Այսօր Կառավարության հերթական նիստում, չզեկուցվող հարցերի փաթեթով, ընդունվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը միացնել Հերհերի միջնակարգ դպրոցին:
2024-2025 ուսումնական տարում սեպտեմբերի 1-ի դրությամբ Կարմրաշենի դպրոցում սովորում է 2 աշակերտ, սակայն ԿԳՄՍՆ-ն լիզենզիայով հատկացրել է 190 տեղ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 18-ն է:
Միաժամանակ, Հերհերի միջնակարգ դպրոցում, որը նախատեսված է 320 սովորողի համար, սովորում է 62 աշակերտ, դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32 է: Հերհերի միջնակարգ դպրոցի և Կարմրաշենի միջև հեռավորությունը 7 կմ է:
Ըստ նախագծի հիմնավորման միավորումը նպատակ ունի՝
– ապահովել Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը,
– ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում: