Որո՞նք են սովորողների իրավունքները

«Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14–ին ընդունված ՀՀ օրենքի 14–րդ հոդվածով սահմանված են ինչպես սովորողների իրավունքները, այնպես էլ նրանց սոցիալական պաշտպանվածությունը, այսպես` ուսումնական հաստատությունը նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է:

Բացառիկ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով կարող են ստեղծվել հանրակրթական համապատասխան հաստատություններ:

Պետությունն ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած և ծնողական խնամքից զուրկ երեխաների ուսուցումը պետական հանրակրթական հաստատություններում:

Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է բարձրացված չափաքանակներով:

Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

Ռազմաուսումնական հաստատությունների սովորողները դրամական բավարարմամբ, հանդերձանքով, սննդով և կացարանով ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն իրավունք ունեն տվյալ կամ այլ հաստատությունում վճարովի հիմունքներով ստանալ երկրորդ մասնագիտություն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Սովորողներն ատեստավորումը հաջողությամբ անցնելու դեպքում, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իրավունք ունեն տեղափոխվել համապատասխան մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական այլ հաստատություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել