Աշխատանքի կազմակերպման գործընթացում գործատուն պարտավոր է ապահովել ոչ միայն աշխատողի իրավունքների պաշտպանությունը, այլև առողջության պահպանման և անվտանգության պահանջները։ Այդ պատճառով ՀՀ օրենսդրությամբ սահմանված են կանոններ, որոնք վերաբերում են աշխատողների պարտադիր բժշկական զննությանը։
Ի՞նչ է նախատեսում օրենքը
Պարտադիր նախնական բժշկական զննում չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննում չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը՝ անթույլատրելի է և առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Տուգանքի չափերը
- Առաջին անգամի դեպքում՝ տուգանք նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով,
- Նույն արարքը կրկնելու դեպքում՝ մեկ տարվա ընթացքում վարչական տույժի միջոց կիրառվելուց հետո՝ տուգանք նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Ինչու՞ է կարևոր բժշկական զննումը
Բժկական զննությունը կարևոր է՝
- Աշխատողի առողջական վիճակը պարզելու և աշխատանքի հետ համատեղելիությունը գնահատելու համար,
- Աշխատավայրում հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով,
- Որպեսզի բացառվեն դեպքերը, երբ աշխատողը կարող է վտանգել ոչ միայն իր, այլև գործընկերների առողջությունը։
Ի՞նչ պետք է հիշել
Գործատուն պարտավոր է հետևել, որ աշխատողը անցնի օրենքով նախատեսված նախնական և պարբերական բժշկական զննությունները։ Հակառակ դեպքում գործատուն կարող է ենթարկվել զգալի տուգանքների։
Այս պահանջները սահմանված են ոչ թե ձևականության համար, այլ աշխատողների առողջությունն ու անվտանգությունը ապահովելու նպատակով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։