«Քանի Ծառուկյանին ես հաշվետվություն եմ ներկայացնում, ինքը իմ ղեկավարն ա», «Քավորսանիկական կապեր չունենք»․ դատարանում հարցաքննվում է Սեդրակ Առուստամյանը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 22-ին, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում հարցաքննվում է «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

Հանրային մեղադրողը Առուստամյանին հարցրեց՝ ինչ հարաբերությունների մեջ է գտնվել Գագիկ Ծառուկյանի հետ՝ շեշտադրելով նաև 2017 թվականը։

Սեդրակ Առուստամյանը պատասխանեց՝ 1997 թվականից է սկսել Ծառուկյանի հետ աշխատել, իսկ դրանից հետո էլ մինչև հիմա ավելի «ճիշտ», նորմալ հարաբերությունների մեջ է գտնվում․ «2003 թվականից ինքը դառնալով ԱԺ պատգամավոր՝ բոլոր բիզնեսների բաժնեմասերի կառավարումը հանձնել էր ինձ, ու միշտ աշխատել եմ իրա հետ»։

– Ձեր հարաբերությունները ո՞նց հասկանանք՝ գործընկերային են, աշխատանքային են, ենթակա, ստորադաս, վերադաս, բարեկամական, ընկերական, ինչպիսի՞ն են։

– Սկզբում ժողովրդական ասեմ, քանի էս մարդուն ես հաշվետվություն եմ ներկայացնում, ինքը իմ ղեկավարն ա, երկրորդը, էս քանի տարի աշխատել ենք միայն բիզնեսով, բայց մարդկային հարաբերություններ, ընտանիքներ միշտ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ են եղել։

– Այսինքն՝ ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ բացի աշխատանքայինից, կարող ենք հասկանալ, որ ավելին է։ Որևիցե քավորսանիկական կամ շատ ջերմ, մտերիմ, հարազատ։

– Քավորսանիկական ո՛չ, մեր հարաբերությունները առնչվում են ընդամենը մեր աշխատանքով, որը տնտեսությունն ա, բիզնեսը, աշխատանք կազմակերպելը։

– Դուք հանդիսացել եք «Մուլտի Կոնցեռնի» տնօրենը, իսկ սեփականատերը եղել է Գագիկ Ծառուկյանը, ժամանակի ընթացքում համապատասխան պաշտոն եք զբաղեցրել, ցանկացած նախաձեռնություն կամ անհատապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված Ձեզ հետաքրքրե՞լ է, առհասարակ վերաբերմունք ունեցե՞լ եք։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ այն վերացական է, կոնկրետ ձևակերպված չէ, նախագահող դատավորն առարկությունը հանեց՝ նշելով, որ հիմնավոր չէ։

Սեդրակ Առուստամյանը պատասխանեց՝ ինքը զբաղվել է բիզնեսով, այլ հարցերով Գագիկ Ծառուկյանի կողմից որևէ հանձնարարություն չի տրվել, ինքը չի խառնվել ո՛չ բարեգործական ծրագրերին, ո՛չ քաղաքական հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել