2025 թվականին Հայաստանն առաջին անգամ հարկման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ է փոխանակում ՏՀԶԿ (OECD) նախաձեռնած ավտոմատ համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ։ Սեպտեմբերի 30-ին ավարտվեց տվյալների փոխանակման ընթացիկ տարվա գործընթացը։ Հաջորդ տարիներին գործընկեր պետությունների թիվը կընդլայնվի։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը (CRS)
Հայաստանը 2023-ից կիրառում է ՏՀԶԿ մշակած CRS ստանդարտը, որի շրջանակում երկրների միջև տարեկան մեկ անգամ փոխանակվում են ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տվյալները։ Փոխանակում չի իրականացվում այն պետությունների հետ, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի (Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան)։
Ո՞ւմ է վերաբերում
- Բոլոր ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ՀՀ բանկերում կամ ներդրումային ընկերություններում ունեն հաշիվներ։
- Հաշվետու ֆինանսական հաստատությունները պարտավոր են այդ տվյալները տրամադրել ՊԵԿ-ին։
Ինչպե՞ս է իրականացվելու
- Հայաստանի ֆինանսական հաստատությունները տվյալները փոխանցելու են ՊԵԿ-ին։
- ՊԵԿ-ը դրանք ավտոմատ ուղարկվելու է ոչ ռեզիդենտների հարկային ռեզիդենտության երկրների հարկային մարմիններին։
- Նույն ձևով ՀՀ-ն ստանում է հայաստանյան ռեզիդենտների հաշիվների վերաբերյալ տվյալներ գործընկեր երկրներից։
- Տեղեկությունները հասանելի են միայն հարկային մարմիններին։
Ի՞նչ տվյալներ են փոխանակվում
- Նոր հաշիվներ՝ բացված 2024թ․ հունվարի 1-ից հետո։
- Գործող հաշիվներ՝ մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ։
- Իրավաբանական անձանց դեպքում տեղեկություններ տրամադրվում են, եթե հաշիվների մնացորդների հանրագումարը տարվա վերջում գերազանցում է 250․000 ԱՄՆ դոլարը։
- Ֆիզիկական անձանց դեպքում հաշվի մնացորդի շեմ սահմանված չէ։
Ի՞նչ նպատակ ունի ստանդարտի ներդրումը
Ստանդարտը ներդրվել է՝
- հարկային կարգապահությունն ու թափանցիկությունը բարձրացնելու,
- օֆշորային հաշիվները նվազեցնելու,
- հարկային եկամուտների աճ ապահովելու նպատակով։
Նշենք նաև, որ եղեկությունների փոխանակումն իրականացվում է բացառապես հարկման նպատակով, հետևաբար փոխանակման ենթակա չեն ՀՀ քաղաքացիների տվյալները։
Հիշեցում․ ռեզիդենտության մասին
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանում և (կամ) նրանց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, այսինքն, նրա ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը գտնվում է Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք: ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որի գտնվելու վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը։