Արդարադատության նախարարությունը 2023 թվականի հունվարի 17-ին ներկայացուցչական ծառայությունների նպատակով պայմանագիր է կնքել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակներում «Էվրիկա» սուպերմարկետից 1․100․000 դրամի գնումներ է կատարել։
Iravaban.net-ն ուսումնասիրել է նախարարության կողմից կատարված գնումները, ըստ որոնց ձեռք են բերվել մի շարք մթերային ապրանքներ, այդ թվում․ սուրճեր՝ «Ռոյալ Արմենիա», «Լեբբո», «Փարիզյան», «Ջերմուկ» հանքային ջուր, «Բյուրեղ» ջուր։ Մրգեր՝ խնձոր, կիվի, նարինջ։
Ձեռք են բերվել նաև ալկոհոլային խմիչքներ՝ կարմիր և սպիտակ «Կարաս» գինիներ (0.7լ, 2 հատ), արժեքը կազմել է 10․360 դրամ, Կոնյակ «Ախթամար» (0.7լ, 0․5 լ), արժեքը կազմել է 33730 դրամ, կոնյակ «Վասպուրական»՝ 15 տարեկան (0.5լ․) արժեքը կազմել է 26․230 դրամ։
Ձեռք են բերվել տարբեր տեսակի չրեր՝ ծիրանի, դեղձի, արքայանարնջի, խնձորի, կարմիր սալորի, տանձի։
Գնված մթերքների ցանկում էր նաև կոնֆետների և շոկոլադների տեսականի՝ Ritter, Milka, Lindt, Ritter sport, ինչպես նաև գազավորված ըմպելիքներ՝ Կոկա-կոլա, Ֆանտա, Սփրայթ։