«Մի հատ զարմանալու բան ասեմ, ես էս տղային չհիշեցի»․ Վլադիմիր Գասպարյանը՝ դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 22-ին, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատաքննությունը։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է՝ Գասպարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանը (Գասպարյանը) ՊՆ ՌՈ ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, վերջինիս աշխատավարձ է վճարել։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 17միլիոն 275 հազար 721 դրամի վնաս:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատշաճ կերպով ծանուցվել և դատական նիստին ներկայացել էին վկաներ Արշավիր Մխիթարյանն ու Լևոն Սուքիասյանը։

Առաջինը հարցաքննվեց Լևոն Սուքիասյանը, որը չէր ճանաչում դատավարության մասնակիցներից և որևէ մեկին։ Նախաքննական մարմնում նա հարցաքննվել էր ավտոմեքենայի գնման հարցի կապակցությամբ։ Ըստ վկայի՝ երբ իր 18 տարեկանը լրացել էր, ծնողները որոշել էին ավտոմեքենա նվիրել, համացանցի միջոցով են տեսել մեքենան, գնացել են, մեքենան տեսել և գնել։ Հայտնեց, որ ավտոմեքենայի գումարը կազմել է մոտ 100 հազար դոլար։

Գործարքը կատարելիս ոչ մեկին չեն ճանաչել, հետո են իմացել, որ Վլադիմիր Գասպարյանի ավտոմեքենան է։ Ավտոմեքենան գնել են 2014 թվականին։

Դատախազ Արմեն Մուրադյանը հարցրեց, թե մեքենայի առքուվաճառքի հետ կապված շփումներն ում հետ են եղել, վկան ասաց՝ չի հիշում, թղթերը հանձնել են, գործարքը արել, տվել են։ Մեքենայի հաշվառման համարների վերաբերյալ ևս հայտնեց, որ հստակ թվերը չի հիշում։

– Արշակ Հակոբյանին ճանաչո՞ւմ եք։

– Անձամբ չէ, բայց լսել եմ։

– Որևէ առնչություն ունեցե՞լ եք մեքենայի առքուվաճառքի հետ կապված։

– Չէ, ես չեմ տեսել։

– Ասում եք՝ մեքենայի համար գումար եք վճարել, մինչդեռ վարույթի նյութերում ձեռք բերված տվյալների համաձայն դա նվիրատվություն է եղել, հիմա փաստացի հիշո՞ւմ եք՝ գումար վճարե՞լ եք, թե՞ ոչ։

– Վճարել ենք, չգիտեմ՝ էնտեղ ինչ է գրվել, անծանոթ մարդ հո նվեր չի տա։

– Թղթերով նվիրատվություն է գրված, այսինքն՝ գումար վճարել եք մոտ 100 հազար դոլարի չափով։

– Հա՛։

Հարցին, թե հիշում է արդյոք գումարը կանխիկ է վճարվել, թե անկանխիկ եղանակով, վկան նշեց, որ չի հիշում, նաև նշեց, որ չի հիշում՝ ավտոմեքենայի վաճառքով ով էր այդ ժամանակ զբաղվել․ «Ո՛չ Գասպարյան Վովան ա եղել, ո՛չ էլ Արշակ Հակոբյանը»։

Դատավորը հարցրեց՝ ում մոտ ավտոմեքենան տեսել է, այդ անձին հաշվառման քննական բաժանմունքում հանդիպել է, թե ոչ, վկան ասաց՝ մի պահ հնարավոր է տեսած լինի, հետո աշխատակիցների արդեն գործարքներն են կատարել։

Վկա Լևոն Սուքիասյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդիվ հարցաքննվեց Արշավիր Մխիթարյանը։

Նա նշեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է Վլադիմիր Գասպարյանին, աշխատել է վերջինիս ղեկավարությամբ՝ որպես ոստիկանության պետի ռեֆերենտ։

Ըստ նրա՝ նախաքննական մարմնում հարցեր են տվել Վլադիմիր Գասպարյանի կնոջ մասին՝ աշխատել է, թե ոչ, նաև հարցրել են՝ հնարավոր է եղել, որ ոստիկանությունում աշխատեն, աշխատանքի չհաճախեն, աշխատավարձ ստանան։ Ասել է, որ ոստիկանությունն այն հիմնարկը չի եղել, որ գրանցված աշխատողներ լինեն և չհաճախելու դեպքում աշխատավարձ ստանան։ Իր աշխատանքային գործունեության շրջանակներում չի առնչվել Սուսաննա Գասպարյանի հետ։

– Կհայտնեք՝ ո՞ր թվականներին եք աշխատել ոստիկանությունում և որպես ինչ։

– 2012 թվականի նոյեմբերի 1-ից, եթե չեմ սխալվում, աշխատել եմ ոստիկանության պետի ռեֆերենտ, դրանից հետո աշխատել եմ փոխոստիկանապետի օգնական, անցել եմ թոշակի, 2018 թվականին աշխատել եմ Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետ, հետո անցել եմ կադրերի ռեզերվ, վերջերս նշանակվել եմ Ճամբարակի բաժնի պետ ու անցել եմ թոշակի՝ իմ զեկուցագրի համաձայն։

– Որպես ոստիկանապետի ռեֆերենտ՝ Ձեր վրա ի՞նչ պարտականություններ են դրված եղել։

– Քաղաքացիների ընդունելություն, չորեքշաբթի օրերին է եղել։

– Իսկ այդ պարտականությունը Ձեր վրա գրավո՞ր է դրված եղել, թե՞ բանավոր, ո՞վ է ասել, որ Դուք այդ գործառույթները պետք է անեք։

– Գործառույթն իրականացրել ենք օգնականի՝ Հակոբյան Մերուժանի հետ։

– Ձեր աշխատանքային գրաֆիկը ինչպե՞ս է եղել և որտե՞ղ է աշխատավայրը եղել։

– Աշխատանքային գրաֆիկը եղել 9-ին 15 պակասից մինչև ժամը 6-ը, բայց եթե պետք ա եղել, մնացել ենք մինչև ժամը 7-8-ը։ Աշխատանքի վայրը գտնվել է ոստիկանության շենքում Նալբանդյան փողոցում։

Աշխատել է 4-րդ հարկում, և բացի իրենից, այդ հարկում եղել են ոստիկանության աշխատակազմը և Վլադիմիր Գասպարյանի օգնականները, խորհրդականները։ Որպես ռեֆերենտ այլ վայրում իր աշխատանքային գործունեությունը չի ծավալել, չի եղել դեպք, որ աշխատանքից բացակայի․ «Վլադիմիր Գասպարյանի կնոջը չեմ ճանաչում, շենքում շատ մարդու ենք հանդիպել, բարևել, բայց հիմա կոնկրետ ում եմ տեսել, ոնց եմ տեսել, ում կինն է եղել, ում քույրը, ես չգիտեմ»։

Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը ևս հարցեր ուղղեց վկային՝ հետաքրքրվելով, թե արդյոք ոստիկանապետի աշխատասենյակն իրեն տեսանելի էր, թե ոչ, վկան ասաց՝ ոչ, տեսանելի չի եղել․ «Աշխատասենյակներն այսպես են բաշխված եղել․ աստիճաններով բարձրացել ենք, վերելակն է եղել, աստիճաններից ձախ նստել են Կիրակոսյան Միշան ու Բորյան Վալոդյան, դիմացը եղել է Մանուկյան Նունեի առանձնասենյակը, կողքը ոստիկանության աշխատակից է եղել, ում մոտեցել են ընդունելությունից առաջ, կողքը եղել է քարտուղարությունը, դիմացն աշխատակազմի ղեկավարն էր, ձախ կողմում էլ մեր աշխատասենյակն է եղել»։

Հարցին, թե ոստիկանապետի աշխատասենյակը հասնելու համար ինչ էր պետք, վկան ասաց «պռապիսկան» անցել են, ընդհանուր դուռ է եղել, որը միշտ փակ է եղել, միջանցքով անցնելիս ուղիղ աջ կողմում ոստիկանապետի ընդունարանն է եղել։ Վկայի հարցաքննությունն ավարտվեց, որից հետո Վլադիմիր Գասպարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ օրինակ, Նարեկ Մալյանը նստել է Ակադեմիայում, բայց եղել է իր խորհրդականը, Էդիկ Բարսեղյանը, որն իի օգնականն է եղել, նստել է «Գայիում», հիմնարկում 1200 մարդ է աշխատել։

«Մի հատ զարմանալու բան ասեմ, ես էս տղային չհիշեցի, շատ անկեղծ եմ ասում, բայց անուն, ազգանունով իմացա՝ իմ տեղակալ Գագիկ Համբարձումյանի փեսան ա, ինքը Մերուժան Հակոբյանի տրամադրության տակ էր, ես իրեն չեմ տեսել, էդ ընդունելությունը Մերուժանն էր կազմակերպում»,-ասաց Գասպարյանը։

Դատավորը նշեց, որ այսօրվա դատական նիստին հարցաքննելու նպատակով ծանուցագիր է ուղարկվել նաև Նունե Մանուկյանին, որը ԱՄՆ-ում է գտնվում, «ՍԷԿՏ» հարցում է կատարվել, ծանուցագիրը չպահանջված նշումով վերադարձվել է։

Ըստ «ՍԷԿՏ» (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ) հարցման տվյալների՝ Մանուկյանը 2021 թվականի նոյեմբերի 11-ին դուրս է եկել Հայաստանի տարածքից։ Դատարանը հարցում էր կատարել ՔԿԱԳ գործակալություն՝ Արմեն Գևորգյանի մահվան վերաբերյալ փաստական հանգամանքը ճշտելու համար, և ըստ պատասխանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին գրանցվել է վերջինիս մահը։

Դատախազ Արմեն Մուրադյանը հայտնեց՝ հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանի մասով որևէ հանգամանք չի փոփոխվելու, առաջարկեց հրապարակել Գևորգյանի նախաքննական ցուցմունքը։ Հրապարակելու վերաբերյալ առարկություն չկար, դատախազը հրապարակեց 2019 թվականին տեղի ունեցածի հարցաքննությունը։

2011-2018 թվականի սեպտեմբեր ամիսը Գևորգյանը զբաղեցրել է ոստիկանության Մշակույթի կենտրոնի պետի պաշտոնը։ Ըստ նրա՝ կենտրոնի կողմից կազմակերպվել է և պատշաճ կերպով իրականացվել են ոստիկանության մշակութային կյանքին վերաբերող տարբեր միջոցառումներ։

Իր ղեկավարման ժամանակահատվածում ոստիկանության Մշակույթի կենտրոնում աշխատել են նաև Քնարիկ Սասունյանը, Արեգ Առուստամյանը, Սյուզի Մովսիսյանը, քարտուղարուհի Ագապին, տնտեսվար Վահանը, այլ անձանց չի մտաբերել։

Նկարահանվել են ոստիկանությանը նվիրված տեսահոլովակներ, խումբը պարապել է ոստիկանության հովանավորմամբ, վճարովի չի եղել։ Վկան նշել էր, որ  Վլադիմիր Գասպարյանին ճանաչել է շուրջ 30 տարի, դեռևս «Արևիկ» մանկական երգչախմբի ղեկավար լինելու ժամանակներց ճանաչել է վերջինիս դստերը՝ Անգելինա Գասպարյանին, որը հաճախել է այդ խումբ։ Հանդիսացել է նրա պրոդյուսերը, դասավանդել է, Մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ երգել է նաև Անգելինա Գասպարյանը։

Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի հետ առնչվել է միայն դստեր երգերի տեսահոլովակների նկարահանման, ձայնագրման հարցերի հետ կապված։ Նա նաև նշել էր, որ այն ժամանակահատվածում, երբ ինքը եղել է կենտրոնի պետը, այդ ընթացքում Սուսաննա Գասպարյանը չի աշխատել այնտեղ, նրա աշխատավայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ունեցել։

Դատախազը խնդրեց այն անձանց վերաբերյալ, որոնց ծանուցագրերը վերադարձվել է չպահանջված նշումով, ոստիկանության միջոցով վերջիններիս ծանուցագիր ուղարկել, իսկ մյուսների վերաբերյալ միջնորդեց հարկադրաբար ներկայացնելու մասին որոշում կայացնել։

Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին վկաներ Քնարիկ Սասունյանի, Կորյուն Մկրտչյանի և Վահան Նաջարյանի վերաբերյալ ծանուցագրեր ուղարկել ոստիկանության տարածքային համապատասխան ստորաբաժանումների միջոցով, իսկ Սյուզաննա Մովսիսյանին մեկ անգամ ևս ծանուցել դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել