Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։
Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին նիստի կազմակերպման համար։
ՀՀ փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, և այս համատեքստում ընդգծել է կոոպերացիայի ամրապնդմանը, տնտեսությունների արդիականացմանը և նորարարությունների ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի ժամանակին ընդունման անհրաժեշտությունը և կարևորությունը։
Փոխվարչապետն իր ելույթում նշել է նաև, որ կայուն և համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման և արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։
«Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին», – նշել է փոխվարչապետը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։
Ելույթի վերջում Մհեր Գրիգորյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ԱՊՀ շրջանակներում կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը՝ խոստումնալից և փոխշահավետ նախագծերի իրականացման նպատակով։