«Հարկ է, որ ազգովի կարողանանք զսպել մեր ախորժակը տարատեսակ ուտելիքների, ըմպելիքների նկատմամբ»․ ինչպե՞ս պետք է քրիստոնյան դիմավորի Ամանորը․ պարզաբանում է Տեր Աշոտը

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.netը Նոր Նորքի I-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հետ զրուցել է «Նոր տարին և Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական եկեղեցու դիտանկյունից» թեմայով։

-Ո՞րն է Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը Նոր տարվա տոնակատարության վերաբերյալ, և ինչպե՞ս է այն տարբերվում Սուրբ Ծննդյան հոգևոր իմաստից:

-Նոր տարին եկեղեցում նշվում է Նռօրհնեքի արարողությամբ, երբ տարեմուտի գիշերը եկեղեցում օրհնվում է նուռը, որը խորհրդանշում է եկեղեցու կյանքը։ Ինչպես նուռը ունի բազմաթիվ հատիկներ և այդ հատիկները միասնական են կեղևի մեջ, այդպես էլ նռան մեջ մենք տեսնում ենք եկեղեցու խորհուրդը։ Ինչպես որ նռան հատիկներն առանձին լինելով կարող են ճզմվել և փչանալ, մենք հավատում ենք, որ եկեղեցու հավատացյալներն էլ, եթե կտրված լինեն եկեղեցու համայնքային կյանքից նահանջ կունենան իրենց քրիստոնեական վարք ու բարքից։ Նռան կեղևը խորհրդանշում է եկեղեցու համայնքային կյանքը, որը կարևորում է հենց Ամանորի գիշերը, երբ օրհնվում է նուռը։

-Ինչպե՞ս Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդը պետք է նշի նոր տարին։

-Երբեմն մարդիկ հարց են ուղղում մեզ, ասելով՝ եթե ես պահքի մեջ եմ, ինչպե՞ս կարող եմ հյուրասիրությունների ժամանակ ինձ պահել, արդյոք պետք է ասել, որ ես չեմ ցանկանում ուտել, թե՞ պարզապես կարող եմ ասել, որ պահքի մեջ եմ։ Մեր եկեղեցում պահքը, աղոթքը ողորմությունը ունեն իրենց անհատական և ընդհանրական բնույթը։ Անհատականի դեպքում գուցե պետք է, որ մարդը ծածկի, ծածուկ աղոթք անի, ծածուկ ողորմություն անի, ծածուկ իր պահքը պահի, բայց ընդհանրական աղոթքների, պահքի և ողորմությունների ժամանակ կարիք չկա խուսափել, այլ պետք է արտահայտել։ Ասելով այդ մասին՝ մարդը վկայում է Քրիստոսին, վկայում է, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու զավակ է և այս վկայությամբ ինքը ուսուցանում է դիմացինին, որ հարկ է պահքի ժամանակ աղոթքով ու պահքով դիմավորել Նոր տարին և հատկապես Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Հարկ է, որ մենք ազգովի կարողանանք զսպել մեր ախորժակը տարատեսակ ուտելիքներ, ըմպելիքների նկատմամբ և կարողանանք այս շրջանը պահքով դիմավորենք, որը կարծում եմ մեզ համար բավականին ծայրահեղություններ է գրանցել։ Դեռ ամիսներ առաջ մարդիկ այս ու այն կողմ են վազվզում ամանորյա սեղանները լցնելու համար՝ իրենց լրացուցիչ հոգս պատճառելով։ Ոմանք հայտնվում են պարտքերի տակ, ոմանք նեղվում են այդ մրցավազքից։ 

-Նորի տարին շատերը դիմավորում են նաև հրաշքի ակնկալիքով, որքան է սա արդարացված։

-Երկու կարևոր հասկացություն կա, այդ հասկացությունները կարիք ունեն պարզաբանման, մեկը հույսն է, մյուսը՝ լավատեսությունը։ Հույսի պատճառը հավատն է, եթե մարդը Աստծուն հավատում է, իր հույսը իրական հույս է, իսկ լավատեսության պատճառը պարզապես ներշնչանքն է։ Մենք ամեն ինչ կարող ենք մեզ ներշնչել, այդպես մարդ կարող է ընկնել պատրանքների մեջ։

-Շատերը նաև տարատեսակ գուշակություններ են անում Ամանորի գիշերը, սա ինչպե՞ս կմեկանաբանեք։

-Իրական հավատից չի կարող բխել այնպիսի սովորություններ, որոնք դուրս են աստվածային պատգամներից ու պատվիրաններից։ Հետևաբար գուշակություններ անել որևէ առարկաների կամ իրերի միջոցով, նշանակում է Աստծուն չվստահել։ Նա, ով կարող է Ամանորի գիշերը, Սուրբ ծննդյան տոնին իր սիրտը բացել Աստծու առջև, ի սրտե աղոթք անել, ինքը պետք է վստահ լինի, որ իր օգնությունը Աստծուց է գալիս, եթե մենք Աստծուն ենք վստահում, ապա որևէ տեսակ գուշակությունների, կախարդությունների կամ սնոտի արարքիների դիմելը նշանակում է՝ փորձել երկու տիրոջ ծառայել։ Հետևաբար, Սուրբ ծննդյան պատգամն է, որ մենք կարողանանք մեր ուխտը նորոգել Աստծու առաջ, մեր հավատը նորոգել Աստծու առաջ։

-Ինչպե՞ս կարող է ժամանակակից հավատացյալը հավասարակշռել Նոր տարվա աշխարհիկ տոնակատարությունները և Սուրբ Ծննդյան հոգևոր նշանակությունը:

-Եթե աշխարհիկ բառի տակ մենք հասկանում ենք մեղքը, զեղությունը, որկրամոլությունը, արբեցողությունը, ապա ոչ մի կերպ, դա ընդհանրություն չունի աստվածային պատվիրանների հետ, իսկ եթե մենք աշխարհիկ կյանք ասելով հասկանում ենք մարդ, որը հոգևոր ծառայության մեջ չի ի պաշտոնե, սակայն եկեղցու զավակ է, ապա հարկ է, որ ինքն էլ որպես եկեղեցու ամբողջություն, որպես նռան մի հատիկ, լինի այդ նռան հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել