Գլխավոր դատախազը համալիր ստուգում է նախաձեռնել երեք կայազորային զինվորական դատախազություններում. ստեղծել է աշխատանքային խումբ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 26-ին հրաման է ստորագրել՝ Կապանի, Լոռու և Երևանի կայազորների զինվորական դատախազություններում համալիր ստուգում իրականացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը հղում անելով ՀՀ դատախազությանը։

Համաձայն N 72-Լ հրամանի՝ ստուգումը կիրականացվի 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դատախազական լիազորությունների իրականացման և գործունեության կազմակերպման ուղղություններով:

Ստուգումն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ղեկավարն է Դավիթ Նավասարդյանը՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետի պաշտոնակատարը:

Աշխատանքային խմբի կազմում են նաև՝

  • Արշակ Մարտիրոսյանը՝ Երևանի կայազորի զինվորական դատախազ,
  • Վիգեն Հարությունյանը՝ Լոռու կայազորի զինվորական դատախազ,
  • Վազգեն Վարդանյանը՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետի պաշտոնակատար,
  • Էդուարդ Պողոսյանը՝ կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազ:

Համաձայն հրամանի հավելվածի՝ ստուգումները կներառեն բազմաթիվ ուղղություններ, այդ թվում՝

  • Հանցավորության վիճակի, կառուցվածքի, շարժընթացի վերլուծության մակարդակի ուսումնասիրություն
  • Հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների պարզման և հանցագործությունների բացահայտման վիճակի գնահատում
  • Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված հսկողության արդյունավետության գնահատում
  • Դատարանում մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման պրակտիկայի ուսումնասիրություն
  • Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության իրականացման վիճակի վերլուծություն
  • Դիմումների, բողոքների ու գրագրությունների քննարկման և քաղաքացիների ընդունելության կազմակերպման ընթացակարգերի գնահատում
  • Ներքին կարգապահական կանոնների պահպանման վիճակի ուսումնասիրություն

Աշխատանքային խմբի ղեկավարը պարտավորվել է հրամանի ստորագրումից հետո երկօրյա ժամկետում նշանակել պատասխանատուներ, իսկ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը ստուգման արդյունքներով կազմել ամփոփ զեկուցագիր և ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին:

Աշխատանքային խմբի անդամները ստուգումներն իրականացնելու են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը: Հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել