Այս հարցերի պատասխանը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ Ժառանգության հարցը վաղ թե ուշ կարող է կանգնել յուրաքանչյուրի առջև․ դա կարող է կապված լինել ծնողների, հարազատների կամ անգամ մեր սեփական գույքի հետ։ Օրենքը հստակ սահմանում է՝ ինչ է համարվում ժառանգություն, ինչպես է այն բացվում և ովքեր կարող են լինել ժառանգ։ Իրավական գիտելիքը անհրաժեշտ է, որպեսզի չկորցնեք Ձեր ժառանգության իրավունքները
Ի՞նչ է ժառանգությունը
Օրենքի համաձայն՝ մարդու մահից հետո նրա ողջ գույքը (տուն, հողամաս, դրամ, արժեթղթեր, պարտքեր և այլն) մեկ միասնական ամբողջությամբ անցնում է այլ անձանց։ Սա կոչվում է համապարփակ իրավահաջորդություն։
Ժառանգության հիմքերը
- Կտակով– եթե ժառանգատուն կենդանության օրոք կազմել է կտակ, ապա գույքը բաժանվում է ըստ նրա կամքի։
- Ըստ օրենքի– եթե կտակ չկա կամ կտակում չի նշված ամբողջ գույքը, ժառանգությունն իրականացվում է օրենքով սահմանված հերթականությամբ։
Ինչ է մտնում ժառանգության մեջ
Ժառանգության զանգվածի մեջ են մտնում․
- Անշարժ գույք, դրամ, արժեթղթեր։
- Գույքային իրավունքներ և պարտականություններ։
Չեն ժառանգվում այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք անձի հետ անքակտելիորեն կապված են․ օրինակ՝ ալիմենտի իրավունքները, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցումը, անձնական ոչ գույքային իրավունքները։
Ե՞րբ է բացվում ժառանգությունը
Ժառանգությունը բացվում է անձի մահվան օրից։ Եթե անձը դատարանի որոշմամբ է մահացած ճանաչվել, ժառանգությունը բացվում է այդ որոշման օրինական ուժի մեջ մտնելու օրը։
Որտե՞ղ է բացվում ժառանգությունը
Ժառանգության բացման վայրը համարվում է մահացածի վերջին բնակության վայրը։ Եթե դա անհայտ է, ապա հաշվի է առնվում նրա անշարժ գույքի գտնվելու վայրը։
Ովքե՞ր կարող են լինել ժառանգներ
- Մահացածի մահվան պահին կենդանի անձինք։
- Սաղմնավորված և ժառանգության բացվելուց հետո ծնված երեխաները։
- Կտակի դեպքում նաև իրավաբանական անձինք, համայնքներ, պետություն, օտարերկրյա կազմակերպություններ։
Անարժան ժառանգներ
Օրենքը նախատեսում է դեպքեր, երբ որոշ մարդիկ կարող են զրկվել ժառանգությունից․
- Եթե դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի կամքը կամ մահափորձ են կատարել նրա կամ այլ ժառանգի նկատմամբ։
- Ծնողական իրավունքներից զրկված ծնողները։
- Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը:
Կարևոր է իմանալ․ ժառանգությունը պետք է ընդունել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։