Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և մյուսների գործով այսօր դատախազ Գևորգյանն ընթերցեց մեղադրական ճառը:
Ըստ դատախազի՝թեպետ ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հաստատվել է ամբաստանյալների մեղավորությունը:
Նա միջնորդեց Շանթ Հարությունյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի, Վարդան Վարդանյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին ՝ 6 տարի 6 ամիս, Ալեքս Պողոսյանին 6 տարի, Շահեն Հարությունյանին 5 տարի, Վահե Մկրտչյանին 8,6 ամիս, Ալբերտ Մկրտչյանին 8 տարի, Հայկ Հարությունյանին 6 տարի, Սևակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին 4 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին 5,6 ամիս ժամկետներով: Վերջինս, մինչև մեղադրական ճառի ընթերցումը, հայտարարությամբ հանդես եկավ՝ ամբողջությամբ ընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը:
Մեղադրող դատախազը միայն ամբաստանյալ Միսակ Առաքելյանի համար միջնորդեց տուգանք նշանակել 50.000 դրամի չափով:
Նշենք, որ դատախազի կողմից ամբաստանյալների պատժի չափն արտաբերելիս դահլիճում մարդկանց մոտ ծիծաղ էր առաջանում, իսկ դատական նիստի ողջ ընթացքում հայր և որդի Շանթ ու Շահեն Հարությունյանները գրկախառնված էին. Շանթ Հարությունյանը ժամանակ առ ժամանակ համբուրում էր որդուն:
Դատական նիստը հետաձգվեց: Մյուս նիստի ժամանակ դատարանը կլսի պաշտպանական ճառերը: