Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 7-ին, շարունակվեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի սկզբում նախկին վարչապետի եղբորորդու՝ Արսեն Աբրահամյանի և Կարինե Աբրահամյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդեց իր վստահորդների, ինչպես նաև «Լիգա» և «Շահարտ» ՍՊ ընկերություններին վերաբերող հայցապահանջների մասով գործի վարույթն առանձնացնել, առանձնացված մասով արագացված դատաքննություն կիրառել և հայցը մերժել։
Կողմը պնդում է՝ Հովիկ Աբրահամյանն Արսեն և Կարինե Աբրահամյաններին պատկանող գույքերի իրական սեփականատերը չի հանդիսանում․ «Իրավասու մարմնի այն պնդումը, որ Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է Կարինե Աբրահամյանին պատկանող գույքերի իրական շահառուն, չի հաստատվում»։
Նշենք, որ վերոնշյալը հիմնավորելու համար Գլխավոր դատախազությունը մի շարք հանգամանքներ է վկայակոչել, որոնցից է, օրինակ, երկրաբանական ուսումնասիրության զիջումը «Լիգա»-ից «Արգամիկ» ՍՊ ընկերությանը։ Նշված հանգամանքը, Վահագն Գրիգորյանի պնդմամբ, չունի որևէ իրավաբանական նշանակություն․ «Բացի այդ, լիցենզիայով նախատեսված աշխատանքները, ուսումնասիրությունները չեն իրականացվել»։
Գլխավոր դատախազությունը պարզել է նաև, որ նախկին վարչապետի որդին, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, փոխառություններ է տվել «Լիգա» և «Շահարտ» ընկերություններին, որոնք, Վահագն Գրիգորյանի խոսքով, վերադարձվել են։ 2013-ին նախկին քաղաքապետը շուրջ 650 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություն է տրամադրել «Լիգա»-ին, որը ընկերությունը պետք է վերադարձներ մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը, սակայն 2014-ին, 2015-ին, 2016-ին, 2017-ին, 2018-ին, 2019-ին, 2020-ին և 2021-ին ընկերության և Արգամ Աբրահամյանի միջև լրացուցիչ համաձայնագրեր, որոնցով գումարի վերադարձման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022-ի օգոստոսի 1-ը։
«2014-ին «Լիգա» ՍՊ ընկերությունը Արգամ Աբրահամյանին վերադարձրել է 30 հազար ԱՄՆ դոլար գումար և հավանաբար այս վճարումներն է նկատի ունեցել իրավասու մարմինը, երբ նշել է, որ «Լիգա» ՍՊԸ-ից Աբրահամյանների ընտանիքին մուտքագրվել է 30 հազար ԱՄՆ դոլար գումար։ Բացի այդ, 2014-ի ընթացքում «Լիգա» ՍՊԸ-ն վերադարձրել է 27 հազար 970 դոլար, 2015-ին՝ 136 հազար 530 դոլար, 25 հազար 450 դոլար, 2016-ին՝ 45 հազար 140 դոլար, 2017-ին՝ 128 հազար 340 դոլար, 2018-ին՝ 148 հազար 330 դոլար, 2019-ին՝ 97 հազար 800 դոլար, 2021-ին՝ 10 հազար 440 դոլար։ Այսինքն, 2021 թվականի դրությամբ ընկերությունն ամբողջությամբ մարել է պարտքը՝ Արգամ Աբրահամյանին վերադարձնելով ուղիղ այնքան գումար, որքան ստացել էր նրա կողմից»,-նշեց Վահագն Գրիգորյանը։
Արգամ Աբրահամյանը 150 հազար ԱՄՆ դոլար փոխառություն էլ «Շահարտ» ընկերությանն է տվել։ Այն ամբողջությամբ վերադարձվել է 2016-ին։ Փաստաբանը նշում է, որ որպես փոխառություն տրված գումարները չեն կարող համարվել ներդրումներ։
Նշվում է նաև, որ 2004-ի հունվարին Կարինե Աբրահամյանը ձեռք է բերել «Լիգա» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50 տոկոսը՝ 25 հազար դրամով։ 2007-ի հունիսին «Լիգա» ընկերությունում կատարել է 9 միլիոն 975 հազար դրամի չափով ներդրումը, սակայն մինչ այդ, 2007-ի ապրիլին ընկերությունից 10 միլիոն 350 հազար դրամ շահաբաժին։ 2015-ին Կարինե Աբրահամյանը ձեռք է բերել ընկերության մյուս 50 տոկոսը՝ 9 միլիոն 900 հազար դրամով, սակայն մինչ այդ 2008-ի մարտին 2012-ի ապրիլ «Լիգա»-ից ստացել է 248 միլիոն դրամի շահաբաժին։ 2009 թվականին Կարինե Աբրահամյանը որոշել է «Շահարտ» ընկերության 50 տոկոսը՝ 637 հազար դրամով ու 2010-ի ապրիլի 30-ին ընկերությունից ստացել է 30 միլիոն 9500 դրամ շահաբաժին։ 2010-ին նա ընկերությունում 11 միլիոն 363 հազար դրամի չափով ներդրում։ 2011-ի ապրիլից մինչև 2014-ի ապրիլ 274 միլիոն 523 հազար դրամի չափով շահաբաժին։ 2015-ին ապրիլին Կարինե Աբրահամյանը ձեռք է բերել ընկերության ևս 50 տոկոս բաժնեմասերը՝ 12 միլիոն դրամով։
Կարինե Աբրահամյանը 2016-ին ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում է կատարել՝ տրանսպորտային միջոցի տեսքով, որի շուկայական արժեքը 34 միլիոն դրամ է կազմել։ Նա այդ մեքենան նվիրատվության պայմանագրի հիման վրա է ձեռք բերել։
Վահագն Գրիգորյանը պնդում է, որ Կարինե Աբրահամյանի ներդրումները, բաժնեմասերի ձեռքբերումները հիմնավորվում են օրինական եկամուտներով։
«Հարուցված հայցի և այդ պայմաններում կիրառված արգելանքի պատճառով Կարինե Աբրահամյանը ներկայումս վնասներ է կրում։ Օրինակ՝ «Լիգա» ՍՊԸ-ն չի կարողանում իրականացնել իր բիզնես ծրագրերը, քանի որ անհրաժեշտ են վարկային միջոցների ներգրավում։ Գործընկեր բանկերը ներկայումս հրաժարվում են համագործակցությունից՝ կիրառված արգելանքների պատճառով՝ դա համարելով ռիսկային»,-նշեց նա։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը դատարանում հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը հարցումներ են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչպես նաև ՊԵԿ՝ պարզելու համար Արսեն և Կարինե Աբրահամյանների եկամուտները։ Ներկայացված նյութերում ներկայացվել են դատախազության ստացած հարցումների պատասխանները․ «Հայցադիմումում նշեց, թե կոնկրետ Կարինե Աբրահամյանի եկամուտները որքան են կազմում, կարծում եմ՝ էական չէ, քանի որ հենց Հովիկ Աբրահամյանն է հանդիսանում այս ընկերությունների իրական շահառուն․ Կարինե Աբրահամյանն ուներ այդ գումարը, թե չուներ, էական չէ»։
Դատախազը հայտնեց նաև, որ այս տեղեկությունները իրավասու մարմինը ցանկացել է պարզել նաև մինչդատական վարույթի շրջանակներում, համապատասխան գրություններ էին հասցեագրվել վերոնշյալ ընկերություններ, սակայն որևէ արձագանք չի եղել․ «Տարակուսելի է, թե ինչու են ընկերությունները հիմա որոշել ներկայացնել այս փաստաթղթերը, քանի որ դրանք մենք ավելի վաղ պահանջել էինք»։
Տիգրան Ենոքյանի խոսքով՝ դրանք պետք է լրացուցիչ ուսումնասիրվեն։ Անդրադառնալով երկրաբանական հետազոտություններ կատարելու լիցենզիան ստանալուն և այն «Արգամիկ» ՍՊ ընկերությանը փոխանցելու փաստին՝ հիշեցրեց, Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնն էր զբաղեցնում և վերահսկում էր նաև այդ ոլորտը․ «Մի քանի ապացույցների համադրությամբ ենք եկել այն եզրահանգման, որ այդ ընկերությունների իրական շահառուն հանդիսացել է Հովիկ Աբրահամյանը»։
Դատախազը նաև կասկածելի համարեց 25 հազար դրամով «Լիգա» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50 տոկոսի ձեռ բերումը և մոտ 3 տարի հետ շուրջ 10 միլիոն դրամի չափով շահաբաժին ստանալը․ «Կներեք, բայց ծիծաղելի է։ Պետք է ուսումնասիրենք և հասկանանք՝ ինչպես կարող է ունենալ 25 հազար դրամ և ստանալ 10 միլիոն 350 հազար դրամ շահաբաժին»։
Դատավորը խնդրեց որոշ արտահայտություններ կիրառելիս զգուշավոր լինել, որպեսզի դրանք չվիրավորեն դատավարության մասնակիցներին։
Տիգրան Ենոքյանը խնդրեց նաև ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը կարողանա ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և ներկայացնի իր դիրքորոշումը․ «Մեկ ամիսը բավարար կլինի»։
Դատավարության մասնակիցները կողմ էին դատախազին ժամանակ տրամադրելուն, անգամ ողջունեցին նրա՝ նյութերին խորությամբ ծանոթանալու և միանգամից դրա դեմ չառարկելու ցանկությունը։
Սակայն դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում Տիգրան Ենոքյանը պետք է ծանոթանար ներկայացված նյութերին և դիրքորոշում հայտներ։ Նիստը վերսկսվելուց հետո դատախազը առարկեց դրա դեմ։ Դատարանը մերժեց Վահագն Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունը և շարունակեց հայցադիմումի քննությունը։
Նշենք, որ նիստը տևել է մինչև աշխատանքային օրվա ավարտը՝ որոշ ընդմիջումներով։
Եվգենյա Համբարձումյան