«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կարապետ քահանա Կարապետյանի հետ զրուցել է «Սուրբ Սարգիս. հավատքի և սիրո խորհուրդը ժամանակակից աշխարհում» թեմայով։
-Սուրբ Սարգիսը հայ եկեղեցական ավանդության մեջ ունի յուրահատուկ տեղ: Ինչպե՞ս է նրա կերպարն արտացոլում քրիստոնեական հավատքի և անձնազոհության գաղափարները:
-Ներկայում, վստահ եմ նաև ապագայում, Սուրբ Սրագսի նշանակությունը շատ մեծ է։ Սուրբ Սարգիսը պատմական կերպար է։ 4-րդ դարի հերոս, ռազմիկ, սպարապետ, նաև քաջամարտիկ՝ Քրիստոսի։ Սուրբ Սարգսի ամբողջ կյանի իմաստը եղել է Քրիստոսին ծառայելը։ Այս տոնին սրբի անունը կրող եկեղեցիներում ուխտագնացություններ են եղել։
-Տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթները (աղի բլիթ, երազահայություն) հաճախ քննարկումների տեղիք են տալիս: Ինչպե՞ս է Եկեղեցին մեկնաբանում այս սովորույթները քրիստոնեական հավատքի տեսանկյունից:
-Եկեղեցին, Սուրբ գիրքը, Աստծո խոսքը դատապարտում են ցանկացած գուշակություն, պայծառատեսություն։ Աստծո խոսքի մեջ հաստակ ասաված է՝ գարշելի են ինձ համար գուշակները։ Ես ասացի, որ ժողովրդական մոտեցում կա տոնի հետ կապված, ավանդական ծեսի առումով։ Նախորդող գիշերը աղի բլիթ են կերել երիտասարդները։ Եկեղեցին սա դիտարկում է որպես ժողովրդական խաղիկ։
-Սուրբ Սարգսի տոնը դարեր շարունակ եղել է երիտասարդների սիրված տոներից: Ինչպե՞ս կարող է այն այսօր ծառայել որպես երիտասարդներին դեպի եկեղեցի բերելու միջոց:
-Եթե այդ օրերին գնաք եկեղեցի, կտեսնեք, որ գերակշիռ մասը երիտասարդներ են։ Սա մեծ ուրախություն է, կարծես թե ազգը դարձի է գալիս և երիտասարդանում է եկեղեցին։ Մենք պետք է կարևորենք երիտասարդին։ Պետք է թև ու թիկունք տանք երիտասարդներին։ Որքան նրանց ներարկենք քրիստոնեական արժեքներ, այդքան մեր ապագան լավը կլինի։ Ես ասեմ՝ Վալենտինի տոնը կոմերցիոն տոն է, զուտ փող աշխատելու տոն է։ Մեր տոնացույցում նման օր չկա, Վալենտին անունով սուրբ մենք չունենք։ Մենք ունենք Սուրբ Սարգիս, ավելի ուսուցանող։ Վալենտինը օտարածին է, իհարկե օտարներից շատ բան կարող ենք սովորել, բայց ոչ այս դեպքում, եթե մի փոքր ուսումնասիրեն Վալենտինի պատմությունը, պարզապես կհիասթափվեն, բայց դրա մասին չեմ ուզում խոսել։ Ես ուզում եմ խոսել Սուր Սարգսի մասին, այս տոնը գնալով տարածում է գտնում մեզանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան