Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է մեկ անձից գնումների էլեկտրոնային համակարգից, Ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 1-ին մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Չեխ Ավտո» ՍՊԸ-ի հետ՝ ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման վերաբերյալ:
Պայմանագրի մանրամասները.
Կնքված պայմանագրի (ՀՀ ՆԳՆ ՍՄԱՁԲ-2025/Ս-116) ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն դրամ: Ըստ պայմանագրի՝ «Չեխ Ավտո» ՍՊԸ-ն պարտավորվում է մատուցել «Շկոդա սուպերբ» մակնիշի տրանսպորտային միջոցների վերանորոգման և պահպանման ծառայություններ, որոնք ՆԳՆ-ն ձեռք է բերել 2023 թվականի ընթացքում:
Պայմանագրով նախատեսված ծառայությունները ներառում են շարժիչի յուղի փոխարինում, յուղի և օդի զտիչների փոխարինում, դիմապակու արգելակման նյութերի փոխարինում, անվադողերի սեզոնային փոխարինում, կայծամոմերի փոխարինում, էլեկտրական մարտկոց և այլ տեխնիկական սպասարկման աշխատանքներ:
Որպես պայմանագրի կատարման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:
Պայմանագիրը ստորագրվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խ. Իգիթյանի և «Չեխ Ավտո» ՍՊԸ տնօրեն Ա. Սարգսյանի կողմից:
Մեկ անձից գնման իրավական հիմքը.
Որպես գնման պահանջի ծագման հիմք՝ ՆԳՆ-ն հղում է կատարել ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշմանը և Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, համաձայն որի՝ «Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ»:
ՆԳՆ-ի 27.08.2025թ. N 12/269 գրությամբ նշվում է, որ «Չեխ Ավտո» ՍՊԸ-ն ունի մասնագիտական գործունեության համապատասխանություն, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ:
«Չեխ Ավտո» ՍՊԸ-ի մասին տեղեկություններ.
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Չեխ Ավտո» ՍՊԸ-ն գրանցվել է 2011 թվականի մայիսի 10-ին: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 50,000 ՀՀ դրամ, իսկ գործադիր մարմնի ղեկավարն է Արմեն Հովակիմի Սարգսյանը:
Ընկերության հիմնական գործունեության ոլորտն է ավտոպահեստամասերի և ավտոպարագաների ներմուծումը, ընթացիկ նորոգումը, ինչպես նաև ավտոմեքենաների ներկրումը: Ընկերությունը հանդիսանում է «Շկոդա» ավտոմակնիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերության սեփականատերերը և իրական շահառուները.
Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության մասնակիցներն են՝
- Վահե Գևորգի Պետրոսյանը – 24% (12,000 դրամ),
- «ՌԵԱԼԻՆՎԵՍՏ» ՍՊԸ – 61% (30,500 դրամ),
- Ավետիք Գառնիկի Միրզոյանը – 7% (3,500 դրամ),
- Արտյոմ Սերոբի Չախալյանը – 4% (2,000 դրամ),
- Հովհաննես Գառնիկի Բարսեղյանը – 4% (2,000 դրամ)։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի համաձայն՝ ընկերության հիմնական շահառուներն են Վահե Պետրոսյանը (24% ուղղակի մասնակցությամբ) և Կարեն Թերզիյանը, ով 61% մասնակցություն ունի «ՌԵԱԼԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի միջոցով, որի տնօրենն է: Հայտարարագրում նշված է, որ Կարեն Թերզիյանը նաև «ԱՐՏՄԻԴԵԱ» ընկերության տնօրենն է, որն էլ կապված է «ՌԵԱԼԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի հետ:
Նախկին գնումների պատմությունը.
Հարկ է նշել, որ էլեկտրոնային կառավարման համակարգում առկա տվյալների համաձայն, ՆԳՆ-ն 2025 թվականի ընթացքում «Չեխ Ավտո» ՍՊԸ-ից արդեն իսկ կատարել է 6 գնում՝ ավելի քան 95 միլիոն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով: