Դատական օրենսգրքում անհրաժեշտ է նախատեսել կարգապահական վարույթի արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշումն արդյունավետորեն բողոքարկելու ընթացակարգ։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ հարցազրույցում նշել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ խոսելով դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների, դրանց կատարման մասին։
Ներկա կարգավորմամբ այն ԲԴԽ կայացրած որոշումը վերջնական է, թեև այդ վարույթի արդյունքում դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել: Ըստ Արշակ Վարդանյանի՝ անհրաժեշտ է նաև վերացնել նյութական և/կամ դատավարական իրավունքի թեկուզ կոպիտ խախտման համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
«Դատավորների անկախությունը նրանց սեփական շահերի համար տրված բացարձակ իրավասություն կամ արտոնություն չէ, այն բխում է իրավունքի գերակայության և այն անձանց շահերից, ովքեր փորձում են օգտվել արդարադատությունից և արդարադատություն են ակնկալում: Դատավորները պետք է ունենան դատական գործերով անաչառ որոշումներ ընդունելու, ընդգծում եմ, անսահմանափակ ազատություն՝ ելնելով իրենց խղճի թելադրանքից և փաստերի իրենց մեկնաբանությունից, ինչպես նաև պահպանելով գործող օրենքով սահմանված կանոնները: Դատարանի սխալներից պաշտպանված լինելու իրավունքը պետք է ամրագրվի բողոքարկման համակարգով»,-նշում է դատավորը:
Արշակ Վարդանյանը կարծում է, որ եթե դատավորի նկատմամբ վերջինիս կայացրած որոշումների համար կիրառվում են իրավական և կարգապահական պատժամիջոցներ, խախտվում են թե՛ դատական իշխանության անկախությունը, թե՛ լիազորությունների ժողովորդավարական հավասարակշռությունը․ «Բացի այդ, միջազգային հեղինակավոր կառույցները՝ Վենետիկի հանձնաժողովը, «Գրեկոն», ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, անդրադառանալով Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրներին, բազմիցս բարձրաձայնել են, որ անհրաժեշտ է վերանայել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու Արդարադատության նախարարի դերը, որն ենթակա է դադարեցման այն պահից, երբ Դատական օրենսգրքում նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նոր հանձնաժողովը (որում այլևս ընդգրկված են նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ), ապացուցի իր արդյունավետությունը»:
Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված էր, դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդում, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում և կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ։
Դատավոր Վարդանյանի խոսքով՝ կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է հետևողական և համակարգված աշխատանք, նախևառաջ՝ օրենսդրական մակարդակում՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում որոշակի փոփոխությունների և լրացումների կատարում, որոնք կամրապնդեն դատարանների և դատավորների անկախությունը պետական իշխանության այլ թևերի հնարավոր միջամտություններից, անշուշտ, եթե իշխանության այդ թևերն այդպիսի կամք և ցանկություն ունեն:
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ԲԴԽ-ում դատավոր անդամների ներկայացվածությունը կազմում է 50 տոկոս, թեև եվրոպական կառույցների առաջարկների համաձայն՝ դատավորների թիվն այդ մարմնում, առնվազն կարգապահական վարույթի քննության շրջանակներում, պետք է լիներ գերակշռող: Բացի այդ, դատավորը կարծում է, որ ԲԴԽ գիտնական-անդամներին սահմանադրական այդ մարմնում ընտրելու գործընթացում պետք է ապահովվեր ընդդիմադիր ուժերի զգալի աջակցությունը, այդ կերպ՝ ապահովելով հասարակության բազմաշերտ ներկայացվածության վերաբերյալ եվրոպական կառույցների ներկայացրած պայմանը, որը ևս անհրաժեշտ է ամրագրել օրենսդրորեն:
Արշակ Վարդանյանի խոսքով՝ կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարը ենթադրում է դատավորների՝ նրանց աշխատանքին համարժեք, հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող վարձատրության, պաշտոնավարման ավարտից հետո՝ նաև կենսաթոշակի տրամադրում, դատավորի և նրա ընտանիքի անդամների անվտանգության և սոցիալական ապահովության այլ երաշխիքների ապահովում:
«Անշուշտ, այն ենթադրում է նաև կոռուպցիոն բնույթի հանցանքներ ենթադրաբար կատարած դատավորներին քրեական, ինչպես նաև ներքին կամ արտաքին ազդեցությամբ, այդ թվում՝ իշխանության այլ թևերի ներկայացուցիչների, նրանց հովանու ներքո գործող անձանց հանձնարարությունները ենթադրաբար կատարող դատավորներին առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության ապահովում, ինչը կունենա ընդհանուր նախականխիչ ազդեցություն՝ հովանավորչության և կոռուպցիայի դեպքերը գոնե նվազեցնելու տեսանկյունով:
Հովանավորչության դեմ պայքարի կարևոր գործիքներից էր գործերի բաշխման և վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերի ձևավորման հատուկ համակարգչային ծրագրի ներդրումը, որն իրականացվել էր 2011 թվականին, որի գործունեությունը դադարեցվեց «անհաղթահարելի ուժի» ի հայտ գալու հանգամանքով՝ 2021 թվականի հուլիսին իրականացված դրա առգրավմամբ: Սա, կարծում եմ, որ աննախադեպ հարված էր դատարանների ներքին և արտաքին անկախության ու անաչառության սկզբունքին և առերևույթ կարող է բովանդակել նաև հովանավորչության և կոռուպցիոն ռիսկեր: Դրա վերաբերյալ տեսանելի ռիսկերի մասին մի խումբ դատավորներով 2021 թվականի դեկտեմբերին հանդես էինք եկել հրապարակային հայտարարությամբ՝ ԲԴԽ-ին որոշակի հարցադրումներ ուղղելով, որոնց միայն մի մասին 2022 թվականի հունվարի 10-ին տրված հրապարակային պատասխանով վերահաստատվեցին մեր հետևյալ մտավախությունները.
ԲԴԽ-ն նախապես տեղեկացված է եղել համակարգչային ծրագիրն առգրավելու և այդ կերպ՝ «անհաղթահարելի ուժի» իրավիճակի առաջացման մասին, սակայն այդ գործողությամբ առաջացող լրջագույն ռիսկին մեր համոզմամբ պատշաճ չի արձագանքել, քանի որ մինչև առգրավումների փաստացի իրականացումն առգրավման մասին իրազեկած քրեական հետապնդման մարմիններից չի պահանջել տվյալ հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկել համաչափ միջոցներ»,-նշում է դատավորը:
Բացի այդ, Արշակ Վարդանյանը նշում է, որ որևէ ջանք չի գործադրվել համակարգչային գիտելիքների տիրապետող որևէ մասնագետի պաշտոնական հարցում կատարելու կամ առնվազն նրա հետ խորհրդակցելու միջոցով պարզելու բացահայտման ենթակա հանգամանքները հատուկ համակարգչային ծրագրի գործողության փաստացի դադարեցմամբ չուղեկցող այլընտրանքային եղանակներով․ «Դատարանների և դատավորների անկախության երաշխավորող սահմանադրական մարմինը, չգիտես, թե ինչ տրամաբանությամբ, գործել է քրեական հետապնդման մարմիններին անվերապահորեն վստահելու կանխավարկածով, ինչը իշխանության մյուս թևերից, տվյալ դեպքում՝ քրեական հետապնդման մարմիններից դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու՝ ԲԴԽ-ի ցանկության և ունակության վերաբերյալ մեզ մոտ ողջամիտ կասկածներ է առաջացնում։ Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման հավասարաչափ և պատահական մակագրության կանոնների պահպանման կամ խախտման փաստերով ԲԴԽ-ն որևէ ուսումնասիրություն չի նախաձեռնել և նման մտադրություն չունի։
Ավելին, գործերի բաշխման այբբենական կարգի խախտման մասին պարբերաբար բարձրաձայնել էին նաև իրենց վստահորդների շահերը ներկայացնող փաստաբանները, որը ևս նման ուսումնասիրություն նախաձեռնելու պատճառ չէ:
Ռազմավարության գործողություններով նախատեսվում է, որ պետք է նաև հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն։
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք դատական իշխանությունը հանրության վստահությունն այժմ վայելու՞մ է, թե ոչ, դատավորը նշում է նաև, որ դատարաններ դիմած քաղաքացիների դիմումների և բողոքների տարեցտարի երկնիշ աճի արձանագրումը և դատարանների գերծանրաբեռնված վիճակը չեն վկայում դատարանների նկատմամբ ցածր վստահության, առավել ևս՝ վստահության բացակայության մասին, թեև խնդիրներ կան:
«Ավելին, շատ դեպքերում անձամբ եմ դիմել դատարան և դիմելու եմ դատարան, քանի որ այն խախտված իրավունքների վերականգնման ներպետական վերջին միջոցն է, և միաժամանակ բավականին արդյունավետ միջոց է: Կարծում եմ, որ վիճակն առավել ճշգրիտ կարտացոլեին վերոնշյալ անձանց շրջանակներում և հատկապես՝ փաստաբանների շրջանում անցկացվելիք հարցումները, թեև հետաքրքիր կլիներ ծանոթանալ նաև դատախազաքննչական ապարատի աշխատակիցների կարծիքին՝ դատարաններին և կոնկրետ դատավորներին վստահելու վերաբերյալ»,-նշել է նա:
Անդրադառնալով հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանը, որև ևս նախատեսված է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության գործողություններով, դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ օրենսդրական այդ փաթեթը դատարանների ծանրաբեռնվածության հարցն էապես չի լուծելու․ «Եթե չեմ սխալվում, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնց սպառիչ ցանկը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի Հավելված 6-ում, բոլոր հանցատեսակների մեջ կազմում են ոչ ավել քան 5 տոկոս։ Չեմ կարծում, որ պաշտոնական կեղծիք կամ կաշառք ստանալու գործերը քննելն ավելի բարդ է, քան օրինակ՝ հարևանների միջև ծագած, ՀՀ քրեական օրենսգրքի 117-118 հոդվածների հատկանիշներ պարունակող հանցագործության, խմբակային խուլիգա-նության, առավել ևս սպանության կամ բանդիտիզմի վերաբերյալ գործերը, հատկապես՝ գործող դատավորների համար, ովքեր ամենօրյա ռեժիմով քննել և քննում են նման գործեր, այլ կերպ՝ արդեն մասնագիտացած են այդ բնույթի գործեր քննելու հարցում:
Բացի այդ, անհասկանալի է նաև նորաստեղծ դատարանների դատավորներին մյուսների համեմատ ավելի բարձր վարձատրելու մոտեցումը, որը ենթադրաբար կատարվել է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով, որը, սակայն, հակասում է դատավորների մասնագիտացման չափանիշների վերաբերյալ եվրոպական կառույցների արտահայտած առաջարկներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդ)»։
Դատավորը հիշեցնում է, որ առաջին ատյանի դատարաններում առկա է դատավորների անմարդկային ծանրաբեռնվածություն, որն արագ լուծում է պահանջում, սակայն նախաձեռնված և իրականացվող օրենսդրական փոփոխություններով այդ հարցն ըստ էության չի լուծվել, դժվար էլ լուծվի․ «Վերաքննիչ քրեական դատարանում ևս առկա է որոշակի ծանրաբեռնվածություն, որն անհամեմատ նվազել է ի հաշիվ մինչդատական վարույթի վերաբերյալ բողոքներն այլ, մասնագիտացված 6 դատավորների մակագրվելու»: