Հակակոռուպցիոն կոմիտեն դեկտեմբերի 7-ին պայմանագիր է կնքել «Մեկ պլյուս մեկ» ՍՊԸ-ի հետ՝ կոմիտեի կարքիների համար արարողակարգի ապահովման նպատակով ապրանքների ձեռքբերման համար։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ պայմանագրով ձեռք է բերվել մեկ զույգ կոնյակի բաժակ, որն արժեցել է 80․000 դրամ։ Այսինքն, բաժակներից յուրաքանչյուրի գինը կազմել է 40․000 դրամ։
Հատկանշական է, որ գնումը կատարվել է Հակակոռուպցիոն միջազգային օրվանից՝ դեկտեմբերի 9-ից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին։
Մինչ այդ, Հակակոռուպցիոն կոմիտեն նոյեմբերի 23-ին պայմանագիր է կնքել «Նռնենի հաուս» ՍՊԸ-ի հետ, որով թանկարժեք կոնյակներ և մի քանի այլ ապրանքներ է ձեռք բերել։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 152․348 դրամ։
Մասնավորապես, գնվել է․
- գիլաս՝ չարազեղենով, որի կիլոգրամն արժեցել է 8․000 դրամ, գնվել է 112 դրամի,
- կարմիր սալոր, կգ-ն՝ 5․500 դրամ, գնվել է 4․950 դրամի,
- ծիրանի չիր, կգ-ն՝ 5․000 դրամ, գնվել է 3․390 դրամի,
- թուզ՝ ընկույզով, կգ-ն՝ 7500 դրամ, գնվել է 1650 դրամի,
- դեղձի չիր (բնական), կգ-ն՝ 7․000 դրամ, գնվել է 7․294 դրամի,
- սև սալորի չիր, կգն-ն՝ 5․500 դրամ, գնվել է 5․577 դրամի,
- տանձի չիր, կգ-ն՝ 7․000 դրամ, գնվել է 1․722 դրամի,
- ընկույզ, կգ-ն՝ 8․500 դրամ, գնվել է 153 դրամի։
Գնվել է նաև 3 հատ դիզայներական պարագա, յուրաքանչյուրը՝ 3000 դրամ, ընդհանուր՝ 9․000 դրամ։
Այս պայմանագրի շրջանակներում գնված խմիչքները եղել են․
- 365 Սերկևիլի հուշանվերային գինի – 0․05լ, 1․300 դրամ,
- 25 կոնյակ Նաիրի – 0․7լ, 53․000 դրամ,
- 16 կոնյակ Նաիրի – 0․5լ, 40․500 դրամ,
- 15 կոնյակ Տոնական – 0․5, 23700 դրամ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործումն է, այդ թվում` կոռուպցիան ծնող պատճառների վերհանումը և դրանց վերացումը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության և հանրային ծառայողների անհանդուրժողական վերաբերմունքի սերմանումը և տարածումը, կոռուպցիայի համատարած և շարունակական նվազեցումը:
Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որպես առաջադրված խնդիր, նախատեսում է նաև` հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը` հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ապահովման համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ:
Իրավաբան.net-ի բանավոր հարցմանը ի պատասխան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունից նշեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առանց մրցույթի մեկ անձից կատարած ավտոմեքենաների գնումները, ինչպես նաև այս ոչ անհրաժեշտ և ոչ հիմնավոր գնումները, որևէ կերպ չեն կարող նպաստել հանրության շրջանում Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը:
Հ․գ․ լուսանկարում պատկերված ապրանքները կարող են չհամապատասխանել բուն գնման ապրանքներին