Հայտնաբերվել և առգրավվել է երեք ատրճանակ. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Աջափնյակ թաղամասի բնակիչ 32-ամյա և Նորագյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդները ապօրինի պահում են զենք-զինամթերք:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ: Օգոստոսի 20-ին` ժամը 18.20-ին, մայրաքաղաքի Կիևյան փողոցում կանգնեցվեց 32-ամյա տղամարդու վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Նա և երկու ուղևորները ձերբակալվեցին ու մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն:

Ուղևորներից մեկը վարորդի հետ նույն հասցեում բնակվող ազգականն էր, որի խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փամփուշտով լիցքավորված թմբուկավոր ատրճանակ: Մյուս ուղևորի` վերոհիշյալ 23-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց ևս մեկ թմբուկավոր ատրճանակ` վեց փամփուշտով:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայում. հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով:

Երեքի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել