Արևմուտքի խնդիրը ոչ մի կերպ կապված չէ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հետ։ Այսօր` դեկտեմբերի 20-ին, ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի հայտնվելը և այնուհետև անհայտանալը այն երկրների թվից, որոնք սատարել են «Մագնիտսկու ցուցակը» ևս երեք տարով երկարաձգելու ԵՄ որոշումը։
«Նախնական տարբերակում Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվել են երրորդ երկրների ցանկում։ Սակայն, որոշ ժամանակ անց նրանք հրաշքով անհետացել են այնտեղից։ Իհարկե, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի այս հարցը ուղղել բրյուսելյան աճպարարներին, քանի որ սա իսկապես ինչ-որ կախարդանք է։ Ինչ վերաբերում է մեր գնահատականին, ապա Բրյուսելի բոլոր փորձերը՝ իր հակառուսական սահմանափակումներին միջազգային նորմերին համապատասխանության տեսք հաղորդելու՝ երրորդ երկրներին ներքաշելով իր պատժամիջոցների մեջ, դատարկ, ոչ կառուցողական, ապարդյուն զբաղմունք է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ, միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։
«Միակ նպատակն ու խնդիրը ոչ մի կերպ կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ տևական ճգնաժամի հետևանքների կարգավորման հետ։ Սա պարզապես ցանկություն է ևս մեկ անգամ ինչ-որ հակառուսական դիրք վերցնելու»,- հավելել է Զախարովան։