«Կինն ու տղամարդը հավասար են»․ Տեր Տիգրանը՝ Աստվածաշնչում և Հայ Առաքելական եկեղեցում կնոջ կերպարի մասին

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանի հետ զրուցել է «Կինը Աստվածաշնչում և Հայ Առաքելական եկեղեցում» թեմայով։

Հոգևորականի խոսքով՝ կանանց և տղամարդկանց բնորոշ հատկանիշները հատուկ ձևով նախատեսված են, որպեսզի նրանք կարողանան լավագույնս կատարել իրենց գործառույթները։

«Հին Կտակարանում մենք տեսնում ենք կնոջ նախաքրիստոնեական ընկալումը, որն ի զորու էր պահպանվել մինչև առաջին դարը։ Օրինակ՝ Պողոս առաքյալի այն միտքը, թե կինը և տղամարդը հավասար են, ուղղակիորեն անընդունելի էր ժամանակակից հրեական համայնքների համար։ Հրեաների մոտ կար աղոթք, որը նրանք ասում էին ամեն առավոտ․ «Տեր, շնորհակալություն, որ ես մարդ եմ, շնորհակալություն, որ հրեա եմ և շնորհակալություն, որ տղամարդ եմ»։ Կինը մի տեսակ «թերարարչություն» էր համարվում։ Սակայն այս ընկալումները սոցիալական բնույթ ունեին, քանի որ, երբ մտքի գերակայությունը դեռևս սահմանված չէր, մարդու կարևորագույն գործառույթը համարվում էր նրա ֆիզիկական ունակությունները։ Բայց կինը և տղամարդը հավասար են»,- նշեց նա։

Ֆեմինիզմի մասին խոսելիս նա ընդգծեց, որ ոչ մի այլ կրոն կնոջը չի դիտարկում տղամարդուն հավասար. միայն քրիստոնեությունն է, որ իրավական և աստվածաբանական տեսանկյունից տեսնում է սեռերի հավասարություն։

«Այս պայքարը բխում է հենց քրիստոնեական աշխարհայացքից ու մտածողությունից։ Բայց, ինչպես հաճախ է լինում, շատ գաղափարների նման՝ ֆեմինիզմը ևս վերածվեց ուլտրաֆեմինիզմի. այսինքն՝ հավասարության պահանջը վերաճեց գերակայության պահանջի, և գաղափարը կորցրեց իր օբյեկտիվությունը։ Ինչ վերաբերում է խորան բարձրանալու արգելքին կամ կարգին՝ մեր եկեղեցին, բացի կանոնական կարգից, առաջնորդվում է նաև ավանդությամբ։ Ի սկզբանե, թե՛ հրեական, թե՛ քրիստոնեական քահանայության պարագայում կանայք երբեք չեն եղել քահանայության մեջ։ Ինչո՞ւ, որովհետև քահանայական ծառայությունը անհամատեղելի է մայրական խնամքի հետ»,- ասաց Տեր Տիգրանը։

Քահանան նաև նշեց, որ Աստվածաշնչում կարևորագույն կանայք Եվան և Մարիամ Աստվածածինն են՝ հավելելով, որ Եվան չցանկացավ ընտրել այն փրկության ճանապարհը, որը Աստված նախապես պատրաստել էր իր համար։

«Եվ չկա ոչ մի երաշխիք, որ եթե Եվան անհնազանդ չլիներ, նրա կյանքը կլիներ երջանիկ և անհոգ։ Իսկ Մարիամ Աստվածածնի հնազանդությունն Աստծու կամքին նույնպես չերաշխավորեց նրա երջանիկ կյանքը, քանի որ ի վերջո նա ականատես եղավ իր զավակի մահվանը։ Հովսեփի և Մարիամ Աստվածածնի նշանադրությունը պարզապես հրեական օրենքի պահպանում էր։ Հովսեփը տարիքով զգալիորեն մեծ էր, իսկ Մարիամ Աստվածածնի ծնողները մահացած էին։ Հրեական ընկալումներով՝ կինը, եթե չուներ ամուսին, համարվում էր անպաշտպան։ Այդ իսկ պատճառով Հովսեփի ու Մարիամ Աստվածածնի միությունը միայն հովանավորչական բնույթ ուներ»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել