«Ես էդքան տեսակի կրթություն ունեմ՝ և՛ բարձրագույն, և՛ բակային, և՛ նույնիսկ՝ բանտային»․ ամբաստանյալի աթոռին հայտնված դատավորը՝ դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում դեկտեմբերի 10-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին քննարկվեց մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի հարցը, քանի որ ժամկետը լրանում է դեկտեմբերի 13-ին։

Նիստին չէին ներկայացել Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի այն հարցին, որ նրանք նախապես իմացել են, որ կալանքի ժամկետի հարցն է քննարկվելու, այդ պատճառով չեն ներկայացել, Արուսյակ Ալեքսանյանն ասաց՝ նրանք նման միտում չունեն, որևէ առարկություն չունի, որպեսզի այդ հարցը քննարկվի առանց վերջիններիս ներկայության։

Դատախազ Արմեն Գևորգյանը հայտնեց, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը պետք է պահպանվի, այն փոփոխելու կամ վերացնելու հիմքեր առկա չեն, և կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի ևս 3 ամիս ժամկետով։

Արմեն Գևորգյան

«Դիրքորոշումը հիմնված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին ձեր կողմից կայացված որոշման, հիմնավորումների և դրանից հետո տեղի ունեցած դատավարական գործողությունների համադրված վերլուծության վրա։ Պետք է արձանագրել, որ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի իրավաչափության պայման է դիտարկվել այն, որ մեղադրյալներն ունենալով ցուցմունք տալու և դրանից հրաժարվելու իրավունք, այս փուլում կարող են ևս նման ցանկություն հայնտել, թեև հիմնական դատալսումների ընթացքում միայն Թամարա Պետրոսյանն է որոշակի տեղեկություններ հաղորդել իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հանգամանքների կապակցությամբ»,-ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ չեն նվազեցվել կամ չեզոքացվել դատարանի այն մտահոգությունները, որոնք դրվել են մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն անփոփոխ թողնելու և դրա ժամկետը երկարաձգելու հիմքում։

Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանը հայտնեց, որ մինչև իր կողմից հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը, պետք է խնդրի հրապարակել իր պաշտպան Առնոլդ Վարդանյանի դիրքորոշման գրավոր տարբերակը, նախագահող դատավորն ասաց՝ դատարանը կաշկանդվածություն չունի կողմերից որևէ մեկի դիրքորոշումը հրապարակելու առումով։

Անդրադառնալով «տնային կալանք» խափանման միջոցի հարցին՝ մեղադրյալ հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ․

«Ի վերջո, ես էդքան տեսակի կրթություն ունեմ՝ և՛ բարձրագույն, և՛ բակային, և՛ նույնիսկ՝ բանտային, բայց իմ երևակայությունը չի հերիքում, եթե նույնիսկ ես մեծ ցանկություն ունենամ ազատության մեջ հայտնվելու, էդ ի՞նչ պետք ա անեմ, որ խոչընդոտեմ, ազդեցություն ունենամ մասնակիցների վրա, օրինակ՝ Էրիկ Ալեքսանյանի, նա պրոֆեսիոնալ իրավաբան է, այսինքն՝ ի՞նչ պետք է նրան խնդրեմ, որ ասի կամ չասի, ցուցմունք տա կամ չտա։ Ինչ վերաբերում է Թամարա Պետրոսյանին, նրան նույնիսկ ԱԱԾ ծառայության քննչական դեպարտամենտը գործի հետ որևէ «առնչություն չունեցող» Ավետիսյան Վազգենով հանդերձ չի կարողացել ազդել Թամարա Պետրոսյանի վրա։

Թող ինձնից չնեղանան կամ եթե ուզում են, թող նեղանան, էդ ո՞նց ա ստացվում՝ մյուս մեղադրյալները ազատության մեջ են, բայց ես չեմ ասում նրանց կալանավորեք, բայց մի մեղադրյալը 2 տարի 2 ամիս արդեն անազատության մեջ ա, էս ո՞նց ա ստացվում՝ երկու մեղադրյալները չեն խոչընդոտի, բայց ես հաստատ կխոչընդոտեմ»։

․․Մտավախությունը, որ ես ազատության մեջ հայտնվեմ, ի՞նչ պետք ա անեմ, պատվարժան դատարան, էդ ի՞նչ հանցավոր էլեմենտեր եք իմ մեջ նկատում, որ դրա մասին տեղյակ չեմ՝ մարդ եմ խփելո՞ւ, դեղի գո՞րծ եմ անելու, խուլիգանությո՞ւն եմ անելու»։

Նախագահող դատավորն ի պատասխան վերջին հայտարարության նշեց, որ այդ հանցանքների կատարման համար քրեական օրենսգիրքն այլ դրույթներ է սահմանում, և դատարանի նախորդ որոշումները կապված են եղել գործի հանգամանքներով։

Շարունակելով իր խոսքը՝ Արուսյակ Ալեքսանյանը հետևյալին անդրադարձավ․ «Երբ այս դատավարությունը լրատվամիջոցների կողմից լուսաբանվում է, հետևողներն ինձ մշտապես մի հարց են ուղղում, ասում են՝ կարո՞ղ ա նախկինում Դոլմազյանի Վահեի հետ ինչ-որ խնդիր, կոնֆլիկտ ես ունեցել, պատասխանում եմ՝ ոչ, չեմ ունեցել։

Դուք կարող եք ինձ չսիրել, իմ անձը Ձեզ համար ընդունելի չլինի, բայց չեք կարծո՞ւմ, որ էս ամեն ինչը բավարար է արդեն, 2 տարի 2 ամիս անազատության մեջ եմ՝ ամեն ինչից զրկված»։

Վահե Դոլմազյան

Նշենք, որ դատարան էր ստացվել գրություն պաշտպան Առնոլդ Վարդանյանից, որով հայտնել էր՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայանալու նիստին, նա նաև դիրքորոշում էր հայտնել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքի հարցի վերաբերյալ։

Նախագահող դատավորը Արուսյակ Ալեքսանյանին հարցրեց՝ կարող է պատասխանել, թե ինչպես է Էրիկ Ալեքսանյանը օժանդակել իրեն՝ լիազորությունները ենթադրաբար անցնելու համար։

Արուսյակ Ալեքսանյանն ասաց՝ այդ հարցը պետք է ուղղել մեղադրանքի կողմին, այժմ չի ցանկանում որևէ դիրքորոշում հայտնել, դրա պատասխանը կտա եզրափակիչ ելույթում։

Մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը ևս դիրքորոշում հայտնեց՝ նշելով, որ իրավունքի համատեքստում իրենց «կռիվը» փաստերի հետ չէ, այլ հանցակազմի՝ օբյեկտիվ իրականությունում գոյություն ունենալու հարցի։

Ալեքսանյանի խոսքով՝ խափանման միջոցի հարցը պետք է քննարկել՝ ուշադրություն դարձնելով դատարանի կողմից կայացված նախորդ դատական ակտին ու դրա հիմնավորումներին։

«Կարծում եմ՝ շատերի մոտ տարակուսանք է առաջացնում քննությանը խոչընդոտման դրևսորումների և եղանակի պարագայում, քանի որ երբ խոսվում է քննությանը խոչընդոտելու մասին, բոլորի մոտ տպավորություն է ստեղծվում խոչընդոտման ամենաագրեսիվ եղանակը, բայց տվյալ պարագայում դատարանը դա չի դիտարկում ագրեսիվ եղանակի համատեքսում»,-ասաց նա։

Նա նշեց, որ ի սկզբանե իր և Արուսյակ Ալեքսանյանի դիրքորոշումները նույնն են եղել, իրենք ոչ միայն չեն ընդունել առաջադրված մեղադրանքը, այլև չեն դրսևորել մի այնպիսի վարքագիծ, որը կարող էր շահերի բախման հետ կապված որոշակի տպավորություն ստեղծել։

«Ինչքան էլ Արուսյակ Ալեքսանյանը ունենա ջերմ ցանկություն ինձ որևէ բանում համոզելու կամ խնդրելու, այստեղ նժարի վրա դրված է իմ ճակատագիրը, ես Արուսյակ Ալեքսանյանի ճակատագրի մասին, այո՛, մտածում եմ, բայց հաստատ իմ ճակատագրի մասին ես ավելի շատ եմ մտածում։ Այստեղ նժարի վրա դրված է ոչ միայն իմ ճակատագիրը ազատության իրավունքի համատեքստում, այլև հետագայում իմ սիրած աշխատանքով շարունակաբար աշխատելու և զբաղվելու տեսանկյունից»։

Էրիկ Ալեքսանյանը Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի վերաբերյալ հայտնեց, որ  դատարանը կարող է կիրառել այլընտրանքային խափանման միջոցներից ավելի նվազ տեսակը, օրինակ՝ վարչական հսկողությունը, պետք է վստահություն ներշնչի մեղադրյալի նկատմամբ, նաև թույլ տա, որպեսզի վերջինս լիարժեք իրացնի կրթություն ստանալու իրավունքը։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց մեղադրյալի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով՝ մինչև 2025 թվականի մարտի 13-ը ներառյալ։

Մարիամ Շահնազարյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել