ՀՀ կառավարության հերթական նիստում քննարկվել և հավանություն է տրվել «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և լիազորություն վերապահելու մասին» նախագծին։ Վերջինս ուղղված է «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական ծրագրի իրագործմանը։
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է հույս, որ նախագիծը կիրականացվի 4-5 տարվա ընթացքում՝ ընդգծելով, որ դրա իրականացման նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանված։ Նշենք, որ նախագիծը հաղթել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացված հանրային քվեարկության արդյունքում։
Ըստ հիմնավորման՝ նախատեսվում է վերականգնել Կասկադ համալիրի անավարտ հատվածը և կառուցել համայնքապատկան նոր համերգասրահ՝ 1000 հանդիսականի համար, որն ապահովված կլինի ժամանակակից տեխնիկական լուծումներով։ Համերգասրահը հնարավորություն կտա հյուրընկալել միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների և խմբերի։ Նախագծով կկառուցվի նաև ընդարձակ ժամանակակից պատկերասրահ, որտեղ կկազմակերպվեն աշխարհահռչակ նկարիչների ցուցադրություններ և կծավալվի համագործակցություն տարբեր հռչակավոր պատկերասրահների հետ՝ նպաստելով Երևանի մշակութային կյանքի զարգացմանը և զբոսաշրջիկների հոսքի աճին։
Ըստ քաղաքապետ Ավինյանի՝ տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 11 հեկտար է։ Ներդրողը պետությունից կգնի 4,8 հեկտար տարածք՝ տարաժամկետ վճարման պայմանով, իսկ 1,8 հեկտար տարածք կկանաչապատվի։ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է 5 տարի։ Մինչև հողի արժեքի ամբողջական վճարումը հողամասերը կհամարվեն գրավադրված հօգուտ Երևան համայնքի։
Համաձայն նախագծի՝ Կասկադի հարակից տարածքում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր, որը ներդաշնակ կլինի արդեն գոյություն ունեցող և ձևավորվելիք միջավայրի հետ՝ ամբողջացնելով տարածքի քաղաքաշինական կերպարը։ Նախատեսվում է նաև նոր քաղաքային այգու ստեղծում և Ալեքսանդր Թամանյանի մտահղացման իրագործում՝ քաղաքի երկու հատվածները միավորելու ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարած բաց մրցույթի արդյունքում ներդրողի ընտրության հաղթող է ճանաչվել միակ մասնակիցը՝ «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Ընկերության ներկայացրած ներդրումային առաջարկի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիարդ 46 միլիոն դրամ։ Բացի այդ, կառուցապատող ընկերությունը Երևանի քաղաքապետարանին կվճարի 10 միլիարդ 449 միլիոն դրամ՝ հողի կադաստրային արժեքի չափով, և կիրականացնի կանաչապատման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի մարտին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Կասկադի վերին՝ անավարտ հատվածը վերադարձվել է քաղաքին։ Նախկինում այն հատկացված էր «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին, որը նախատեսում էր ավարտել շինարարությունը, սակայն ծրագիրը տարիներ շարունակ չէր իրագործվել։ Վերադարձից հետո քաղաքապետարանը հայտարարեց, որ Կասկադի վերին հատվածում կիրականացվեն արդիականացման և ավարտուն տեսքի բերելու աշխատանքներ։