Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելը՝ օրենքով պատժելի է

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների ամենակարևոր պարտականություններից է։ Սա ոչ միայն բարոյական, այլև իրավական «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով ամրագրված պարտականություն է։

Եթե երեխան խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, նրա ծնողները կամ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սակայն ավելի խիստ պատասխանատվություն է սահմանվում այն դեպքերում, երբ ծնողը կամ խնամակալը չի կատարում երեխայի խնամքի ու դաստիարակության իր պարտականությունները։

Ի՞նչ է նախատեսում  քրեական օրենսգիրքը

Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման,պատժվում է․

  • տուգանքով՝ մինչև տասնապատիկի չափով, կամ
  • որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև 3 տարի, կամ
  • ազատության սահմանափակմամբ՝ մինչև 1 տարի, կամ
  • կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մինչև 2 ամիս, կամ
  • ազատազրկմամբ՝ մինչև 1 տարի։

Եթե այս արարքը․

  1. զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, կամ
  2. անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ այլ ծանր հետևանք,

ապա պատիժը շատ ավելի խիստ է․

  • որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ 2–5 տարի, կամ
  • ազատության սահմանափակում՝ 1–3 տարի, կամ
  • կարճաժամկետ ազատազրկում՝ 1–2 ամիս, կամ
  • ազատազրկում՝ մինչև 4 տարի։

Ինչու է սա կարևոր

  • Երեխայի խնամքն ու դաստիարակությունը ոչ միայն բարոյական պարտականություն է, այլև օրենքով նախատեսված պարտավորություն, ամրագրված ՀՀ օրենսդրությամբ։
  • Օրենքով սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն կանխարգելել անփույթ կամ վտանգավոր վարքագիծը և ապահովել երեխայի իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը։
  • Անչափահասի շահերը համարվում են գերակայող, և պետությունն ապահովում է համապատասխան իրավական մեխանիզմներ՝ նրանց առողջությունն ու բարեկեցությունը պաշտպանելու համար։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել