2014թ «Պետական նպաստների մասին» օրենքը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և լրացումների, որի արդյունքում օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝
1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը.
3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:
Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում: Խորթ որդին և խորթ դուստրը օրենքով նույնպես վերապահվել են նպաստ ստանալու իրավունքով:
Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` այս հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: