«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը «Ապաշխարության խորհուրդը և դրա իրագործումը Հայ Առաքելական Եկեղեցում» թեմայով զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի հետ։
-Ինչպե՞ս է Հայ Առաքելական Եկեղեցին սահմանում ապաշխարության էությունը և նրա դերը հավատացյալի փրկության գործում։
-Ապաշխարության էությունն ու փրկության դերը հավատացյալի կյանքում սահմանվում են Սուրբ Գրքով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը կարևորեց ապաշխարությունը։ Նա ասաց. «Ապաշխարեք, որովհետև Երկնքի արքայությունը մոտեցել է»։ Երբ Քրիստոսին մոտեցան և հարցրեցին, թե ինչպես պատահեց, որ մարդիկ տաճարում սպանվեցին հռոմեացիների կողմից կամ աշտարակի փլուզման հետևանքով նահատակվեցին, Նա երկու դեպքում էլ ասաց. «Ապաշխարեք, նրանք ավելի մեղավոր չէին, քան մյուսները։ Ապաշխարեք, որ ավելի վատ իրադրության մեջ չհայտնվեք»։ Քրիստոս հստակ կերպով ցույց է տալիս, որ ապաշխարությունն այն ուղին է, որով մարդը կարող է վերականգնվել և վերադառնալ Աստծու մոտ։
-Որո՞նք են իսկական ապաշխարության հիմնական նախապայմանները, և ինչպե՞ս է այն տարբերվում պարզապես զղջումից։
-Ապաշխարությունը մեկ անգամ կատարվող գործողություն չէ։ Շատերը կարծում են, որ մեկ անգամ ապաշխարելով, հրաժարվելով իրենց վատ արարքներից՝ այլևս անելիք չունեն և արդեն փրկված են։ Իրականում այդպես չէ։ Ապաշխարությունը կարևոր փուլեր ունի։ Նախ՝ մարդը պետք է անկեղծ զղջա, ապա կատարի խոստովանություն, որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Խոստովանեք ձեր մեղքերը, և Աստված անպայման կլսի ու թողություն կտա»։ Ամեն մեղք երկու ուղղություն ունի. առաջինը՝ մեղանչումը Աստծու առաջ, քանի որ խախտվում է Նրա պատվիրանը, և երկրորդը՝ մեղանչումը մերձավորի նկատմամբ՝ մարդկային հարաբերություններում։
-Ի՞նչ իրավական և կանոնական կարգավորումներ ունի Եկեղեցին ապաշխարության խորհրդի կատարման և խոստովանահոր ընտրության հարցում։
-Ապաշխարության համար խոստովանահայրը չափազանց կարևոր է։ Մեր Եկեղեցին ընդունում է խոստովանության երկու տեսակ՝ անհատական և ընդհանրական։ Անհատական խոստովանության դեպքում քրիստոնյան ընտրում է օծյալ հոգևորականի և անձնական զրույցի միջոցով խոսում իր մեղքերի մասին։ Իսկ ընդհանրական խոստովանության ժամանակ հոգևորականը բարձրաձայն ընթերցում է եկեղեցու հայրերի կողմից կազմված մեղքերի ցուցակը, և ներկաները իրենց մտքում խոստովանում են։ Այս պարագայում խոստովանահայրը նա է, ով կատարում է այդ արարողությունը։
-Ապաշխարությունից առաջ կա՞ն ինչ-որ հատուկ գործողություններ, որ քրիստոնյան պետք է կատարի՝ թեկուզ հոգեպես պատրաստ լինելու համար։
-Ապաշխարության առաջին պայմանը զղջումն է՝ անկեղծ զղջումը։ Կարևոր է, որ մարդն իմանա՝ որտեղ և ում մոտ պետք է դիմի, որպեսզի իր ապաշխարությունը լինի ամբողջական։ Ամեն տեղ և ամեն մարդու մոտ զղջալով՝ մարդը դեռևս չի կարող թողության արժանանալ։
-Ինչպե՞ս պետք է հավատացյալը գտնի այն հոգևորականին, որին ցանկանում է խոստովանել իր մեղքերը, և ինչո՞ւ պետք է վստահի հոգևորականին։
-Հոգևորականի նկատմամբ վստահությունը շատ կարևոր է։ Եկեղեցին կանոնապես ընդունում է, որ խոստովանահայրը պետք է լինի համայնքի հոգևոր հովիվը։ Այստեղ էական է, որ խոստովանությունը չընկալվի որպես մեկանգամյա գործողություն, այլ որպես ճանապարհ, որի ընթացքում ձևավորվում է կապ քրիստոնյայի, հոգևորականի և Աստծու միջև։ Հոգևորականը դառնում է այն անձը, ով օգնում է քրիստոնյային ճիշտ հասկանալ Աստծու խոսքը և կիրառել այն կյանքում։ Բացի այդ, քահանան պարտավոր է մինչև մահ պահպանել խոստովանության գաղտնիքը։
Մանրամասները՝ տեսանյութում։