Այսօր Շանթ Հարությունյանի և ընկերների դատական գործը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանում հրապարակվեց դատավճիռը:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց խուլիգանության հոդվածով: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նույն հոդվածով դատապարտվեց նաև ամբաստանյալ Ալբերտ Մարգարյանը, նա անազատության մեջ կլինի 6 տարի: Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն այն չի կիրառվի` Քրեական օրենսգքրի հոդված 70 համաձայն (Պատիժը պայմանականորեն չկիրառաելը):
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը և Ավետիս Ավետիսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` համապատասխանաբար դատապարտվելով 4 և 5 տարվա ազատազրման, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նաև Մկրտիչ Հովհաննիսյանը:
Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը դատապարտվեց 4,5 տարվա, իսկ Լիպարիտ Պետրոսյանը` 5 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալ Միսակ Առաքելյանը մեղավոր ճանաչվեց 258-րդ հոդվածի առաջին մասով, նրա նկատմամբ կիրառվեց տուգանք 50 հազար դրամի չափով, իսկ Սևակ Մնացականյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, ինչպես նաև 2-րդ կետերով` դատապարտվելով 1,5 տարվա ազատազրկման: Տիգրան Պետրոսյանն ու Արմեն Հովհաննիսյանը դատապարտվեցին 1 և 2 տարվա ազատազրկման: Ամբաստանյալ Վահե Մկրտչյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով` ընդհանուր առմամբ դատապարտվելով 7 տարվա ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց:
Հիշեցնենք, որ այս գործով պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ, եթե անցնեն բոլոր դատական ատյաններն ու արդյունքի չհասնեն: