Տուգանային միավորների համակարգը ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար. ի՞նչ պետք է իմանան վարորդները

Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով գործում է տուգանային միավորների համակարգը: Այս համակարգը լրացուցիչ պատասխանատվության միջոց է, որը կիրառվում է ՃԵԿ խախտումների համար և կարող է հանգեցնել վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման։ Ստորև ներկայացնում ենք տուգանային միավորների կիրառման առանձնահատկությունները՝ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթների։

Ի՞նչ է տուգանային միավորը և ինչպե՞ս է այն աշխատում.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝

Տուգանային միավորները՝ վարչական տույժի տեսակ են, որոնք կարող են կիրառվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժեր (Հոդված 24)։ Դրանք կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ՝ օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։

Յուրաքանչյուր տարի վարորդին տրվում է 13 միավոր. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 13 միավոր։ Յուրաքանչյուր հաջորդ տարի նորից տրվում է 13 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում։

Սահմանված տուգանային միավորների չափերը` Վարչական իրավախախտումների համար օրենսգրքով սահմանվում է 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 կամ 5 տուգանային միավոր։

Ի՞նչ է լինում, երբ միավորները գերազանցում են սահմանը.

Համաձայն ՎԻՎ օրենսգրքի 129.3 հոդվածի՝

Տուգանային միավորների կիրառման հետևանքները. Երբ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի և տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 13 կամ ավելի միավոր, ապա՝

  • առաջին դեպքում – տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով,
  • կասեցման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը – տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում 1 տարի ժամկետով։

Որքա՞ն միավոր է հանվում տարբեր իրավախախտումների համար.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է տուգանային միավորներ հետևյալ խախտումների համար.

Արագության գերազանցում (Հոդված 124.4)՝

  • 11-30 կմ/ժ-ով գերազանցում – 2 միավոր,
  • 31-50 կմ/ժ-ով գերազանցում – 3 միավոր,
  • 51-80 կմ/ժ-ով գերազանցում – 4 միավոր,
  • 81 կմ/ժ և ավելի գերազանցում – վարելու իրավունքից զրկում 1 տարի ժամկետով։

Լուսացույցի և երթևեկության կարգավորման խախտումներ՝

  • լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը (Հոդված 124.3) – 2 միավոր,
  • երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը (Հոդված 124, 2-րդ մաս) – 1 միավոր։

Տրանսպորտային միջոցի վարման խախտումներ՝

  • միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ վարելը (Հոդված 124, 14-րդ մաս) – 3 միավոր,
  • բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատելը (Հոդված 124, 17-րդ մաս) – 3 միավոր,
  • հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը (Հոդված 124, 18-րդ մաս) – 4 միավոր։

Անվտանգություն և սարքավորումներ՝

  • անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի վարելը (Հոդված 123.3) – 1.5 միավոր,
  • ընթացքի ժամանակ հեռախոսից օգտվելը (Հոդված 124, 11-րդ մաս) – 1.5 միավոր,
  • արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը (Հոդված 124, 12-րդ մաս) – 1 միավոր,
  • հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը (Հոդված 124, 13-րդ մաս) – 1 միավոր,
  • ապակիների լուսաթափանցելիության խախտմամբ կրկնակի մեքենա վարելը (Հոդված 123, 5-րդ մաս) – 3 միավոր։

Հաշվառման համարանիշների խախտումներ (Հոդված 123.5)՝

  • անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը – 0.5 միավոր (1-ին մաս),
  • հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը – 2 միավոր (1.1-ին մաս),
  • տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը – 3 միավոր (5-րդ մաս),
  • զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելը – 2 միավոր (16-րդ մաս)։

Երթևեկության կանոններ և մանևրներ՝

  • խաչմերուկների անցման կանոնները խախտելը (Հոդված 124, 5-րդ մաս) – 1 միավոր,
  • հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը (Հոդված 124, 6-րդ մաս) – 1 միավոր,
  • վազանցի կանոնները խախտելը (Հոդված 124, 8-րդ մաս) – 1 միավոր,
  • երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու, հետընթաց վարման կանոնները խախտելը (Հոդված 124, 9-րդ մաս) – 1 միավոր։

Կանգառ և կայանում՝

  • կանգառի և կայանման կանոնները խախտելը (Հոդված 124, 21-րդ մաս) – 0.25 միավոր,
  • կայանման հետևանքով այլ վարորդների խոչընդոտելը (Հոդված 124, 22-րդ մաս) – 0.5 միավոր,
  • տրանսպորտային միջոցը տարհանելու դեպքում կամ «Հաշմանդամներ» նշանով կահավորված վայրում կայանելը (Հոդված 124, 23-րդ մաս) – 0.5 միավոր,
  • հետիոտնային անցման վրա կանգնեցնելը (Հոդված 124, 26-րդ մաս) – 1 միավոր։

Հատուկ իրավիճակներ՝

  • վթարային իրադրություն առաջացնելը (Հոդված 124.6, 1-ին մաս) – 2 միավոր,
  • տրանսպորտային միջոցում ծխելը (Հոդված 135.2, 1-ին մաս) – 1 միավոր,
  • ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ տաքսիում ծխելը (Հոդված 135.2, 2-րդ մաս) – 1.5 միավոր,
  • ոչ սթափ վիճակում վարելը, երբ վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է (Հոդված 126, 1-ին մաս) – 5 միավոր։

Երկաթուղային գծանցներում երթևեկության կանոններ (Հոդված 125)՝

  • գծանցներով անցնելիս ճանապարհը գնացքին չզիջելը – 1 միավոր,
  • գծանցին մոտենալիս լուսացույցի, նշանների պահանջներով չղեկավարվելը – 1 միավոր,
  • փակ ուղեփակոցի դեպքում գծանց մուտք գործելը – 1 միավոր,
  • գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում միջոցներ չձեռնարկելը – 1 միավոր,
  • հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները շրջանցելը, ուղեփակոցը ինքնակամ բացելը, առանց թույլտվության դանդաղընթաց մեքենաներով 8 կմ/ժ-ից ցածր արագությամբ գծանցով երթևեկելը – 1 միավոր (5-րդ մաս)։

Կարևոր առանձնահատկություններ.

Ո՞վ է պատասխանատվություն կրում տեխնիկական միջոցներով գրանցված խախտումների դեպքում. վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ երբ խախտումը գրանցվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիզինգի դեպքում՝ լիզինգառուն) կամ շահագործողը, եթե չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ։ Տուգանային միավորների ձևով նշանակվող վարչական տույժը կիրառվում է նշված անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։

Ի՞նչ է լինում, երբ միավորները չեն բավարարում. ՎԻՎ օրենսգրքի 25.1 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե սահմանված միավորները գերազանցում են անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվում են այդ մնացորդի չափով՝ անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից։

Ինչպե՞ս է կատարվում տուգանային միավորների կիրառման մասին որոշումը. ՎԻՎ օրենսգրքի 304.1 հոդվածի համաձայն՝ տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար են ածում ոստիկանության պաշտոնատար անձինք՝ վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում տուգանային միավորների չափի մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով։

Տուգանային միավոր նախատեսող որոշման գանգատարկումը. ՎԻՎ օրենսգրքի 25.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տուգանային միավոր նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշման գանգատարկումը չի կարող կանխել դրա իրավական հետևանքների վրա հասնելը տվյալ տարում կատարված և 129.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար, եթե վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատի քննության արդյունքում ուժի մեջ է մտել հաջորդող տարվա ընթացքում։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել