Կապահովվի Պրոբացիայի ծառայության կողմից դատական ակտերի ժամանակին և պատշաճ կատարումը

Կառավարության սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Պրոբացիայի մասին» օրենքով, որի համաձայն դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։ 2025 թվականի փետրվարի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության և «Enigma information protection sistems» ընկերության միջև կնքված մատակարարման պայմանագրով նախատեսվել է ձեռք բերել 2000 հատ էլեկտրոնային հսկողության սարք (1000 ներտնային վերահսկման սարք՝ նախատեսված տնային կալանք, և 1000 էլեկտրոնային հսկողության շղթա՝ վարչական հսկողություն խափանման միջոցների համար)։ Նշված պայմանագրի շրջանակում 2025 թվականի մարտի 7-ին կնքված համաձայնագրով ծառայությանը մատակարարվել է 459 էլեկտրոնային հսկողության սարք՝ 30 տնային կալանք և 429 վարչական հսկողություն։

Ծառայությունում 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում այլընտրանքային խափանման միջոցներով հաշվառվել է 2474 շահառու, որից 1360-ը տնային կալանք, իսկ 1114-ը վարչական հսկողություն խափանման միջոցներով, իսկ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հաշվառվել է 1296 շահառու, որից 864-ը տնային կալանք, իսկ 432-ը վարչական հսկողություն խափանման միջոցներով։ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցներով հաշվառված շահառուների քանակը 1178-ով կամ 150,3% ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, ազատության սահմանափակում պատժի կատարումը ևս իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Ծառայությունում 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ազատության սահմանափակում պատժով հաշվառվել է 187 շահառու, իսկ 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 43 շահառու։ 2025 թվականի 1-ին կիսամյակում նշված պատժով վարույթների թիվը 144-ով կամ 334․8 %-ով ավել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հաշվի առնելով ազատության սահմանափակում և այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դատական ակտերի շարունակական աճող դինամիկան, ակնհայտ է, որ մինչ օրս ձեռքբերված էլեկտրոնային հսկողության սարքերը կբավարարեն մոտ մեկ ամիս, քանի որ գործնականում շատ են դեպքերը, երբ տնային կալանքը փոխարինվում է վարչական վերահսկողություն այլընտրանքային խափանման միջոցով, ինչի պարագայում դատական ակտով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կատարումն այլևս անհնարին կդառնա։ Ծառայության գործառույթների արդյունավետ և անխափան իրականացման համար, «Enigma information protection sistems» ընկերության հետ գործող պայմանագրի շրջանակում էլեկտրոնային հսկողության սարքերի լրացուցիչ խմբաքանակ (300 հատ վարչական հսկողության) ձեռք բերելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 162,934․1 հազ․ դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել