«Մարտի դաշտում, անտառներում կազմակերպում էինք մկրտություններ»․ քահանան՝ եկեղեցի-բանակ հարաբերությունների մասին

Հունվարի 28-ին Հայոց բանակը նշեց կազմավորման 33-ամյակը։ «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը զրուցել է Հայաստանի Հլանրապետության Զինված ուժերի հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, գնդերեց Տեր Տրդատ քահանա Գևորգյանի հետ։

-Ինչպե՞ս է ձևավորվել եկեղեցի-բանակ համագործակցությունը Հայաստանում, և որո՞նք են դրա պատմական նախադրյալները:

-Հենց Վարդանանց պատերազմի ժամանակ էլ Ղևոնդ Երեցը իր հոգևորականներով մասնակցել է պատերազմին։ Առաջին Հանրապետության ժամանակ էլ մենք տեսնում ենք, որ Կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցը հանձնարարական է տալիս, որպեսզի Զինված ուժերում նաև հոգևոր խորհրդականներ լինեն։ Արդեն 1997 թվականին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պաշտպանության նախարար, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով ստեղծվում է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը։ 2000 թվականին Գարեգին Բ  Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պաշտպանության նախարարի միջև կնքվում է հռչակագիր։ Արդեն շուրջ 27 տարի է, ինչ մեր գնդերեցներն իրենց ծառայությունն են բերում ՀՀ զինված ուժերում։

-Ինչպե՞ս են զինծառայողներն իրացնում իրենց իրավունքները բանակում, հոգևոր տեսանկյունից։

-Բանակում մենք ունենք մոտ 99 տոկոս Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, սակայն կան նաև այլ կրոնական կազմակերպությունների հարող զինծառայողներ, որոնք իրենց ծառայությունն են բերում ՀՀ զինված ուժերում, կան նաև ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, ասորիներ։ Սակայն այդ զինծառայողներն էլ են մշտապես գտնվում մեր գնդերեցների հոգևոր խնամքի ներքո, որպեսզի անգամ իրենց ծառայակից ընկերների կողմից ինչ-ինչ ճնշումների չենթարկվեն։

-Իսկ իրենք դիմո՞ւմ են հոգևորականին, զրուցում եք կրոնական թեմաներով։

-Շատ հաճախ դիմում են, սակայն կան նաև զինծառայողներ, ովքեր չեն խուսափում, բայց իրենք իրենց նախաձեռնությամբ չեն դիմում հոգևորականին։

-Որո՞նք են բանակում հոգևոր ծառայության հիմնական ուղղությունները, և ինչպե՞ս են դրանք իրականացվում գործնականում:

-Հենց կենտրոնական հավաքատեղիում, որտեղից նորակոչիկները զորակոչվում են բանակ, մեր գնդերեցներն այնտեղ նրանց դիմավորում են և այնտեղից ճանապարհում են իրենց մշտական զորամաս։ Զորամասերում առաջիններից մեկը գնդերեցն է, որ դիմավորում է նորակոչիկներին։ Նրանց հետ ունենում են անհատական զրույցներ, արդեն այդ շրջանում գնդերեցը պատկերացում է կազմում անհատների մասին, թե ովքեր են, որ մի քիչ նեղված են ծառայությունից և այդ զինծառայողների հետ արդեն ավելի տևական աշխատանք է կատարվում, որպեսզի նրանք կարողանան կարճ ժամանակում ադապտացվել։ Այդ երկու տարվա ընթացքում գնդերեցները մշտապես լինում են զինվորների կողքին թե՛ զորամասում, թե՛ մարտական դիրքերում։ Եվ նաև պատերազմական գործողությունների ընթացքում մշտապես գտնվել են զինծառայողների կողքին։

-Ինչպե՞ս է եկեղեցին աջակցում զինծառայողների հոգեբանական և բարոյական կայունությանը, հատկապես մարտական գործողությունների ժամանակ:

-Մեր գնդերեցները բոլորն էլ ուսանել են ճեմարաններում և այդ 6 տարվա ուսումնառության ընթացքում մեծ փորձ են ձեռք բերում մարդկանց հետ աշխատելու և տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպվում է սեմինարներ, որտեղ հոգեբաններն իրենց գիտելիքներն են փոխանցում գնդերեցներին, ովքեր էլ այդ գործիքակազմն օգտագործելով կարողանում են զինվորների հետ բարոյահոգեբանական աշխատանքներ կատարել։ Մարտական գոծողությունների ժամանակ, հատկապես այս վերջին շրջանում մեր գնդերեցները մեծ դեր են խաղացել և զինվորի կողքին են գտնվել, նրանց հետ մասնակցել են մարտական գործողություններին։ Ցանկանում եմ նշել, որ ցավոք ունեցանք նաև նահատակներ, անհետ կորածներ։

-Ի՞նչ առանձնահատկություններ ունեն բանակում կատարվող եկեղեցական ծիսակատարությունները, և ինչպե՞ս են դրանք անցկացվում։

-Փորձում ենք հնարավորինս զինվորներին ներգրավվել հոգևոր ծիսակատարությունների մեջ։ Մեծ զորամասերում կան փոքրիկ մատուռներ, նաև եթե եղանակային պայմանները թույլ են տալիս, կատարում ենք բաց խորաններով պատարագներ։ Նաև մեր զինծառայողներին ուղեկցում ենք մոտակա եկեղեցին, մշտապես մասնակցում են պատարագներին։ 

-Որո՞նք են զինծառայողների շրջանում ինքնասպանությունների կանխարգելման հոգևոր-հոգեբանական մեթոդները, և ինչպե՞ս է եկեղեցին համագործակցում զինվորական հոգեբանների հետ:

-Արդեն ասացի, որ գնդերեցը նորակոչիկների հետ առանձնազրույցներ է ունենում, և իր մոտ ունենում է ցանկ դժվար դաստիարակվող, ինքնախեղման հակում ունեցող զինծառայողների։ Գնդրեցը նաև համագործակցում է հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալի և հոգեբանի հետ։ Եղել են բազմաթիվ դեպքեր, որ գնդերեցը կանխել է ինքնասպանության կամ ինքնախեղման փորձը։ Շատ հաճախ էլ հենց զինծառայողներն են գալիս, դիմում գնդերեցին։ 

-Մենք ունենք «Մի սպանիր» պատվիրանը, ինչպես եք զինծառայողներին բացատրում, որ հայրենիքը պետք է պաշտպանել անգամ սպանելով։ Չկա՞ հակասություն։

-Մեր Հանրապետությունը դարեր շարունակ ապրել է թշնամի երկրների հարևանությամբ և մշտապես եղել է պատերազմների մեջ։ Մեր զինծառայողները ստիպված են եղել թշնամու բանակի զինծառայողներին սպանել։ Այստեղ որոշ մարդկանց մոտ հակասություն առաջանում է։ Իմ ինը տարվա փորձում ունեցել եմ երկու դեպ, երբ զինծառայողն ինձ ասել է, որ եթե թշնամին դիմացս դուրս գա, ես կպահեմ «Մի սպանիր» պատվիրանը։ Նրանց հետ տևական աշխատանքի շնորհիվ բացատրեցիքն, որ սահմանները պաշտպանելիս՝ պաշտպանում ենք մեր ինքնությունը, սրբությունները։ 

Հասմիկ Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել