Հայաստանում վարչական իրավախախտումների դեպքում կիրառվում են վարչական տույժեր։ ատերը ծանոթ են միայն տուգանքներին, սակայն օրենքը նախատեսում է վարչական տույժերի մի քանի տարբերակ։
Ի՞նչ է վարչական տույժը
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) համաձայն՝
Վարչական տույժը պետության հարկադիր միջոցն է, որը կիրառվում է այն անձի նկատմամբ, ով կատարել է վարչական իրավախախտում՝ նպատակ ունենալով կանխել նոր խախտումները։
Վարչական տույժերի տեսակները
Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը․
- նախազգուշացում.
- տուգանային միավոր.
- տուգանք.
- վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում.
- վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում.
- տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում.
- հատուկ իրավունքից զրկում.
- տնտեսական գործունեության կասեցում
Տույժ նշանակելու ընդհանուր կանոնները
- Տույժը նշանակվում է իրավախախտման համար նախատեսված իրավական նորմերի շրջանակներում։
- Հաշվի են առնվում․ խախտման բնույթը, անձի մեղքի աստիճանը, գույքային վիճակը, ինչպես նաև մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։
- Ճանապարհային խախտումների դեպքում, եթե դրանք արձանագրվել են տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ շահագործողը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ։
Մեղմացնող հանգամանքներ
Օրենսդրությամբ մեղմացնող են համարվում, օրինակ․
- անկեղծ զղջումը,
- պատճառած վնասի կամավոր հատուցումը,
- իրավախախտում կատարելը հոգեկան հուզմունքի ազդեցության տակ,
- անչափահասի կողմից խախտում կատարելը,
- հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ կողմից խախտում կատարելը։
Ծանրացնող հանգամանքներ
Ծանրացնող են համարվում․
- իրավախախտումը շարունակելը՝ չնայած այն դադարեցնելու պահանջին,
- մեկ տարվա ընթացքում կրկին նույն իրավախախտում կատարելը,
- անչափահասին ներգրավելը,
- խախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը,
- հարբած վիճակում իրավախախտում խախտում կատարելը։
Մի քանի խախտում կատարելու դեպքում
Եթե մեկ անձը կատարել է երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ, ապա տույժ նշանակվում է յուրաքանչյուրի համար առանձին։
Տույժ նշանակելու ժամկետները
- Ընդհանուր կանոնով՝ տույժ կարող է նշանակվել խախտման օրից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում։
- Որոշ դեպքերում՝ մինչև մեկ տարի կամ նույնիսկ երեք տարի (օր.՝ հարկային, մաքսային կամ անվտանգության ոլորտում խախտումների դեպքում)։
- Շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
Երբ է անձը համարվում տույժի չենթարկված
Եթե վարչական տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում անձը նոր իրավախախտում չի կատարել, ապա նա համարվում է վարչական տույժի չենթարկված։
Ի՞նչ իրավունքներ ունի անձը
- Վարչական ակտի պատճեն ստանալու իրավունք։
- Բացատրություններ տալու կամ չտալու իրավունք։
- Իր գործով ապացույցներ ներկայացնելու իրավունք։
- Որոշումը վերադաս մարմնում կամ դատարանում բողոքարկելու իրավունք։
Ի՞նչ պետք է հաշվի առնել
- Տուգանք նշանակելուց առաջ ստուգեք՝ արդյոք իրավասու մարմինն է այն կիրառել։
- Հիշեք՝ դուք իրավունք ունեք պահանջել բոլոր փաստաթղթերը և ծանոթանալ դրանց։
- Եթե կարծում եք, որ տուգանքը անհիմն է, օգտվեք բողոքարկման ընթացակարգից։
Գանգատարկման ժամկետը
- Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը գանգատարկելու ժամկետը կազմում է 30 օր՝ որոշման հանձման օրվանից (Որոշումը համարվում է անձամբ հանձնված այն պահից, երբ դրա մասին տեղեկացվել է համապատասխան անձին՝ ինչպես սահմանված է ՎԻՎ օրենսգրքի 283-րդ հոդվածով)։
- Նշված ժամկետը, եթե բաց թողնվել է հարգելի պատճառներով, կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունվել է որոշումը։
Դատական պրակտիկա
Դատարանների կողմից բազմիցս ընդգծվել է, որ վարչական տույժի նպատակն պատժելն չէ, այլ կանխարգելումը։ Օրինակ, դատարանները հաճախ չեղարկում են տուգանքներ, եթե արձանագրված է եղել ընթացակարգի խախտում կամ անձի իրավունքների սահմանափակում։
Կարևոր է իմանալ․ Վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։