«Եթե մեղադրողը ցանկանա, էդ տատիկին կգտնենք»․ Ծառուկյանը դատարանում հերքեց ընտրակաշառք տալու մեղադրանքը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 22-ին, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում հարցաքննվեց Գագիկ Ծառուկյանը։

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու մեղադրանքի վերաբերյալ Ծառուկյանը ասաց․ «Ես ամբողջ իմ գիտակից կյանքում միշտ ցանկացել եմ օգնել, օգտակար լինել, ինչքան հնարավորությունս մեծացել ա, էնքան ավելի շատ եմ օգնել։ Ցանկացած Նոր տարի 400 հազար հատով նվերներ երեխաներին, ցանկացած Մարտի 8, ամեն ինչ կազմակերպել եմ, ես ինձ լավ եմ զգացել դրանից, որ 5000 ուսանողի ես տարեկան ուսման վճար եմ տվել։

Ընտրությունների ժամանակ ոչ մեկին ոչ մի կոպեկ տառ ու բառ չի եղել, որովեհտև գիտեմ՝ առիթ են ման գալիս, որ դու հենց այնպես կարող ես օգնել, դա ընդունեն որպես ընտրակաշառք։ Եղել ա դեպք Եղեգնաձորում հանդիպման ժամանակ, որ եթե հարգելի մեղադրողը ցանկանա, կարանք էդ տատիկին գտնենք, ոտը կոտրած դիմել ա 7 օր, որ հիվանդանոցում գիբսի մեջ չեն դրել, տղաներն էլ ստեղ չէին, ես ռիսկ չեմ արել գումար հանեմ, ասեմ՝ առ, քո 100 հազարը տամ, գնա ոտդ գիբսի մեջ դիր, մարդ եմ զանգել, գնացել ա, ասել եմ՝ տատիկին օգնեք, մեղկ ա, դաժե դա չեմ արել։

Տվյալ գործով 110 քննիչ 2700 վկա քննել են, և որևիցե մեկը չի ասել՝ Ծառուկյանը գումար ա տվել»։

Նշենք, որ Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել հանրային մեղադրողի հարցերին։

Հանրային մեղադրող Դավիթ Աղաջանյանին դիմելով՝ Ծառուկյանն ասաց, որ նրան շատ հարգում է․ «Բայց, ասենք թե էս մոտեցումը նենց ա, Առուստամյանին տված հարցերը, էս էն, եթե իրականության գործին վերաբերվում ա, կոնկրետ կպատասխանեմ, տղավարի։ Բայց եթե պետք է սենց տակից, կողքից, բանից, չեմ պատասխանի»։

Գագիկ Ծառուկյանից առաջ հարցաքննվեց գործով մյուս մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը։ Նա հայտնեց՝ 1997 թվականից է սկսել Ծառուկյանի հետ աշխատել, իսկ դրանից հետո էլ մինչև հիմա ավելի «ճիշտ», նորմալ հարաբերությունների մեջ է գտնվում․ «2003 թվականից ինքը դառնալով ԱԺ պատգամավոր՝ բոլոր բիզնեսների բաժնեմասերի կառավարումը հանձնել էր ինձ, ու միշտ աշխատել եմ իրա հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել