Եկեղեցին երբևիցե չի կարող մշակույթ բնաջնջել․ Տեր Պարթև քահանա Մուրադյան

Քրիստոսի առաքյալները հոգեգալստից հետո, երբ ստացան լեզուներով խոսելու շնորհը, սփռվեցին աշխարհով մեկ, որ տարածեին Աստծո լույսը, քրիստոնեությունը։ Այս մասին Իրավաբան.net-ի «Եկեղեցին և իրավունքը»  հարցազրույցների շարքի շրջանակում ասաց Արարտյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը։

– Ե՞րբ և ինչպե՞ս տեղի ունեցավ քրիստոնեության մուտքը Հայաստան։

– Հայաստան եկան Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնցից էլ սկսվեց մուտքը։ Նրանք համարվում են մեր առաջին լուսավորոիչները, ովքեր եկան և քրիստոնեության լույսը բերեցին Հայաստան։ Այնուհետև՝ Գրիգոր Լուսավորչի՝ մեզ տված լույսով որպես պետական կրոն դարձավ քրիստոնեությունը և տարածվեց ամբողջ Հայաստանով մեկ։

– Շատ է շրջանառվում այն տեսակետը, որ քրիստոնեությունը, գալով Հայաստան, ջնջեց, վերացրեց հեթանոսական մշակույթը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

– Քրիստոնեությունը լուսավորեց մեզ և լուսավորելով՝ ստեղծեց քրիստոնեական եկեղեցին և այն եկեղեցին, որը մինչև այսօր պահում է մեր բոլոր ազգային ավանդույթներն իր մեջ. տոներից սկսած մինչև ամենագեղեցիկ ազգային ավանդույթները, որոնք պահպանված են եկեղեցու մեջ։ Ես կարծում եմ՝ այն կառույցը, որ պահում է ազգային տոներն ու ավանդույթները, երբևիցե չի կարող մշակույթ բնաջնջել։ Եվ երբ նայում ենք, մեր պատմության մեջ, մեր բոլոր պատմիչները և մանավանդ մշակութային գործիչները աճել են եկեղեցուց և հիմնականում հոգևորականներ են եղել, որովհետև հոգևորականները, գլուխ ունենալով եկեղեցին, ավելի արժևորել են ազգային-եկեղեցի կապը։ Ես կարծում եմ, որ նման եկեղեցին չի կարող ուղղակիորեն մշակույթ բնաջնջել։

– Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց, որ քրիստոնեությունը տարածում գտնի մեր երկրում։

– Առաջին դարից սկսած արդեն քրիստոնեությունը սկսեց իր արմատները գցել մեր երկրում, և գիտենք արդեն հայտնի դեպքերը՝ Գրիգոր Լուսավորչի հետ կապված, որի հրաշքի միջոցով արդեն սկսվեց։ Շատ արագ տարածվեց մեր երկրում։ Ես կարծում եմ՝ Աստծո նախախնամությունն է դա, որ մի երկիր, որը տենչում էր լուսավորություն, արագ ստացավ։

– Ինչ պատմություններ և ավանդություններ կան քրիտոնեության տարածման ու պետական կրոն դառնալու հետ կապված:

– Քառասուն կույսերի պատմությունն է, որոնք, որպեսզի ապաստան գտնեին, քանի որ այդ ժամանակ հալածվում էին քրիստոնյա լինելու համար, գալիս են Հայաստան։ Եվ մինչ այդ էլ Գրիգոր Լուսավորիչը, որը եղել էր այն իշխանի զավակը, որը սպանել էր Տրդատ թագավորի հորը, ծառայության էր Տրդատ թագավորի մոտ։ Նա կրթություն ստացել էր Կեսարիայում, այնտեղ էլ լուսավորվել էր և քրիստոնեություն ընդունել։ Այս մասին չգիտեր թագավորը, սակայն մի արարողության ժամանակ, որտեղ պետք է զոհ մատուցվեր չաստվածուհուն, Գրիգոր Լուսավորիչը հրաժարվում է, որտեղից էլ բացվում է իր քրիստոնյա լինելը և նաև բացվում է իր ով լինելը։ Այդ պատճառով իրեն, որպես մահապատիժ, գցում են վիրապը, որտեղ գցում էին այն մարդկանց, ովքեր մահվան էին ենթակա։

Այս դեպքից հետո արդեն կույսերն են գալիս Հայաստան և բնակվում Հայաստանում՝ Վաղարշապատում, որն այդ ժամանակ մայրաքաղաքն էր։ Թագավորը, իմանալով կույսերի մասին, մանավանդ, տեսնելով Հռիփսիմե կույսին, որին սիրահարվում է, ցանկանում է ամուսնանալ, սակայն թագավորը հեթանոս էր, Հռիփսիմե կույսն էլ իր անձը նվիրաբերել էր Քրիստոսին և չէր ցանկանում, մերժում է թագավորին, առաջացնում է թագավորի զայրույթը։ Եվ թագավորն էլ հրաման է տալիս, որ տանջամահ անեն բոլոր կույսերին։ Այս դեպքից հետո թագավորը շատ վատ հիվանդությամբ է հիվանդանում, և թագավորի քրոջը երազ է գալիս, որտեղ ասվում է, որ միայն Գրիգորը կարող է բժշկել։

Թագավորը սկզբից թերահավատորեն է մոտենում, որովհետև Գրիգոր Լուսավորչին վիրապը նետելուց արդեն 13 և ավելի տարիներ են անցած լինում և այնտեղ մի քանի օրից ավել ոչ ոք չի դիմանում, սակայն մարդ է ուղարկում և, ի զարմանս բոլորի, պարզվում է, որ Գրիգորը ողջ է։ Նրան դուրս են բերում վիրապից, Գրիգորը բժշկում է թագավորին։ Այս հրաշքից հետո թագավորի մոտ արթնանում է լուսավորության տենչը։ Նա և ամբողջ արքունիքը, այնուհետև՝ ամբողջ ազգը մկրտվում են և դառնում քրիստոնյա։

– Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի․ ե՞րբ այն առանձնացավ քրիստոնեական մյուս եկեղեցիներից և ինչու՞։

– Մինչև 5-րդ դարը մենք ունեցել ենք մեկ ընդհանուր տիեզերական եկեղեցի, որը ժառանգորդն էր առաքելական բոլոր ավանդույթների։ Եվ 5-րդ դարում տեղի է ունենում Քաղկեդոնի ժողովը, որտեղ առանձնանում են եկեղեցիները, սակայն մեզ հայտնի պատճառներով այդ ժամանակ Հայաստանից որևէ ներկայացուցիչ չի կարողանում ներկա լինել, սակայն հետագայում, երբ ուղարկում են ժողովի նյութը, մեր եկեղեցին հրաժարվում է ընդունել այս տեսակետը և մնում է հավատարիմ քրիստոնեական, տիեզերական մեծ եկեղեցուն։ Եվ մինչ օրս էլ մեր եկեղեցին պահում է առաքելական բոլոր ավանդույթները, ինչ որ մենք ժառանգել ենք հենց Քրիստոսից։

– Ո՞ր պահից եկեղեցին դարձավ ազգային կառույց և նշանակալի դեր ստանձնեց ազգային արժեքների պահպանման գործում։

– Ես կարծում եմ, որ քրիստոնեության ընդունումից արդեն, տարածումից սկսած եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլև մշակութային և ազգային կառույց է, որովհետև եկեղեցին, եկեղեցականը, հոգևորականը սկզբից ի վեր քաջ գիտակցել են, որ կրթյալ անձը կարող է միայն հավատարիմ լինել իր արժեքներին։ Եվ այդ արժեքների պահպանմանը միտված են եղել, որովհետև վաղ քրիստոնեական շրջանից արդեն մեր բոլոր վանքերում եղել են կրթական դպրոցներ, որտեղ կրթություն են ստացել անձինք։

Քիչ առաջ նշեցի՝ բոլոր մեր պատմիչները հիմանկանում հոգևորականներ են, որովհետև գիտակցել և արժևորել են, որ ազգի տեսակը, երեսը պահելու համար պետք է ունենալ գրականություն, պատմություն և մշակույթ։ Եվ այս ամենն արժեք է ներկայացնում իրենից, ինչպես որ կրոնը և քրիստոնեությունն իրենցից արժեք են ներկայացնում։ Այս գիտակցումից ի վեր միտված են եղել զարգացմանը։

Դրա հետևանքն էր նաև, որ ունեցանք գրերի գյուտը, որովհետև ժամանակին մեր հայրապետ և վարդապետ սրբերը՝ Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը, քաջ գիտակցելով, որ արդեն պահն է՝ կրթական համալիրների կողքին և քրիստոնեության տարածմանը զուգահեռ պետք է հայերն ունենան իրենց գիրը, որով կարող են նաև հայերեն գրել, կարդալ, սովորել, նրանք զարկ տվեցին գրերի գյուտի ստեղծմանը։ Հայերը սկսեցին հայերեն աղոթել։

– Տեր Պարթև, ավարտելով զրույցը, խոսենք այն մասին, թե ի՞նչ դեր կարող է ունենալ և ի՞նչ կարող է անել եկեղեցին հասարակության մեջ առկա ներկայիս երկփեղկվածությունն ու սոցիալական բևեռացումը հաղթահարելու գործում` ելնելով իր պատմության նմանատիպ իրավիճակների քաղված դասերից։

– Եկեղեցի երբ ասում ենք, մենք հասկանում ենք բոլոր եկեղեցու զավակներին, քրիստոնյա հավատացյալներին, որոնք եկեղեցու անբաժան մասն են կազմում։ Այսինքն՝ եթե եկեղեցին մի բան պիտի անի, պիտի անեն ամբողջ եկեղեցին, շենքը, հոգևորականը և հավատացյալը միասին։ Ամենակարևոր բանը, որ մենք պետք է անենք այն է, որ նորոգենք մեր ուխտը Աստծո հետ։

Այն ուխտը, որից շատ ժամանակ հեռանում ենք հենց մեր իսկ կամքով՝ չկատարելով այն պատգամները, որ մեզ ավանդել է Աստված, որովհետև այդ պատգամները կարատելով՝ մեր հավատարմությունն ու վստահությունն ենք բերում Աստծուն։ Ինձ թվում է, որ այդ հավատարմությունն ու վստահությունը պիտի նորոգենք։

Եվ կարողանանք Աստծուն վստահելով, պատգամները կատարելով մեկս մյուսի հանդեպ հարգալից սիրով և բարությամբ լցվելով՝ շտկել մեր մեջ այն բացը, որն առաջացել է Աստծուց և նրա պատգամներից հեռանալուց հետո։ Այս ամենը կատարելով՝ մենք կարող ենք կրկին միավորվել, մեր հավատարմությունն ու վստահությունը բերել Աստծուն, որով էլ, վստահ եմ, կարող ենք միայն բարություն գտնել։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել