«Կալանքի թագուհի Արուսյակ Ալեքսանյանն ա․ մեր տանն ենք հավաքվում՝ նապաստակ գզելու»․ դատարանում գաղտնալսումներ հրապարակվեցին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը միջնորդեց հետազոտել ապացույցներ, որոնց մեջ ներառված են մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի, նրա մայրիկի և մի քանի այլ անձանց հեռախոսային խոսակցությունների մասով վերաբերելի հատվածները։

Նա նշեց, որ վերդիկտ կայացնելիս այդ ապացույցների հետազոտումը էական նշանակություն կարող է ունենալ, քանի որ զննության արձանագրության մեջ նշված փաստական տվյալները վերաբերելի են  դատարանում հետազոտված բոլոր ապացույցների թույլատրելիությանը՝ կապված ապացույցները ձեռք բերող սուբյեկտի պատշաճության հետ։

Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը հայտնեց, որ նշված միջնորդությունը բավարարելու դեպքում իրենք ևս միջնորդելու են անցնել դռնփակության ռեժիմի՝ հաշվի առնելով, որ այդ տվյալների մեջ առկա են Արուսյակ Ալեքսանյանի մասնավոր, անձնական բնույթի խոսակցություններ։ Այս առումով վերջինս հիշատակեց Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ և 168-րդ հոդվածի 3-րդ մասերը։

Նախագահող դատավորը հստակեցրեց, որ մեղադրողի կողմից հրապարակվելու են միայն վերաբերելի հատվածները և ոչ թե ամբողջ արձանագրությունը։ Դատավորի հարցին, թե ինչո՞ւ է պաշտպանության կողմը ենթադրում, որ մեղադրողի կողմից ներկայացվելիք արձանագրությունը պարունակելու է այնպիսի տեղեկություններ, որոնք հիմք կհանդիսանան դռնփակ դատական նիստի անցնելու համար, պաշտպանն ասաց՝ իրենք տեղեկացված չեն, թե կոնկրետ որ մասն է հրապարակվելու, ու առհասարակ զննության արձանագրությունները պարունակում են անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված հարցեր։

Դատախազը հայտնեց, որ հրապարակման ենթակա հեռախոսային խոսակցությունները տեղի են ունեցել Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների և Արուսյակ Ալեքսանյանի միջև՝ վերջինիս կողմից կազմակերպվող միջոցառման հրավերի վերաբերյալ, ինչպես նաև հեռախոսային խոսակցություն՝ Ալեքսանյանի և իր մայրիկի հետ։ Նա ընդգծեց, որ անձնական բնույթի տեղեկատվություն առկա չէ։

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը նշեց, որ նախկինում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հրապարակվել են դռնփակ ռեժիմով, և այս դեպքում ևս նույն սկզբունքով պետք է առաջնորդվել։

Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանն այս հարցի վերաբերյալ հայտնեց հետևյալը․ «Այս խոսակցությունները Հակառուպցիոն կոմիտեի աշխատակիցների հետ կրում են զուտ մասնավոր, անձնական բնույթ, դրանք վերաբերում են մասնավոր միջոցառմանը, և թեկուզ մեր ընկերական խոսելաձևը, միմյանց դիմելաձևը, իմ և մորս խոսակցությունը միջոցառման վերաբերյալ, կարծում եմ՝ չպետք է դառնա հանրային քննարկման թեմա, ուստի՝ այստեղ ոչ միայն իմ մասնավոր կյանքն է քննարկվում, այլև այն անձանց, ովքեր ինձ հետ ունեցել են հեռախոսային խոսակցություններ»։

Պաշտպան Անդրանիկ Մանուկյանն ասաց՝ դատախազի միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ կոմիտեի աշխատակիցների ու Արուսյակ Ալեքսանյանի միջև ունեցած հարաբերությունները դեռևս իրավական փաստարկ չեն՝ հիմավորելու այն, որ Գլխավոր դատախազը ճիշտ է արել, երբ նախաձեռնված քրեական գործը թողել է ԱԱԾ դեպարտամենտի քննիչի վարույթում։

Քրեական օրենսգրքի իրավանորմից մի հատված մեջբերելով՝ Մանուկյանն ասաց՝ տվյալ քրեական վարույթի շրջանակներում Գլխավոր դատախազը պետք է համոզվեր, որ Արուսյակ Ալեքսանյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի ողջ անձնակազմի մտերմիկ հարաբերությունները բերել են նրան, որ քրեական վարույթը քննվում է «ոչ անաչառ»։

«Եթե Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների և Արուսյակ Ալեքսանյանի մտերմիկ կապը հիմք է ընդունվել մի ամբողջ կառույցին недоверие՝ անվստահություն հայտնելու համար, դա ևս հիմք է, որպեսզի Գլխավոր դատախազությունը անխտիր բողոքարկեր բոլոր այն դատական ակտերը, որոնցով Արուսյակ Ալեքսանյանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը»,-ասաց Մանուկյանը։

Միջնորդությունը դատարանի կողմից համարվեց փաստարկված, այն բավարարվեց, իսկ դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը մերժվեց՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ նշվել է, որ այդ տեղեկատվության մեջ չկան անձի մասնավոր անձեռնմխելիության բնույթի հարցեր։

Առաջին հրապարակվեց 2022 թվականի հուլիսի 18-ին Արուսյակ Ալեքսանյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 2-րդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանի միջև տեղի ունեցած խոսակցությունը։

Նշենք, որ բաժանորդի տվյալները դատախազը նշել է ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայէջի տեղեկատվության։

– Բարև Ձեզ։

– Բարև Ձեզ։

– Ձեզ կալանքի թագուհին ա անհանգստացնում։

– Բաց կապով ես զանգել, հիշեցնեմ։

– Հա, ոչինչ։ Լսի հլը, ապե՛ր, էդ միջնորդությունները մեկա ուշ ես ստանալու, որ վաղը տամ չի լինի՞։

– Շատ կլինի, ցավդ տանեմ, երբ ուզում ես, էդ վախտ էլ տուր, մենակ տուր։

– Լավ, ախպեր ջան, եղավ, վաղը օրվա առաջին կես կզանգեմ։

– Զանգե՞մ ես։

– Կարաս չզանգես, պատրաստ կլինի էլի։

– Եղավ, բայց ես քեզ բան էի խորհուրդ տվել, դու խի՞ չես հետևում։

– Չկա հետևելու, կալանքի թագուհի, միշտ ձեր խոնարհ ծառա Արուսյակ Ալեքսանյան։ Փակելու եմ սաղին, Կոստանդյա՛ն։

Հաջորդիվ հրապարկվեց Արուսյակ Ալեքսանյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության պետ Գարեգին Բեգլարյանի միջև հուլիսի 22-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը։

– Չի հասկացվում։

– Ի՞նչ կա։

– Չի հասկացվում, ցավդ տանեմ։

– Նորմալ, դու ասա, Բեգլարյան։

– Լավ ա՞ գործերդ։

– Լավ, լավ։

– Հարմար ա՞ տեղդ։

– Ըհն։

– Ընկեր, մի հատ WhatsApp-ով բան եմ է ուղարկել, նկար։

– Չի հասկացվում, բան չունեմ է, ինտերնետս ա տարած, չգիտեմ խի։

– Հա։

– Ոչ էլ վայֆայն ա բռնում, կարևոր բան ա՞։

– Հա, շատ։

– Ինչի՞ մասին ա։

– Որ բան լինի, կասեմ, սենց չեմ ուզում ասեմ։

– Հլը սպասի ուրիշ համարից զանգեմ քեզ։

– Հա, լավ։

Հեռախոսազրույցներից մեկով Արուսյակ Ալեքսանյանն իր մոր հետ խոսում է այն անձանց մասին, որոնց նախատեսում է հրավիրել իր կողմից կազմակերպվող միջացառմանը։ Տվյալ անձինք հանդիսանում են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները։

Դատախազը հրապարակեց Արուսյակ Ալեքսանյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական Հովհաննես Ենոքյանի միջև եղած հեռախոսազրույցը։

– Ալո՛։

– Բարև Ձեզ, պարո՛ն գեներալ։

– Բարև, բարև Արուսիկ ջան, հարգելի՛ դատարան ջան։

– Ո՞նց եք։

– Լավ, ցավդ տանեմ։

– Արդեն պատվարժան դատարան։

– Պատվարժա՛ն դատարան, ո՞նց եք, ցավդ տանեմ։

– Լա՛վ, լա՛վ, պարո՛ն Ենոքյան ջան, Դո՞ւք ոնց եք։

– Լա՛վ, լա՛վ, Արուսիկ ջան։

– Պարո՛ն Ենոքյան ջան, պարոն Խաչատրյանի հետ խոսեցի։

– Հա։

– Կիրակի օրը՝ ժամը 2-ին, մեր տանն ենք հավաքվում՝ նապաստակ գզելու։

– Հաա, եղա՛վ, ցավդ տանեմ, եղա՛վ Արուսիկ ջան։

– Եղա՛վ, պարո՛ն Ենոքյան ջան, անպայման կգաք։

– Անպայման, ես հիմա Բաթումիում եմ, էդ օրը, էդ ժամին կլինեմ ձեր տանը։

Ներկայացվեց նաև Արուսյակ Ալեքսանյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետ Էդգար Պողոսյանի միջև եղած հեռախոսային խոսակցությունը։

– Բարև Ձեզ, պարո՛ն Պողոսյան։

– Բարև Ձեզ։

– Էս կալանքի թագուհի Արուսյակ Ալեքսանյանն ա։

– Հա՛, հա՛։

– Ո՞նց եք։

– Լավ, դո՞ւ ոնց ես։

– Լավ, պարո՛ն Պողոսյան ջան։

– Պարո՛ն Պողոսյան, պետի հետ խոսեցի։ Կիրակի օրը՝ ժամը 2-ին, համեցեք մեր տուն։

– Հա։

– Ուղղակի։

– Մեծ սիրով, ցավդ տանեմ։

– Եղավ, եղավ, պարո՛ն Պողոսյան ջան։

Դատավորի հարցին, թե ինչով է հիմնավորվում, որ կայքից վերցված հեռախոսահամարը հենց նույն Պողոսյանին է պատկանում, դատախազն ասաց՝ նույնականացումը կատարվել է ոչ թե հասցեատիրոջ հաշվառման նույնականացման ձևով, այլ առաջին հերթին հիմք ընդունելով հեռախոսային խոսակցության բովանդակությունը, Հատուկ քննչական ծառայության, ապա նաև Հակակոռուպցիոն կոմիտեի հասանելի պաշտոնական կայքերի ուսումնասիրությունը, որով հիմնավորվում է՝ նշված անձը հանդիսանում է Էդգար Պողոսյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հեռախոսային խոսակցությունների մեջ կային նաև արձանագրություններ, որոնք վերաբերում էին Էրիկ Ալեքսանյանի կողմից Արուսյակ Ալեքսանյանի հայրիկին 200 դոլար փոխանցելուն։

Արուսյակ Ալեքսանյանն ապացույցների հետազոտումից հետո հանդես եկավ հայտարարությամբ։ Նա ասաց․ «Ես պնդում եմ իմ նախորդիվ ասած նախադասությունը։ Ինչ վերաբերում է պարոն Գևորգյանի այն հարցին, թե ես ընդունո՞ւմ եմ արդյոք, որ պարոն Բաբայանը հանդիսանում է Մուշեղ Բաբայանը կամ մնացած անձինք, ես Պողոսյան Արմենը չեմ, որ իմ ընկերներից, ծանոթներից, եղբայրներից հրաժարվեմ, այո՛, այդ անձինք հանդիսանում են այն անձինք, որոնց մասին բարձրաձայնեց Գևորգյան Արմենը։

Ինչ վերաբերում է Էրիկի տված 200 դոլարին։ Ես արդեն հոգնել եմ էս թեմայից, իմ համար շատ տհաճ է, բայց ստիպված եմ, վերջին անգամ եմ սրա մասին բարձրաձայնում։ Իմ մայրը հիվանդ է քաղցկեղ հիվանդությամբ, և էդ հիվանդության համար իմ բոլոր լավ ընկերները այդ թվում նաև Գլխավոր դատախազությունից շատ լավ ընկերները, այդ թվում նաև ԱԱԾ-ից, բազմաթիվ մարդիկ օգնել են։ Դա ներկայացնել որպես կաշառք, առնվազն, կներեք, անբարոյականություն է»։

«Քննչական կոմիտեում ես աշխատել եմ 3 տարի, գիտեք՝ ինչքան եմ հաց կերել, ինչքան միջոցառումների եմ մասնակցել, բա հիմա էդ պարագայում գլխավոր դատախազը գտնում ա, որ քննչական կոմիտեի քննիչները կարող են լինել անաչա՞ռ։

Սա դատավարություն ա՞, դատական նիստերի դահլիճ ա՞, թե՞ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի տաղավար ա, քիչ ա մնում ասեմ՝ Հրա՛չ ջան, ես կաշառակեր չեմ, չեմ էլ եղել, ինչքա՞ն կարելի ա»։

Նախագահող դատավորն ընդհատեց՝ զգուշացնելով, թե որտեղ են գտնվում, դատական նիստերի դահլիճը նման հաղորդումների հետ համեմատելը տեղին չէ, հակառակ դեպքում՝ կկիրառվի սանկցիա։

Մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը ևս դիրքորոշումը հայտնեց հետազոտված ապացույցի վերաբերյալ, նշեց, որ վերջին բովանդակության հրապարկման հետ կապված որևէ խնդիր չի տեսնում․ «Երբ գտնվում էի մեկուսարանում, իմ գերխնդիրը ազատության իրավունքի նվաճումը չէր, այլ ի սկզբանե իմ խնդիրը եղել է այն, որ բոլոր այն կեղծ լուրերը, որոնք տարածվում էին ի սկզբանե՝ Էրիկ Ալեքսանյանի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կաշառք տալու, այո, իմ գերխնդիրը եղել է այն, որպեսզի դա լինի ոչ միայն օբյեկտիվ իրականություն, այլ դա հասու դառնա հասարակությանը, որ կաշառք տալը որևէ աղերս չունի իրականության հետ և չի էլ կարող ունենալ»։

Դատախազը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով հետևյալը․ «Իր խոսքում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող իգական սեռի ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Արմեն Պողոսյանը հանդիսացել է իր գործընկերը, ապա վերջինս փորձում է ինչ-որ բացասական ֆոն ստեղծել, իրականում չեմ էլ ճանաչում Պողոսյան Արմենին, նույնկերպ կարող էր մեղադրյալը խոսել ցանկացած դատավորի մասին։ Նույն շենքում աշխատող դատավորը իր գործընկերոջն անվանարկելու պայմաններում իրեն բարոյական իրավունք է վերապահում խոսել պետական կառույցների մասնագիտական սոլիդարությունից, համերաշխությունից»։

Արմեն Գևորգյանը նշեց, որ դատավարության առաջին իսկ օրերից ասել է՝ սա այն եզակի դատավարություններից է, երբ բոլոր կողմերը պրոֆեսիոնալ իրավաբաններ են՝ սկսած մեղադրյալներից, ավարտած նիստը նախագահողից, և արձանագրեց, որ դատավարությունը առանձնանում է նաև իր եզակի անբացատրելիությամբ։

Դատախազը կոչ արեց պահպանել կոռեկտություն՝ զերծ մնալով անձնական որոշակի խնդիրներից և այլ հանգամանքներից։

Արուսյակ Ալեքսանյանն իր հերթին ասաց, որ ինքն Արմեն Պողոսյանին չի անվանարկել․ «Եթե ասում եմ Պողոսյան Արթուրի ազգականն ա, եղբայրն ա, դա անվանարկո՞ւմ ա կամ բացական տեսանկյունի՞ց եմ ես ներկայացնում, եթե դա Ձեր գնահատմամբ անվանարկում ա, Ձեր խնդիրն ա»։

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

 

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել