Արդյոք մարդը կարող է լինել բացարձակ ազատ․ Տեր Տիգրանը՝ ազատության գաղափարի մասին

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանի հետ զրուցել է «Ազատության գաղափարը քրիստոնեության մեջ» թեմայով։

Նրա խոսքով՝ ազատությունը քրիստոնեական կյանքի, քրիստոնեական աստվածաբանության կենտրոնական թեմաներից է և հավատքի կարևոր մասերից մեկն է։

«Երբ խոսում ենք ազատության մասին, պետք է կարողանանք բաժանել այս ազատությունը երկու մասի՝ մարդու ազատություն և Աստծո ազատություն։ Բացարձակ ազատություն՝ առանց որևէ սահմանի, առանց որևէ պայմանականության ունի և կարող է ունենալ միայն Աստված։ Այսինքն, միայն Աստված է, որ գործում է բացարձակապես ազատ կամքով։ Քրիստոնեության յուրահատկությունը հենց այն է, որ Աստված բացարձակապես իր ազատ կամքով, սիրուց դրդված իրեն զոհեց հանուն մարդկանց։ Չկա այլ կրոն, որի գաղափարը լինի սա։ Աստված իր կամքով է, որ մարդկանց մեջ իջնելով՝ ինքն իրեն սահմանափակում է»,-ասաց հոգևորականը։

Տեր Տիգրանն ընդգծում է, որ մարդկային ազատությունը բխում է Աստծուց, այսինքն արդեն իսկ պայմանական է և արդեն իսկ սահմանափակ է։ 

«Մեր ազատությունն ուղիղ այնքան է, ինչքան մեր ախորժակն է, այսինքն ինչքան մենք ուզում ենք ինչ-որ մի բան անել, որովհետև ինչքան շատ բան ես ուզում անել, այնքան առնչվում ես քո ազատության սահմանափակումներին։ Մարդը պետք է լինի սեփական արարքների որոշողը և պատասխանատուն։ Մեզ՝ քրիստոնյաներիս համար մեծագույն օրենքը Աստծո սիրո օրենքն է, որը ոչ թե գրավոր պարտադրանք է, այլ շնորհ, մեր տիրոջ կողմից։ Եկեղեցու, հոգևոր կյանքի, արժեքների դերն ավելին է, քան բանտի շենքային պայմանները և մյուս իրավական ասպեկտները։ Անձն իր ազատության կիրառման համար պատասխան է տալու»,-ասաց հոգևորականը։

Ըստ նրա՝ ազատությունը սկսվում է այն պահից, երբ մարդը հասկանում է, որ ինքը Աստծո պատկերն ու նմանությունն ունի իր մեջ, որ ինքը միակ արարածն է ամբողջ տիեզերքի մեջ, որ կարող է գործել առանց պատճառահետևանքային կապի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել