Հակակոռուպցիոն դատարանում ապրիլի 8-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստի ընթացքում հարցաքննվեց «Աջափնյակ-1» նստավայրի դատավոր Արմեն Շիրինյանի օգնականը։ Մեղադրող կողմը վկային խնդրեց դատարանին հայտնել տեղեկություններ, թե 2022 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ հերթապահել է, թե՝ ոչ։
Վկան ասաց՝ քանի որ դատարանը մշտական հերթապահություններ է իրականացնում, իրենք էլ մշտապես հերթապահել են, եթե արձակուրդում չեն եղել։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց․ «Դուք հիշո՞ւմ եք Սերգեյ Գրիգորյան անուն-ազգանունով անձի հետ կապված որոշումները դուք եք նախագծերը կազմել, ընդհանրապես ի՞նչ գիտեք այս գործից»։
Վկան ասաց, որ կալանքի առաջին միջնորդությունը քննվել է դատավոր Շիրոյանի կողմից․ «Դրանից հետո, որքան որ հիշում եմ, ևս երկու այլ խափանման միջոցի միջնորդություն է ներկայացվել, վարույթը հարուցվել է, երկուսն էլ մերժվել են։ Առաջին միջնորդությունը ներկայացվել է փաստաբան Սմբատ Մինասյանի կողմից, երկրորդը՝ Էրիկ Ալեքսանյանի»։
Դատախազի հարցին, թե նշված որոշումների աշխատանքային տարբերակները որևէ մեկին փոխանցե՞լ է, վկան ասաց, որ կոնկրետ այդ որոշման հետ կապված չի հիշում, թե Թամարա Պետրոսյանն իրեն դիմել է, թե ոչ․ «Եղել են դեպքեր, որ Թամարա Պետրոսյանի հետ աշխատանքային տարբերակներով միմյանց հետ փոխանակված լինենք, օգնության նպատակով»։
Դատախազը հիշեցրեց, որ ամբաստանյալ Թամարա Պետրոսյանի աշխատանքային համակարգչում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է Էրիկ Ալեքսանյանի կողմից ներկայացված միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի կողմից կայացված որոշման աշխատանքային տարբերակը։
«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրասենյակից արդյո՞ք Ձեզ հետ կապ հաստատել են և խնդրել նախապես մակագրված միջնորդությունները հետ վերադարձնել գրասենյակ։ Օրը շաբաթ էր, ոչ աշխատանքային»,-վկային հարցրեց մեղադրող կողմը։ Վկան պատասխանեց, որ նման դեպք չի եղել։
Նախագահող դատավորը վկայից հետաքրքրվեց՝ մեղադրյալ Թամարա Պետրոսյանը կոնկրետ ե՞րբ է ուզել դատավոր Շիրոյանի կողմից կայացված որոշման աշխատանքային տարբերակը։ Դատավոր Արմեն Շիրինյանի օգնականն ասաց՝ քանի որ այդ ընթացքում նման դեպքեր էլի են եղել, կոնկրետ նշված գործի որոշման աշխատանքային տարբերակով փոխանակվելու օրը չի հիշում։
«Եղե՞լ են դեպքեր, որ Արշակ Հակոբյանով, նման միջնորդություններ շատ լինեն, որ բացի դատավոր Արմեն Շիրոյանից այլ դատավոր ևս այդ միջնորդությունները քննության առնի»,-հետաքրքրվեց Վահե Դոլմազյանը։
Վկան նշեց, որ նման տեղեկություն չունի․ «Տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է մակագրվել, միայն տեղյակ եմ ու հիշում եմ, որ տվյալ անձի վերաբերյալ մեզ մի քանի միջնորդություն է մակագրվել։ Մեկ այլ անձի վերաբերյալ մեկ այլ խափանման միջոցի միջնորդություն է քննել Արուսյակ Ալեքսանյանը։ Քանի որ իր լիազորություններն արդեն դադարեցվել էին, այդ գործը, որը մակագրվել է իրեն, նորից մակագրվեց պարոն Շիրոյանին։ Այլ հանգամանքի վերաբերյալ տեղյակ չեմ։ Արուսյակ Ալեքսանյանի քննած միջնորդությունը, ոնց որ, ներկայացրել էր Տիգրան Աթանեսյանը»։
Գործով մեղադրյալ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյո՞ք երբևէ եղել է, որ նա գործը ստանա, դատավորը տեղում չլինի և նա դատավորին զեկուցի, որ ստացել են այսինչ գործը և, եթե նկատել է՝ այդ գործը նաև այլ դատավոր է քննել, արդյո՞ք դատավորին հայտնել է այդ մասին և, եթե հայտնել է՝ ինչի համար է հայտնել, ինչն է արտառոց եղել։
«Ինչ ստացել ենք, եթե տեղում չի եղել, մշտապես զանգել և զեկուցել եմ՝ ինչ ենք ստացել և մոտավորապես ասել եմ՝ ինչ գործ է։ Միանշանակ կզեկուցեմ, քանի որ հազվադեպ հանդիպող դեպք է, որ կալանքը մի դատավոր քննած լինի, այլ խափանման միջոցի միջնորդությունը մեկ այլ դատավորի մոտ մակագրված լինի»,-ասաց նա։
Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը վկայից հետաքրքրվեց՝ եղե՞լ է դեպք, երբ իրենք ստացել են գրասենյակի միջնորդություն, որը վերաբերել է անհապաղ քննության ենթակաների շարքին, բայց որում չի եղել դատարանի նախագահի համապատասխան մակագրությունը, օրինակ՝ դատավորին․ «Ուղղակի այն փաստի ուժով, որ տվյալ դատավորը, տվյալ օրը հերթապահ է, գրասենյակի աշխատակիցը համապատասխան գրանցումները կատարելուց հետո այս նորմի ուժով միանգամից տա հերթապահ դատավորին միջնորդությունը, կրկնում եմ՝ առանց դատարանի նախագահի համապատասխան մակագրության»։
Վկան նշեց, որ նման դեպք չի հիշում։
Մանրամասները՝ տեսանյութում։