Ճիշտ կլինի՝ դատական իշխանությունը ինձ նման կադրին չկորցնի․ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի «վերջին խոսքը»՝ դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում հուլիսի 4-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանը։ Իր խոսքում Ալեքսանյանը նշեց՝ թեև պաշտպանական թիմը դատավարության ողջ ընթացքում ներկայացրել է հիմնավորումներն ու փաստարկներն առ այն, որ մեղադրանքը որևէ առնչություն չունի իր՝ որպես դատավորի գործունեության հետ, սակայն եզրափակիչ խոսքով նա անդրադարձ կատարեց բոլոր դրվագներին։

Պնդեց՝ իր նկատմամբ իրականացված ողջ իրավական գործընթացը արդարադատության խախտմամբ է տեղի ունեցել․ «Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ սանձազերծված ապօրինությունների մեկնարկը տրվել է ԱԱԾ օպերատիվ աշխատակցի կողմից կազմված իրականությանը չհամապատասխանող, ստահոդ, կեղծ զեկուցագրով, որի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իբր ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես, զբաղեցնելով դատավորի պաշտոնը, իմ վարույթում գտնվող տարբեր դատական գործերով քննությամբ դեռևս չպարզված անձանցից պարբերաբար պահանջում և ստանում եմ խոշոր չափերով՝ 2 միլիոնից 5 միլիոն դրամ գումար կաշառք: Ես հասկանում եմ՝ այս թեմայից արդեն հոգնել եք, ձանձրացել եք, բոլորս ենք հոգնել, բայց ամենինչ հենց այստեղից է սկսում»։

Նա իր նկատմամբ իրականացված իրավական ողջ պրոցեսը ապօրինի է որակում, նշում՝ այս դատավարության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր կողմերում պրոֆեսիոնալ իրավաբաններ են․

«Գիտե՞ք՝ ինչն է վիրավորական, ամենայն հարգանքով ենթադրյալ հանցավոր հակումներ ունեցող բոլոր անձանց նկատմամբ, որևէ մեկի հնարավորություններն ու մտավոր ունակությունները չեմ թերագնահատում, բայց ախր ես Ձեզ համար ո՛չ ապօրինի սահմանահատ եմ, ո՛չ թմրանյութ իրացնող եմ, ոչ էլ կողոպուտով կասկածյալ:

Այս պարագայում խոսքը դատավորի մասին է, բա դատավոր եք ուզում դատել, իսկապես կարծում եք, որ այս բազայով հաջողություն կգրանցե՞ք, վերջիվերջո գործով մեղադրյալները պրոֆեսիոնալ իրավաբաններ են, կարելի է չէ փոքր-ինչ զգուշավոր, ուշադիր ու աչալուրջ լինել»։

Իր ելույթում Արուսյակ Ալեքսանյանն անդրադարձավ նաև այն դրվագին, որ իր եղբայրը՝ Ռուստամ Ալեքսանյանը, մտերիմ հարաբերություններ է պահպանել քրեական ենթամշակույթ կրող տարբեր անձանց, այդ թվում՝ «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի հետ, ում արգելանքից ազատելու համար էլ Ռուստամ Ալեքսանյանը դիմել էր քրոջը՝ Արուսյակ Ալեքսանյանին։

«Սա քննչական դեպարտամենտի և դատախազության անելանելիության հերթական դրսևորումն է, էլի քննությունը խեղճացել է, էլի դիմել են օպերատիվ բլոկի վառ երևակայությանը։ Նախ ցույց տվեք վարույթի ընթացքում ձեռք բերված որևէ տվյալ այն մասին, որ իմ եղբայր Ռուստամ Ալեքսանյանը մտերիմ հարաբերություններ է պահպանում քրեական ենթամշակույթ կրող տարբեր անձանց հետ, առավել ևս՝ «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի հետ։ Կամ ցույց տվեք մի տվյալ, որ Ռուստամ Ալեքսանյանն ինձ դիմել է Սերգեյ Գրիգորյանին ազատ արձակելու խնդրանքով: Նման տվյալ գոյություն չունի»։

Արուսյակ Ալեքսանյանը անդրադարձավ նաև իր և հարազատների մասնակցությամբ դատարանում հանրային մեղադրողի կողմից հրապարակված գաղտնալսումներին՝ պնդելով, որ նախագահող դատավորը չպետք է թույլ տար կին դատավորի անձնական բնույթի զրույցները դռնբաց դատական նիստում հրապարակվեին։

«Այդքան լուրջ ռեսուրսներ են ծախսվել, ավելի ճիշտ վատնվել, որ վերջում դատախազությունը դեմքի շատ լուրջ արտահայտությամբ դատարանում ներկայացնի, թե Արուսյակ Ալեքսանյանը ում հետ ինչ է «գզե՞լ», կարևորը պարզվեց, որ նապաստակ ենք գզել։ Կամ էլ էդքան պետական ռեսուրս եք մսխել, որ անպայման ներկայացնեք Արուսյակ Ալեքսանյանի բառամթերքի բազմաշերտ լինելը, տեսեք Արուսյակ Ալեքսանյանը մեկին դիմեց  «գազան» եզրույթով, էդ մյուսն էլ ի պատասխան արձագանքեց «մեռնեմ ջանիդ», էն մյուսին էլ անվանեց ոչխար, մյուսին՝ անասուն, էդ անասուն ու ոչխար ասելով էլ ծանր հետևանք առաջացրեց»։

Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու դրվագի առնչությամբ Ալեքսանյանը հետևյալը նշեց․ «Իմ որոշման արդարացիությունը գնահատելու համար բավական է հետևած լինել իմ կողմից կայացված որոշմանը հաջորդող իրադարձություններին: Իսկ իմ կողմից ազատ արձակվելուց հետո ի՞նչ է արել Սերգեյ Գրիգորյանը՝ փախուստի է դիմել՝ ոչ, վարույթի է խոչընդոտել՝ ոչ, նոր հանցանք է կատարե՞լ՝ կրկին ոչ, բա ի՞նչ է արել՝ իրավահպատակ վարքագիծ է դրսևորել, ինչը ևս փաստում է իմ որոշման արդարացիությունը։

․․Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու իմ որոշումը ոչ միայն ակնհայտ անարդար դատական ակտ չէ, այլ աշխարհի ամենաարդար դատական ակտն է»։

Արուսյակ Ալեքսանյանը իր ելույթում հայտնեց՝ որևէ վկա ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում չի ասել որևէ բառ, որ կարող էր վկայել իր կողմից քրեորեն հետապնդելի արարք կատարելու մասին․ «Այսինքն՝ ոչ ոք իմ դեմ ցուցմունք չի տվել, նույնիսկ՝ այս սցենարի գլխավոր դերակատար Պողոսյան Գագիկը»։

«Այսպիսի խոսույթ էլ կա, ասում են՝ Դոլմազյանը էդքան քեզ պահել է, ազատազրկել է, հո վերջում չի արդարացնելու, պարզ է, որ վերջում մեղադրական վերդիկտ է կայացնելու: Պատվարժա՛ն դատարան, խնդրում եմ հիասթափեցրեք նման համոզմունք հայտնողներին, առաջնորդվեք բացառապես օրենքով, իրականացրեք իրական արդարադատություն, իսկ իրական արդարդատությունն այն է, որ այս գործով անցնող բոլոր մեղադրյալները պետք է արդարացվեն»,-ամփոփեց խոսքը Արուսյակ Ալեքսանյանը։

Այս նիստով Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը վերացվեցին, իսկ գրավ խափանման միջոցը կշարունակի գործել։

Եզրափակիչ ելույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև հանրային մեղադրողը՝ մեկ անգամ ևս պնդելով, որ իրականացված ՕՀՄ-ների արդյունքում ձեռք բերված ապացույցները թույլատրելի են, ու ըստ նրա՝ վերացական հայտարարություններով հնարավոր չէ քողարկել իրավասու մարմնի գործողությունների օրինականությունը և օրինաչափությունը։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել