Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ նպատակով նախատեսված է ընտրական օրենսդրության բարեփոխումը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումները բացառելու համար անհրաժեշտ գործուն մեխանիզմների ներդրումը մասամբ է կատարվել։
ԻՀԱ վերլուծության մեջ նշվում է, որ ընտրակաշառքի մասով՝ 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով նախատեսվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը լրացվել 6.1-ին մասով.
«6.1. Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Սույն հոդվածի իմաստով՝ կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։ Սույն հոդվածով սահմանված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու»։
Նախատեսվում էր վերացնել ընտրակաշառքի մասին հայտնելու՝ քրեական օրենսգրքի խրախուսող նորմով սահմանված եռօրյա ժամկետը՝ չսահմանափակելով պատասխանատվությունից ազատելու հիմքի կիրառումը կոնկրետ ժամկետում դիմելու պայմանով։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 6-րդ մասում նման փոփոխություն առկա չէ՝ կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Վերլուծություն նաև նշվում է, որ որպես ճնշում կարելի է դիտարկել ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության որևէ ձևի առկայությունը։ Դրա վերաբերյալ 58-րդ հոդվածի 3-րդ մասում լրացում է արվել, վերջնական պատկերը հետևյալն է՝ քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, և բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:
22.10.2021թ․ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է նյութ՝ ամփոփում՝ 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ներառյալ քարոզարշավի, քվեարկութան օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձաց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ:
Նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից՝ 67-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար: Այսինքն` ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսը:
ՀՀ դատախազությունը նշել է նաև, որ նախկին որևէ համապետական ընտրության ժամանակ երբևէ չի արձանագրվել նման թվով անձանց ընտակաշառք տալու, ստանալու և միջնորդության, դրանց առնչվող այլ հանցագործությունների բացահայտում, դրանց համար քրեական հետապնդման ենթարկելու և դատի տալու դեպք:
Վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծությունը, չնայած առկա մի շարք խնդիրներին, թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ մասամբ իրականացվել է ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումները բացառելու համար անհրաժեշտ մեխանիզմների ներդրման վերաբերյալ իրավակարգավորումները:
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։