահովվում է ամբողջ գործընթացի թվայնացումը՝ դիմումի ներկայացումից մինչև դրա ուսումնասիրություն և արդյունքների տրամադրում։ Հնարավոր կլինի բացառել ավելորդ վարչարարությունը և բարձրացնել ծառայությունների որակը։
Արդարադատության նախարարությունը շարունակական կերպով իրականացնում է արդիականացման ծրագրեր՝ ուղղված պետական ծառայությունների թվայնացմանը, քաղաքացիների համար մատչելիության և հարմարավետության բարձրացմանը։
